Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն այսօր պետնախարարի պաշտոնում վերջին անգամ հրավիրել էր մամուլի ասուլիս` ներկայացնելու իր հրաժարականի պատճառները:
«Հանրության շրջանում կա ձևավորված տրամադրություն` երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: Վերջին մի քանի ամիսներին, մանավանդ հայաստանյան վերջին իրադարձություններից հետո, Արցախի ժողովրդի շրջանում ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ,- ասաց Ա. Հարությունյանը:
Նա նշեց, որ իր հրաժարականը կապված չէ ցուցարարների պահանջների հետ: Վերջին մեկ ամսվա ընթացքում նախագահի հետ քննարկվել է, թե ինչպիսի բարեփոխումներ է պետք իրականացնել, որը քաղաքացիական հասարակարգի զարգացման ճանապարհով թույլ կտա վստահություն ներշնչել հանրությանը:
«Ես հայտարարել եմ, որ այն ինչ պատրաստվում է անել նախագահը, ցուցարարների բարձրացված պահանջը դրա մի փոքր մասն է կազմում: Անհրաժեշտ են կադրային լուրջ փոփոխություններ, որը պլանավորել է երկրի նախագահը: Եվ այսօր մենք` հրաժարականի դիմում ներկայացնողներս օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել դրանք: Ոչ մեկս աթոռից կառչած չենք և պատրաստ ենք ծառայել մեր ժողովրդին` անկախ զբաղեցրած պաշտոնից»:
Ա. Հարությունյանն ընդգծեց, որ ղեկավարելով «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որն այսօր ամենամեծ խմբակցությունն ունի խորհրդարանում, նպաստելու է նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին և իրականացնելու է շատ ակտիվ քաղաքական գործունեություն:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ


















































