Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանն այլեւս այն չէ, ինչ ձեզ թվում էր, «դաշնակիցնե՛ր»

Հուլիս 24,2018 22:00

Եվ «դուռաչոկ միացնելն» այլեւս անիմաստ է,
«այստեղ ձեզ համար այնտեղը չէ՛»

Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպն ի ցույց դրեց մինչհեղափոխական քսանամյակում ձեւավորված հայ-ռուսական հարաբերությունների «դարավոր բարեկամության» ողջ աննորմալության փայլը եւ թշվառությունը։

Պատկերացնենք երկու հիպոթետիկ, բայց սիմետրիկ, միեւնույն ժամանակ՝ երկրորդի դեպքում ոչ այնքան անհավանական իրավիճակ։

Ասենք, Գյումրիում տեղակայված Հայկական բանակի գնդերից մեկի հետախուզական գումարտակն օրը ցերեկով մտնում է ռուս զինծառայողների ընտանիքների ռազմավանը նույն Գյումրիում եւ բնակելի շենքերի հարեւանությամբ անցկացնում է «կրակոցների եւ պայթյունների իմիտացիա», որից հետո հայկական գնդի հրամանատարը հայտարարում է, որ «ոչինչ չի եղել», ոչ մի կրակոց, ոչ մի պայթյուն չի եղել, եղել է «միայն իմիտացիա», եւ ասում է, որ «մենք, դե, մի քիչ սխալվել ենք, բայց ոչինչ, թեթեւ խորացեք» եւ այլն։ Կամ, ասենք, մամուլը հաղորդում է, որ հայ եւ ուկրաինացի ՏՏ մասնագետների համատեղ ջանքերով ավարտին է հասցվել նոր՝ հայ-ուկրաինական հարվածային ԱԹՍ-ի արտադրության նախագիծը, եւ արտադրանքը զանգվածաբար կհամալրի ուկրաինական բանակի սպառազինությունը։ Իսկ, ասենք, Հայաստանում գործող հայ-լեհական գործարանը նոր հանդերձանք է արտադրելու եւ մեծ խմբաքանակներով մատակարարելու է վրացական բանակին։ Պատկերացրեցի՞ք։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ ոռնոց է բարձրանալու ռուսական «անկախ» հեռուստաալիքներով եւ կայքերով, «անկախ» քաղաքագետների եւ Յուլիուս Շտրայխերի եւ Յոզեֆ Գեբելսի հոգեզավակ «փորձագետների» կողմից, ինչ «քննարկումներ» են սկսվելու, այդ թվում՝ «կնոջ եւ սիրուհու» թեմաներով, ինչ աղբ է լցվելու էկրաններից Հայաստանի, հայերի եւ հայկական իշխանությունների հասցեին, այդ թվում՝ Միգրանյան-Կուրգինյան-Սիմոնյան «հայկական» շրջանակների կողմից, թե ինչ «սեպեր են խրում դարավոր բարեկամության մեջ» հայերը։
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո եւ Փանիկում ռուսական միջադեպի փաստով պարզ դարձավ, որ հայ-ռուսական հարաբերություններն այլեւս առաջվանը չեն կարող մնալ որակի առումով։ Իհարկե, բարեբախտաբար, այս անգամ փամփուշտները մարտական չէին, եւ կիրակի օրը Փանիկում կայացած՝ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ Հայաստանի պաշտպանության նախարարի մասնակցությամբ փակ հանդիպումը թույլ տվեց սպառել միջադեպը, սակայն բազմաթիվ հարցեր մնում են բաց, եւ մենք դեռ գործընթացի սկզբում ենք։ Նաեւ պարզ է, որ դա լինելու է բավականին ծանր գործընթաց, գլխավորապես ռուսների համար, ծանր՝ հոգեբանական առումով, շա՜տ ծանր, որովհետեւ այդ գործընթացով հայ-ռուսական հարաբերությունները պիտի բերվեն, չե՛ն կարող չբերվել հորիզոնական հարթություն, քանզի դա Հայաստանի համար ուղղակի գոյաբանական կարեւորության խնդիր է։
Այդ հոգեբանական բարդույթները եւ բարդություններն ի հայտ եկան անցյալ շաբաթ Երեւանում կայացած փորձագիտական քննարկման ընթացքում, երբ Ռուսաստանից ժամանած փորձագետներից ոմանք, այդ թվում՝ Երեւան հաճախ այցելող մի «համեստ դոցենտ», «տնավարի» փորձում էին հայկական լսարանի համար լիկբեզ անցկացնել՝ «ինչու է Ռուսաստանն Ալիեւին զենք վաճառել եւ լավ է արել», «պետք է հասկանալ Ռուսաստանի շահերը», «ՆԱՏՕ-ն ձեզ համար այլընտրանք չէ», «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուն դեմ չենք, բայց խանդ կա», «Դուգինը կարեւոր չէ, կարեւորը Պուտինն է» եւ համանման այլ թեմաներով։ Չնայած, իհարկե, հայ մասնակիցները ոչ ամբողջական, բայց պատասխանը տվեցին, այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ «նստվածքը մնաց»։

