Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն իրեն ռուս-օսմանյան ճակատագրից դուրս է դնում

Հուլիս 10,2018 22:00

Հանրահայտ ռուս քաղաքագետ եւ հրապարակախոս Լիլյա Շեւցովան, վերլուծելով ռուսական քաղաքական վերնախավի վիճակը եւ գործողությունները, զուգահեռներ է տանում  Օսմանյան կայսրության հետ։ Նա մեջբերում է բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբիին. «Օթոմանյան համակարգն ընկավ, քանզի արհամարհեց մարդկային բնույթը։ Առաջին ճաքը եղավ այն ժամանակ, երբ փադիշահի մերձավորները ցանկացան կրկնել իրենց ճակատագիրը հանձինս իրենց երեխաների,- ապա հավելում:- «Մանրամասնեմ. օսմանյան կայսրությանը մահացու հարված հասցրին նրա հավատարիմ «շները»՝ ենիչերիները, երբ ունեցվածքի եւ առեւտրի համն ընկավ բերանները։ Եվ հետեւաբար՝ հարստանալու, ինչը սկսեց շեղել նրանց իշխանության եւ պետության պաշտպանությունից։ Իմիջիայլոց, նույն իսկ պատճառով ընկավ նաեւ հզոր Սպարտան։ Ռեպրեսիվ ապարատի, իշխանության եւ սեփականության միաձուլումը դարձավ մահացու շատ քաղաքակրթությունների համար։ Ռուսաստանն այսօր նմանատիպ մարտահրավերի առջեւ է»։

Տիկին Շեւցովան եզրափակում է. «Կրեմլը, բետոնապատելով իշխանության մատույցները, մոռանում է, որ բետոնը ստիպված են լինելու պայթեցնել։ Իսկ պայթյունը կարող է կտորների վերածել ոչ միայն իշխանական կառույցը, այլեւ պետությունը։ Ռուսաստանում սկիզբ առած՝ կառավարող վերնախավի զավակների ձեռքը պետական ռեսուրսների անցման գործընթացը խոսում է այն մասին, որ նա ընտրել է իր ճակատագիրը։ Ըստ ամենայնի, նա չի կարող այլ կերպ վարվել։ Իսկ դա արդեն ախտորոշում է եւ սեփական դատավճիռ՝ ինքն իրեն»։

Բազմաթիվ են գնահատականները, որ Պուտինի ֆիզիկական կամ քաղաքական չգոյությամբ խնդիրը կդառնա ոչ թե այն, թե ինչ է լինելու ռուսական իշխանության հետ, այլ այն, թե ինչ է լինելու ռուսական պետության հետ։

Որոշ արեւմտյան փորձագետներ նույնպես ապագա չեն տեսնում ռուսական պետությանը ներկայիս սահմաններում եւ ներկայիս ձեւով՝ մատնանշելով նրա այլ թուլությունը։ Մասնավորապես, բրիտանացի գրող եւ քաղաքագետ Էդվարդ Լուկասը բազմաթիվ զուգահեռներ  է տեսնում  ներկայիս Ռուսաստանի եւ Ավստրո-Հունգարական կայսրության միջեւ՝ նշելով, որ չափազանց բազմազան պետությունը բռնի կերպով ունիֆիկացնելով՝ չափազանց իշխանասեր կայսր Ֆրանց-Յոզեֆի նման՝ Պուտինը նույնպես չի մտածում երկրի ապագայի մասին:

Նշենք, սակայն, որ Հաբսբուրգների համար այդպես էլ անհասանելի մնաց անխնա եւ անիմաստ գողության այն մակարդակը, որին հեշտությամբ հասան արիստոկրատիզմից եւ ասպետականությունից կիլոմետրերով հեռու չեկիստական կաստայի աչքածակ լյումպենները․․․

Ռուսների ճակատագիրը թողնենք ռուսներին՝ լինի այն «օսմանյան», թե «ավստրո-հունգարական», եւ դժվար է դրանում չտեսնել էկզիստենցիալ մարտահրավեր Հայաստանի եւ հայերի համար։

Հայկական «ավանդական» քաղաքական միտքը շարունակում է համարել, որ «մեր ռազմավարական դաշնակիցը», որքան էլ որ արժեքային ու ֆունկցիոնալ առումներով գնալով էլ ավելի է նմանվում Միջնադարի մոնղոլներին, այնուամենայնիվ՝ «մեզ պաշտպանելու է», «կատարելու է դաշնակցային պարտավորությունները», քանզի «մենք պայմանագիր ունենք», իսկ «ռուսական զորքերի ներկայությունը երաշխավորում է մեր անվտանգությունը»։ Նույնիսկ ԱՄՆ հայկական շրջանակները, որոնք ընդունված է կոչել «հայկական լոբբի», ներքուստ կիսում են այս «ավանդական» մոտեցումները։

Այս չափազանց ծանր բեռը մնալով կախված հայ քաղաքական մտքի պարանոցին՝ այնուամենայնիվ, չխոչընդոտեց, որպեսզի մեր ներքին բնազդը մեզ չդավաճանի։ «Մեր ռազմավարական դաշնակցի» բարքերով ներծծված եւ դրանց՝ Ադրբեջանի կոմկուս-կոմսոմոլի «մոդիֆիկացիան» որպես «կենսափորձ» համարող հայկական «էլիտան» հետեւողականորեն կրկնում էր նույն քայլերը։ Հայաստանում նույնպես սերտաճել էին իշխանությունը, սեփականությունը եւ ռեպրեսիվ ապարատը, իսկ 2008-ի մարտի 1-ին մենք տեսանք, որ ոչ մի խոչընդոտի առաջ չի կանգնի այդ սերտաճումների պահապան ենիչերին՝ ներքին զորքերը, կրիմինալ բանդաները եւ Ադրբեջանի նախկին պարտկոմի կողմից «կազմակերպված» պետության ստեղծած եւ զինված «մոբիլ խմբերը»՝ համաձայն 0038 գաղտնի հրամանի։

