Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահայտ ռեժիսորներ Արոնոֆսկին, Զայդլը, Բեյքերն ու Ռոզին Հայաստան կգան

Հունիս 29,2018 16:03

Հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հաշված օրեր են մնացել, փառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը:

Փառատոնի բացման առիթով կայացած ասուլիսում կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, փառատոնի հատուկ ծրագրերի համակարգող Վահագն Խաչատրյանը, ցուցահանդեսների համադրող Թերեզա Դավթյանը եւ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը որոշ «փակագծեր» բացեցին: Տեղեկացրին, որ փառատոնի բացման եւ փակման արարողությունները կկայանան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հարգանքի տուրք կմատուցվի Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին եւ Արա Վահունուն: Րաֆֆի Մովսիսյանը հայտնեց, որ Շարլ Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն նրանց աստղերը:

 Մանրամասները` տեսանյութում

Հրանտ Մովսիսյանի խոսքով, կինոփառատոնը Երեւանն ավելի գեղեցիկ է դարձնում. «15 տարի է անցել, եւ շատ մեծ գործ է արվել «Ոսկե ծիրանում»: Կինոյի մարդիկ Հայաստանում հանդիպել են կինոյի բազմաթիվ աստղերի հետ, դիտել լավագույն ֆիլմերը: Շնորհակալություն Հարություն Խաչատրյանին եւ բոլոր այն մարդկանց, որոնք կարողացել են 15 տարի շարունակ այսքան գործ անել, որովհետեւ շատ դժվար է փառատոն կազմակերպելը»:

Հրանտ Մովսիսյանը տեղեկացրեց, որ փառատոնի առիթով «կփակվի» Ֆրանսիայի հրապարակի մի մասը, բացմանը կլինի ավանդական կարմիր գորգը, փառատոնն էլ կսկսվի հուլիսի 8-ին, երեկոյան ժամը 20-ին: «Ուզում ենք այնքան լավ կազմակերպել, որ ֆուտբոլասերներն էլ գան մեր փառատոնին»,- ասաց ռեժիսորը:

Մանրամասները` տեսանյութում

«Մտնելով Ֆիլհարմոնիայի դահլիճ, կմտնեք կինոյի աշխարհ, որտեղ կլինի մեծ էկրան, կարգախոսների մի շարան եւ անպայման երաժշտական մաս: Լինելու է «Հովեր» երգչախումբը, որը «Կինո» անունով հատուկ համար է պատրաստել: Ժողովրդին ներս է բերելու «Գողթ» խումբը, դահլիճում կլինեն երկու դաշնակահար, փառատոնը կվարեն Վիգեն Չալդրանյանը եւ Հասմիկ Պապյանը, մյուս կեսը կվարեն այսօր կինոյի աշխարհ նոր-նոր ոտք դնող երեխաները»,-հավելեց Հրանտ Մովսիսյանը:

Մանրամասները` տեսանյութում

Տեղեկացրեց, որ բացման հատվածում օգտագործվելու է դեբյուտային ֆիլմերի շարք, խոսքը մեծ ռեժիսորների առաջին գործերին է վերաբերում, փառատոնի փակումը նույնպես երաժշտական համարներով է լինելու ու կինոյոտ, սակայն ռեժիսորը որոշեց ինտրիգը պահել:

Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ այս անգամ բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան ներկա գտնվել բացման եւ փակման արարողություններին, իրենք էլ կփորձեն առավելագույնս մեծացնել հանդիսատեսի ընդգրկվածությունը: Տեղեկացրեց, որ փառատոնը կունենա հետաքրքիր ծրագրեր, այդ թվում՝ ցուցահանդեսներ, որոնք ամփոփելու են փառատոնի «կենսագրությունը»:

Հոբելյանական «Ոսկե ծիրանն» էլ բացառիկ հյուրեր կունենա, որոնց թվում են` կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ուլրիխ Զայդլը, Շոն Բեյքերը, Ջանֆրանկո Ռոզին: Րաֆֆի Մովսիսյանը հայտնեց, որ Ռոզին նաեւ վարպետության դասընթաց կանցկացնի:

Մանրամասները` տեսանյութում

Վահագն Խաչատրյանը նշեց, որ փառատոնի շրջանակում տեղի կունենան մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրում ընդգրկված ֆիլմերի ազդագրերի ցուցահանդես, «Ոսկե ծիրանի» պատմությունը ներկայացնող եւ փառատոնի շրջանակում ցուցադրված ֆիլմերի պաստառների ցուցահանդես, ինչպես նաեւ «Փխրուն» խորագրով խմբակային միջազգային ժամանակակից արվեստի ցուցահանդես: Վերջինս իրենից ներկայացնում է վիդեոարտ, ինստալյացիա, փերֆորմանս:

«Մենք որոշեցինք, որ շատ կարեւոր է վիդեոարտի լեզվով խոսել Հայաստանում եւ ամբողջ աշխարհում տեղի ունեցող մարտահրավերների մասին: Մոտ 30 արտիստ կմասնակցի` Չինաստանից մինչեւ ԱՄՆ, Իսպանիայից, Նորվեգիայից եւ այլ երկրներից: Աշխարհում փառատոներն ընդլայնում են իրենց սահմանագծերը, եւ վիդեոարտը դառնում է փառատոնային մաս»,-նշեց «Ոսկե ծիրանի» հատուկ ծրագրերի պատասխանատու Վահագն Խաչատրյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930