Ռուսական կողմում առանց կարմրելու «մոռացության» են մատնում կամ «չեն հասկանում» այն իրողությունը, որ խաղաղությունը տարածաշրջանում վտանգում է ոչ թե Հայաստանը եւ Արցախը, այլ Ադրբեջանը, եւ ներկայիս ստատուս քվոն ձեւավորվել է մի պատերազմի ընթացքում, որը Ադրբեջանն է սանձազերծել, քանզի «եղբայրական» Ռուսաստանից վեց անգամ ավելի զենք էր ստացել, իսկ գեներալ Շամանովն էլ իրենց պատվերով հարձակվեց Շահումյանի եւ Մարտակերտի վրա, եւ հայերի ջանքերով եւ արյամբ Ադրբեջանը չհասա՛վ իր նպատակին։ Իսկ հիմա Բաքուն ասում է. հայե՛ր, կա՛մ մեզ կվերադարձնեք այն, ինչ մենք կորցրել ենք մեր իսկ սանձազերծած պատերազմում, եւ կհանձնվեք մեր ողորմածությանը, կա՛մ մենք կրկին պատերազմ կսանձազերծենք։ Եվ այս անմեղսունակ կեցվածքը կդառնար անհնարին, եթե «մեր դարավոր բարեկամ», տարածաշրջանի խաղաղությամբ «սաստիկ մտահոգված» Ռուսաստանն Ադրբեջանի հարձակողական ներուժն 90 տոկոսով չապահովեր։

Իհարկե, իմաստ չունի նրանց բացատրել, թե դա «չի բխում բարեկամության եւ դաշնային հարաբերությունների ոգուց» եւ այլն, որովհետեւ այնպես չէ, որ ռուսներն «անհասկացող են»։ Նրանք ամեն ինչ էլ շատ արագ հասկանում են, քաղաքագետներն էլ, «համեստ դոցենտներն» էլ, Դուգինն էլ, Պուտինն էլ, երբ դա բխում է նրանց պատկերացրած շահերից, իսկ եթե չի բխում, ապա «դուռաչոկ միացնելով», «սխալ հասկանալով», աղմուկ-աղաղակով, զրպարտելով, «դավաճանության» մեջ մեղադրելով, «բռնեք ինձ, ես աննորմալ եմ» ներկայացում խաղալով՝ ամենաթունավոր պրոպագանդայի թիրախի կվերածեն եւ դեմագոգիայով կփորձեն մեզ նույնիսկ ապացուցել, թե՝ «ավելի լավ է ռուսները զինեն Բաքվին, քան Անկարան կամ ՆԱՏՕ-ն», մանավանդ, երբ նույն բանը կրկնելու համար պատրաստ, ըստ Լենինի՝ «օգտակար ապուշներ» Հայաստանում էլ եղել են եւ դեռ կան եւ նույնիսկ՝ տարիներով զբաղեցնում էին, ասենք, ԱԳ նախարարի պաշտոն կամ առանց կարմրելու շարունակում են պաշտոնավարել որպես «ժուչոկ»՝ տարբեր գերատեսչությունների աշխատակազմերում՝ ԱԳՆ, Ազգային անվտանգության խորհուրդ եւ այլն։ Ի՞նչ է, ռուսները հե՞տ են կանգնել «Պուտինի դոկտրինից», թե՞ «ռուսկի միռ»-ից, թե՞ Պուտինն այլեւս կարծում է, որ ԽՍՀՄ փլուզումը ոչ թե «20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետն էր», այլ հայ ժողովրդի մեծագույն շանսը՝ վերակերտելու պետականությունը։ Ո՛չ, Մոսկվայում ոչինչ էլ չի փոխվել, Երեւանո՛ւմ է փոխվել։

