Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլի Գյումրին, տեսեք ինչ տղեք են, է՜»․Աշխարհի երկու նոր չեմպիոններ Գյումրիից (Տեսանյութ)

Մայիս 23,2018 20:12

Ուկրաինայի Լուցկ քաղաքում, որտեղ անցկացվում էր ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը, գյումրեցի երկու մարզիկներ՝ Դավիթ Պետրոսյանը և նրա մարզիչը՝ Արթուր Ավետիսյանը, ոսկե և արծաթե մեդալներ նվաճեցին։ Ի դեպ, նրանք առաջին անգամ էին մասնակցում ուժային եռամարտի աշխարհի առաջնությանը։

Դավիթ Պետրոսյանը, որը Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանող է, նվաճել է երեք ոսկե մեդալ, որից մեկը նվաճել է որպես բացարձակ հաղթողի։ Նրա մարզիչը՝ Արթուր Ավետիսյանը, որը աշխարհի առաջնությանը մասնակցել է որոշակի առողջական խնդիրներով՝ ծնկի և մեջքի լուրջ վնասվածքներով, դարձել է փոխչեմպիոն։ Նա ենթասպա է, աշխատում է ՀՀ Զինված ուժերում, պարապում է աշխատանքից հետո, երեկոյան 20․00-ից։

Իրենց ֆինանսական միջոցներով աշխարհի առաջնությանը մասնակցող համեստ երկու չեմպիոններին այսօր հյուրընկալել էր Սամվել Բալասանյանը։ Գյումրու քաղաքապետն ասաց, որ ինքը, պատահաբար իմանալով գյումրեցիների չեմպիոն դառնալու մասին, վերոհիշյալ սպորտաձևի մասին էլ շատ մեծ պատկերացում չունենալով, խնդրել է քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանին անպայման գտնել երկու երիտասարդներին ու հրավիրել իր մոտ՝ քաղաքի անունից շնորհակալություն հայտնելու։

«Ինչ դուրս գա, Գյումրից դուրս կգա»,- բարձր տրամադրությամբ, ծիծաղելով ասաց քաղաքապետը՝ խնդրելով նաև պատկերացում տալ, թե դա ինչ սպորտաձև է։ Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց, որ ընդամենը մեկ տարի է պարապում այս սպորտաձևով։

Նշենք, որ Դավիթը 2017 թվականին մասնակցել է Բալթյան երկրների եռամարտի առաջնությանը, որտեղ ևս ճանաչվել է բացարձակ չեմպիոն։

«Մեկը պառկած դիրք է, մեկը ձգում է, մյուսն էլ ուսերին դրած է։ Ես 150 կիլոգրամ ելել եմ պառկած դիրքից, տեղում-պոկումից էլ 190 կիլոգրամ»,- ասաց Դավիթը։ Սամվել Բալասանյանն արձագանքեց․ «Բեր թևդ նայեմ, էլի, ինչ տղա է, հալալ էղնի։ Ապրեք, ապրեք, էլի գյումրեցիները, էս ինչ լավ-լավ տղեք ունինք, այ մարդ»։

Սամվել Բալասանյանը նաև հետաքրքրվեց, թե երիտասարդները որտե՞ղ են պարապում։Նրանք ասացին, որ 8-րդ զինվորական թաղամասի սպորտդահլիճում, որտեղ մարզում են նաև Գյումրու թիմին, որպեսզի մասնակցեն Հայաստանի առաջնությանը։ Ի դեպ, Գյումրու թիմը ստեղծվել է 2017 թվականին։

Գյումրու քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանը միջամտելով, ասաց․ «Ճանապարհածախսը ֆեդերացիան չի հոգացել, իրենք վարկով, բանով գնացել են քաղաքի պատիվը բարձր պահել»։

Սամվել Բալասանյանը մի պահ վատ զգաց այս տեղեկությունը լսելով։ Նա ասաց․ «Ուրախացել ենք, որ նման սպորտաձև կա ու ունենք աշխարհի չեմպիոն, սրանից մեծ ուրախություն որն է։ Որ ասում եմ Գյումրին սպորտային մայրաքաղաք է ու սպորտի նախարարությունը պիտի տեղափոխվի այստեղ, միանշանակ է։ Դահլիճ չունեն, էս մարդիկ իրենց գումարներով գնացել, եկել, մեդալները բերել-դրել են, կսեն՝ քաղաքապետ տես, էլ ինչ ես ուզում»։

Սամվել Բալասանյանը տնտեսագիտական համալսարանում սովորող Դավիթ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ո՞ր կուրսում է, լավ տնտեսագետ դառնալո՞ւ է։ Նա ասաց, որ լավ է սովորում ու շուտով ավարտական աշխատանքն է պաշտպանելու։

Սամվել Բալասանյանը նրանց «Նարեկ» նվիրեց, ասելով՝ թող ձեզ պահպան լինի։

Գյումրու քաղաքապետը նաև խոստացավ ինչով հնարավոր է աջակցել, որպեսզի նրանք Բաթումիում մասնակցեն Եվրոպայի առաջնությանը և նորից մեդալներով հետ գան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031