Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չէին սպասում»․ Շիրակի փոխմարզպետի գաղտնի այցը վատ դրության մեջ է դրել Ղազանչիի դպրոցի հանձնաժողովականներին

Հունիս 26,2018 18:02

Շիրակի նորանշանակ փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը քիչ առաջ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելով կրթական ոլորտի խնդիրներից։

Նա տեղեկացրեց, որ արդեն հանդիպում է ունեցել մարզի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ տնօրենների հետ, քննարկել են առկա խնդիրները ու որոշել համագործակցության միջոցով վերացնել մարդկային գործոնի ազդեցությամբ ստեղծված պրոբլեմները։ Ըստ Շիրակի փոխմարզպետի, կրթությունն ու առողջապահությունն այն ոլորտները չեն, որտեղ կարելի է կոռուպցիայով զբաղվել․ այստեղ թիրախը մարդն է, երկրում իրադրություն է փոխվել, պետք է գիտակցեն ու վերջ դնեն կենսակերպ դարձրած վնասակար սովորույթներին։

Փոխմարզպետը նախազգուշացրեց՝ եթե օրինակ՝ որևէ մեկը կհայտարարի, թե վերևներից են գումար, մաղարիչ ուզում դպրոցում աշխատանքի ընդունելու համար, անմիջապես դիմեն իրենց, քանի որ վերևներում այլևս գումարի չեն սպասում։ Սոֆյա Հովսեփյանի ասելով, որևէ մեկը թող չփորձի շահարկել վերևների անունը, քանի որ նման բան չկա, և իրենք նման դեպքերում շատ խիստ են վարվելու։

Բանախոսը թվարկեց նաև դպրոցի տնօրենների հետ քննարկած խնդիրները։

«Այն երևույթները, որոնք կան կրթական համակարգում և կրթության մեջ, բացառել և տալ կրթությանը իր հեղինակությունը մաքրելու իրավունքն և հնարավորությունը։ Տնօրենները կարծես թե ինձ հետ համակարծիք էին, որովհետև Շիրակի մարզը ոչ միայն տնտեսապես է խոցելի, այլև այսօր նաև կրթության առումով է խոցելի ամբողջ հանրապետության մեջ։ Խնդիրները մասնավորապես վերաբերում էին դպրոցներում ուսուցիչների ներգրավմանը, այսինքն՝ մրցույթները կարծես երկրորդային բնույթ էին կրում և պարտադիր պայման էր դպրոցներում, որ մրցույթին մասնակցող ուսուցիչը վճարի, նոր անցնի մրցույթը։ Խոսել ենք այս երևույթի բացառման մասին։ Երկրորդը՝ տնօրենների մրցույթի բացարձակ թափանցիկ և օբյեկտիվ կազմակերպմանն էր վերաբերում։ Երրորդը՝ ներառական կրթության կազմակերպման վերանայմանը, որովհետև Շիրակի մարզն ամենաուշն էր հանրապետությունում ներառական կրթություն իրականացնող մարզերից, սակայն ամենաշատ խնդիրները կարծես թե առաջացրել են ներառական կրթություն իրականացնելու ֆինանսավորման առումով , որովհետև յուրաքանչյուր երրորդ երեխա ներառվեց։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ ներառական կրթությունը բերում է մեծ ֆինանսավորում դպրոցում և այստեղ տեղի ունեցավ հետևյալը․ գտնել ամենահեշտ լուծելի ճանապարհը, որպեսզի դպրոցը ֆինանսավորվի՝ երեխային թիրախավորելով և տանելով մի ծրագրի մեջ, որի կարիքը երեխան, քավ լիցի, իրականում չունի»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Փոխմարզպետը տնօրեններին տեղեկացրել է, որ հետևողական պետք է լինի յուրաքանչյուր մրցույթի անցկացմանը և ընդհանրապես յուրաքանչյուր գործողությանը։

Այս հանդիպումից հետո իր խոսքին հավատարիմ մնալով՝ Շիրակի փոխմարզպետն անցել է գործի։ Երեկ նա ուղղակի անակնկալի է բերել Ղազանչի գյուղի դպրոցի մրցության անցկացնող հանձնաժողովին՝ գաղտնի այցելելով ու որպես դիտորդ՝ հետևելով այնտեղ պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի ընթացքին։

Սոֆյա Հովսեփյանը պատմեց, որ ինքը խնդրել էր մարզպետարանի կրթության վարչության պետին չտեղեկացնել Ղազանչիի դպրոց իր այցի մասին։

«Իրենք կազմակերպել էին ուսուցչի ընտրություն, այսպես ասած քննություն, որի մեջ բացարձակ օբյեկտիվությունը պահպանված չէր։ Չէին սպասում հավանաբար, որ ես կարող է իմ խոստմանը, երդմանը հավատարիմ՝ հայտնվեմ ամբողջ ընթացքում, հետևեմ քննության ընթացքը և հետո նաև թույլ չտամ ոչ օբյեկտիվ կերպով ընտրություն կատարվի, քանի որ իրենց հարևանի աղջիկն էր․․․ Ասեմ, որ մրցույթի հենց առաջին փուլը ոչ օբյեկտիվ էր անցել, մասնակիցներից մեկի դիմում-բողոքի համաձայն՝ մրցույթը լուծարվել էր։