Իսկ մեր շահն այն չէ, որ տեղի-անտեղի հույս տանք եւ խաբենք թե ռուսներին, թե՛ ինքներս մեզ, որ «Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է… քանզի դարավոր… պատմական… եղբայրական ժողովուրդներ…»։ Սկսելով վերջից՝ բոլոր մարդիկ են եղբայրներ, անկախ նրանից, թե որ ժողովրդին են պատկանում, եւ հենց դա է բխում մեր 1700-ամյա քրիստոնեական մշակույթից, այլ ոչ թե հորդա-բոլշեւիկյան կլիշեները, որոնք կոչված են քողարկելու երկակի բարոյականությունը։ Եվ հետո, քաղաքականությունը դրա մասին չէ, այլ շահերի մասին է, եւ ցանկալի է, բայց ոչ պարտադիր, որ այդ շահերը լինեն փոխադարձ։ Մյուս կողմից՝ ռուսական քաղաքագիտական եւ քաղաքականացված հանրության ընկալումներում Հայաստանը մնում է եւ դեռ երկար մնալու է «ա կուդա վի բեզ նաս դենետես» պարադիգմի մեջ, ինչը կապ չունի իրականության հետ։ Իսկ կապ չունի, որովհետեւ ռուսները սովորել են, որ Հայաստանում իրենց համար ամեն ինչ լայն իմաստով անվճար է, մինչդեռ նույնիսկ իրենց երկրում իրենց համար ոչինչ էլ անվճար չէ։ Իսկ վճարի մասով առաջին անգամ Հայաստանի ղեկավարը պարզ հայերենով բացատրեց։ Կարող ենք ռուսների համար թարգմանել նաեւ ռուսերեն։ Սա այն ողորմելի մլավոցը չէր, որին քսան տարի մեզ ուզում էին ընտելացնել տարբեր մակարդակի քաղաքական թյուրիմացությունները, այլ քաշվեց հստակ կարմիր գիծ. ինչպես ձեր փայփայած մազութի տակառը մինչեւ ատամները զինել եք որպես «բիզնես», այնպես էլ բարի եղեք ապահովել տարածաշրջանում խաղաղության երաշխիքներ եւ Ադրբեջանի լկտիության սանձահարում, եւ դրա համար դուք ունեք բոլոր լծակները, դրանք գործածելու բոլոր ձեւերն էլ գիտեք, կամ մենք կանենք մեր՝ դրանից բխող հետեւությունները։

