«Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, խոսելով ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ի գործողությունների մասին՝ ասել էր. «Դա 3 օր հետո էր, այնպես, ինչպես Սումգայիթում էր, կարող եմ հետ գնալ՝ այնպես, ինչպես Ղարսը գրավելուց էր, 15 թվին ու այսպես շարունակ: Իրենք միշտ ուշանում են, բայց իրենք միշտ կանգնում են հաղթողի կողքին: Մեր այս հերոս տղաները որ չլինեին, իրենք մեր կողքին չէին կանգնի: Տեսան, որ մե՛նք ենք ուժեղը, մե՛նք ենք հաղթում, չուզեցին պարտվողի կողքին կանգնել, դա հին ռուսական սովորություն է»:
Այս առնչությամբ այսօր մենք ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին «Հայելի» ակումբում հարց ուղղեցինք, թե համաձայն չէ՞ Արամ Սարգսյանի հետ: Վաղարշակ Հարությունյանի պատասխանը կարճ էր՝ «Ես չէի ուզի իրեն պատասխանել, բայց ես կհիշեցնեմ իր ասածը: Ինքն ասել էր, որ շնորհիվ Վազգենի ու Գրաչովի ընկերական հարաբերությունների, մենք տարանք հաղթանակ: Վսյո՛, իրեն դա՛ ասեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