Այս մասին լսելուց անմիջապես հետո ես հենց երեկ ներկայացա կրթության վարչության մասնագետներից մեկի հետ և մասնակցեցինք մրցույթի գրեթե ողջ ընթացքին։ Հասանք ընդամենը 20 րոպե ուշ, երբ որ մրցույթի երկու մասնակիցներն էլ նստած արդեն գրում էին։ Գրավորի արդյունքները երկուսինն էլ հավասարազոր էին, բացարձակ բոլոր հարցերում պատասխանները կային։ Երկրորդը բանավոր խոսքն էր, բանավորում նույնպես երկուսն էլ շատ պատրաստված մասնագետներ էին։ Ընտրությունը դրված էր հենց հանձնաժողովի վրա, և քանի որ տեսնում էինք երկու հավասար կարողություններ ցույց տված անձինք, ապա բնական է, որ ընտրությունը պետք է լիներ հավասար, և արդեն ընտրությունը հաջորդիվ դրվեր տնօրենի և մարզպետարանի համապատասխան աշխատակցի վրա։ Իհարկե, հանձնաժողովն այդպիսի ընտրություն չարեց, այն մարդը, որը որ իրենց համագյուղացին էր, իրենց բարեկամն էր, կամ ծանոթն էր, չեմ կարող գնահատել, ստացավ բացարձակ 10 միավորներ, և բոլորը կողմ էին։ Մյուս մասնակիցը, որը մասնակցում էր այլ համայնքից, իրենց գնահատմամբ՝ հեռվից է գալիս, ստացավ 10 միավոր դեմ, 8 միավոր, 9 միավոր և բոլորը դեմ։ Ընդամենը կար մեկ կողմ և հայտարարվեց, որ ընտրության արդյունքում ընտրվեց այս մասնագետը։ Իհարկե, ես դա չէի կարող թույլ տալ, որովհետև սկզբունքորեն ինձ համար շատ անարդար էր։ Կային մի քանի հանգամանքներ, որոնք ստիպեցին, և եթե տնօրենն այս ամենի հետ ի սկզբանե հաշվի նստած լիներ, նա անմիջապես պետք է քննարկման չենթարկեր և մյուս աղջիկը պիտի անցներ։ Այն, որ այս աղջիկն ուներ կարմիր դիպլոմ և՛ բակալավրում, և՛ մագիստրատուրայում, իսկ մյուսը մասնակիցը միայն բակալավր, ընդ որում միայն հեռակա ուսուցում և այս ամենը հաշվի չի առնվել։

Միանգամից մենք հարցի լուծումը տվեցինք ինքներս և հորդորեցինք օբյեկտիվ գնահատում արվի, քանի որ երկուսն էլ հավասարազոր հանձնել են քննությունները, ապա գտնեն հավասար լուծումներ։ Սեպտեմբեր ամսից արդեն ճանաչենք իրենց գիտելիքները և կարողությունները հենց իրենց մասնագիտական ոլորտում, նոր վերջնական որոշումը կայացնենք, թե որ մասնագետը կլինի դպրոցում։ Այս ամենն արվեց՝ ի շահ երեխայի և ոչ թե ի շահ դպրոցի հանձնաժողովի, որոնք որ կամ խոստացել էին, կամ ծանոթ-բարեկամի կոչով որոշել էին ընտրություն կատարել»։

Փոխմարզպետն ասաց, որ մրցույթն անցած երկու անձանց միջև ժամերը հավասար ժամաքանակով կբաժանվի, սեպտեմբերից մասնագետներ կհրավիրվեն, հնարավոր է և Երևանից, կկազմակերպեն դասալսումներ և կորոշվի, թե երկու մասնագետներից որո՞նք են ի վիճակի հետաքրքիր դաս անցկացնել, կազմակերպել կրթական պրոցեսը, որո՞նք են տիրապետում մասնագիտական հմտություններին։ Նա ասաց, որ ընդամենը 15 ժամ կա այդ համայնքի դպրոցում, որը կարող են տրամադրել, կիսելու դեպքում քիչ կլինի ու նպատակահարմար չէ երկու մասնագետ պահել։

Սոֆյա Հովսեփյանը նախազգուշացրեց, որ մասնակցելու է բոլոր մրցույթներին և հորդորեց այս նախադեպը ընդունել ի գիտություն, օբյեկտիվ մրցույթներ անցկացնել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gyulizar says:

    Ախջիկ ջան,քեզի հեչ մարդ չէր սպասե Շիրակի մարզպետարանում:Ախր շատ անկազմակերպ եք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930