«Այո, ես համոզված եմ եւ վստահ եմ, բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Ես ասում եմ՝ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Ես չեմ կարող հավատալ նույնիսկ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որեւէ գործողության, սադրանքի առանց աշխարհաքաղաքական այդպիսի նախապայմանների առկայության»,- հայտարարեց ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը՝ «ձեռքի հետ» ակնարկով մատնանշելով, որ Մոսկվան առնվազն թերացել է՝ թույլ տալով քառօրյա ապրիլյան պատերազմը, եթե ոչ՝ ուղղակի կամ անուղղակի դրդել։
Սա շատ կարեւոր միտում է, եւ ուղղակի անհնարին է չտեսնել, որ այլեւս Երեւանը տրամադրված է իրերը կոչել իրենց անուններով, որքան էլ դա խռովի ռուսական քաղաքական դասի դյուրագրգիռ հոգին, եւ ամենեւին էլ կարիքը չկա որպես ծանր խոսակցության նախաբան կամ վերջաբան այն անիմաստ մանտրան կրկնելու, թե՝ «Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է…»։ Ոչինչ էլ «պետք չէ», եթե դրա տակ հայկական կողմը չունի նույնքան օգուտ, որքան ռուսականը, գործողությունների նույնքան ազատության աստիճան, որքան ռուսականը։ Եվ ժամանակն է պարզ խոսելու, թե ով ինչ է մտածում եւ ուզում։ Հայաստանն ունի ի՛ր շահերը, Ռուսաստանը՝ ի՛ր, եւ շատ քիչ եւ կոնկրետ հարցերում է, որ այդ շահերը համընկնում են, ժամանակն է խիստ մատչելի ձեւով բացատրելու, որ Հայաստանն այլեւս այն չէ, ինչ ձեզ թվում էր, «դաշնակիցնե՛ր», եւ «դուռաչոկ միացնելն» այլեւս անիմաստ է, սա Հայաստանն է, եւ, ինչպես ասում են՝ «այստեղ ձեզ համար այնտեղը չէ՛»։
Հայաստանն այլեւս ազատ է եւ պետք է ապահովի իր ազատությունը՝ առաջնորդվելու պետականության շահերով, դիվերսիֆիկացնելու իր քաղաքականությունը բոլոր ուղղություններով՝ առանց Մոսկվայի «տրամադրության» մասին ավելորդ հոգ տանելու։ Իսկ Մոսկվան պետք է սովորի ապրել դրա հետ եւ թեթեւ տանել։ Եվ այստեղ դո՛ւք եք, որ «նիկուդա նե դենետես»։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

24.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Достаточно прочесть первую фразу и понимаешь что это очередной русофобский опус Меграбяна.

    • Меграбян, ни тот ли <> армянин и <> политолог. Русские уже с турками якшаются, С-400 продают, а завтра если нападут на Армению? Что делать? Опять уповать на милость России? Ведь у нее свои интересы. Захочет поможет, а захочет не поможет. Нам надо, свой ВПК наладить, особенно в тех отраслях, где мы традиционно сильны. Не забывайте, что при СССР в Армении была космическая промышленность и исследовательские институты. То есть, нам прежде всего необходимо развивать микроэлектронику, нанотехнологию. А для этого, прежде всего необходима мобилизация все интеллектуальные, материально-финансовые ресурсы Армении и Спюрка, впустить Новую экономическую политику, основу которойсоставляет следующее- в стратегических, повторюсь в стратегических, отраслях хозяйствования, ВПК прежде всего, а также недры, государство должно быть хозяйствующим субьектом, чтобы не только за счет налогов и пошлин рос бюджет, но и на счет прибыли. А если имеешь бабки, то оружие можно покупать и в других производителях, а не так как сейчас, сначала клянчить у России, дайте, пожалуйста кредиты, а потом, дайте пожалуйста оружие. А из каких средств будем заплатить? Если Россия в своих интересах, может расторгнуть договоренности о продаже вооружения, то наверное, надо вернуться, или искать лазейки в соглашениях, договорах, заключенные с российскими компаниями об использовании недра на предмет национализации. Иного пути нет.
      Иначе, еще долго будут совать нос в наши внутренние дела.

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/24/971869/?replytocom=1182591#respond

      © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից,

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031