Հայաստանին փրկեց երկու բան՝ նավթ չունեինք եւ քաղաքականապես միատարր պետություն ենք։ Եվ, կրկնենք, մեր «ավանդական» քաղաքական մտքի ծանր բեռը պարանոցից կախված թողնելով՝ այնուամենայնիվ, մեր բնազդը մեզ չդավաճանեց։ Հայաստանի թավշյա հեղափոխությունը դուրս դրեց հայ ժողովրդին Ռուսաստանի «օսմանյան» ճակատագրից՝ անարյուն, ոչ բռնի՝ փաստի առաջ կանգնեցնելով բոլոր հակառակորդներին՝ ներսում, թե դրսում։

Քանի՞ «զամմինիստր» կամ քաղաքապետ, կամ այլ պաշտոնյա «զավակ» հրաժարական տվեց կամ շուտով կտա, քանի՞ մարզ, քաղաք, գյուղ վերածվել էին ժառանգական կալվածքի՝ իր ամենազազրելի դրսեւորումներով՝ նկատե՞լ եք, հաշվե՞լ եք։ Սերտաճած սեփականություն-իշխանությունը զավակներին փոխանցելու գործընթացը Հայաստանում ստանում էր անդառնալի բնույթ, իսկ արտագաղթը դառնում էր զանգվածային՝ ուղղակի թաղելով պետությունը։

Անվիճելի է, որ այն, ինչ արվում է այսօր նոր իշխանության, իրավապահ մարմինների կողմից՝ վիրաբուժական եղանակով եւ բացառապես օրենքի հիման վրա, բացահայտելով, մաքրելով-քերելով եւ վարակազերծելով ողջ համակարգային այլանդակությունը, ունի ուղղակի կենսական կարեւորություն եւ պատմական նշանակություն մեր պետականության համար։ Սա մեր անվտանգության ներքին՝ պարտադիր բաղադրիչն է։ Սակայն հարցը բաց է մնում մեր անվտանգության արտաքին բաղադրիչի մասով։

Դուրս դնելով մեզ Ռուսաստանի «օսմանյան» ճակատագրից՝ առայժմ բաց է մնում արտաքին բաղադրիչը. ի՞նչ ենք անելու Պուտինի չգոյությունից հետո, չէ՞ որ Պուտինը հավերժ չէ, ո՞րն է մեր «պլան Բ»-ն։ Ակնհայտ է, որ դրանք այն քայլերն են, որոնք պահանջվելու են, երբ Պուտինն այլեւս չլինի՝ լինի դա քաղաքականապես, թե ֆիզիկապես։

Հասկանալի է, որ մի ամբողջ տասնամյակ անցնելուց հետո Արեւմուտքը զարմանալիորեն այդպես էլ չի կարողանում իրեն թույլ տալ իրերը կոչել իրենց անուններով, եւ ֆորս-մաժորների պարագայում ուղղակի պարտադրված գործ է ունենալու կատարված փաստերի հետ, այնպես, ինչպես ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում։ Չպետք է բացառել, որ Արեւմուտքը շատերին նույնիսկ հորդորելու է «չխաթարել կայունությունը», «օգնել ռուս բարեփոխականներին», որոնք այդ ժամանակ ի հայտ կգան եւ կներկայանան որպես այդպիսին։

Դժվար չէ պատկերացնել, որ ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը, որն անխուսափելի է, կլինի շատ ավելի «կեղտոտ» եւ վտանգավոր, ինչպես նաեւ արյունալի, քան առաջինը, եթե արտաքին ուժերի գործուն ազդեցությամբ այն չուղեկցվի։ Սակայն, բոլոր դեպքերում, այդ սպառնալիքն ավելի մեծ չէ, քան ներկայիս Ռուսաստանը՝ ներկայիս սահմաններում, ինչի վրա ազդելն արդեն մեր կարողությունների սահմանից անդին է։ Սակայն մեր պարտքն է պատրաստվել «հետխորհրդային» ժամանակաշրջանի ավարտին եւ օր առաջ պատրաստ լինել «հետռուսական» դարաշրջանին, ուր մտնել կարելի է միայն առանց մեր եւ սերունդների պարանոցից կախ տված «ավանդական» քարերի։

Թրամփի բանաձեւը՝ America First, ուղղակիորեն պրոյեկցվում է հայկական իրողությունների վրա եւ հայկական քաղաքական մտքին թելադրում նույն մոտեցումը՝ «Հայաստանն՝ առաջին հերթին», Armenia First, քանզի պայմանականորեն վաղը նույնիսկ մեր արցունքը մաքրող չի լինելու։ Մենք մերժել ենք «օսմանյան» ճակատագիրը, մեր կախվածությունը դրանից եւ կապվածությունը դրան, այժմ ժամանակն է հետագա քայլերը հաշվարկելու, ինտելեկտուալ եւ ինստիտուցիոնալ առումներով պատրաստվելու նրան, որ այսօրվա «նեոօսմանյան» Ռուսաստանի հայությանը զերծ պահել նոր արյունաթողությունից, իսկ փրկվածներին՝ ուծացումից։ Ռուսաստանի հայության հիմնական զանգվածը դեռ չի ընկալում, որ այնտեղ ապագա չունի, ապագան միայն Մեծ հայրենադարձությունն է՝ դեպի Հայաստան եւ Արցախ։ Օր առա՛ջ։ Իսկ դա առաջին հերթին մե՛ր ազգային անվտանգության հարցն է։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.07.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031