Լրահոս
Օրվա լրահոսը

Կդառնա՞ արդյոք ինքնավնասման և ինքնասպանության խնդիրը հրամայական նոր Հայաստանում

Հուլիս 29,2018 15:36

Ինքնասպանության 38 դեպք անցած 10 տարիների ընթացքում, ինքնավնասման 2250 դեպք՝ 2014-2017 թվականների ընթացքում, ինքնավնասման 250 դեպք ընդամենը երկու դատապարտյալի կողմից 2016 թվականին, քրեական ենթամշակույթ, վարչակազմի խտրական վերաբերմունք. շարք, որը կարելի է շարունակել ու շարունակել։

Ովքե՞ր են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում(ՔԿՀ-ներում) ինքնավնասումներ անող և ինքնասպանություններ գործող անձինք, որո՞նք են պատճառները, ինչպիսի՞ կանխարգելման մեխանիզմներ կան, որքանո՞վ են արդյունավետ դրանք: Հարցեր, որոնք, կարծես թե, մշտապես բարձրաձայնվում են, սակայն անպատասխան են մնում:

Փորձենք վերլուծել իրավիճակը, արձանագրել փաստերը՝ ստեղծելով հետագա գնահատման որոշակի հենակետ:

  • Մասնավորապես ներքին օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային չափանիշները, որպես ինքնասպանության/ինքավնասման կանխարգելման մեխանիզմ կարևորում են հոգեբանների աշխատանքը։

Մեզ մոտ 700 բանտարկյալ ունեցող «Արմավիր» և մոտ 800 բանտարկյալ ունեցող «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում 3-ական հաստիքագրված հոգեբան է, «Գորիս» ՔԿՀ-ում հոգեբան չկա առհասարակ, մյուս ՔԿՀ-ներում հաստիքագրված է մեկական հոգեբան։ Նման համալրվածության պայմաններում դժվար է ակնկալել հոգեբանական աշխատանքի արդյունավետություն:

Բավարար չէ կադրերի ոչ միայն քանակական համալրվածությունը, այլ նաև մասնագիտական որակավորումը: Արձանագրված մահվան ելքով ինքավնասման դեպքերը, դեպքերի տարեց տարի աճը, հիմք են տալիս ենթադրելու, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կա′մ չեն կարողանում ճիշտ գնահատել ինքնավնասման հետևանքները և վտանգը, կա′մ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում կանխելու այդ հետևանքները:

  • Միջազգային չափանիշները, ի թիվս այլնի, ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման համատեքստում կարևորում են վարչակազմի և ազատությունից զրկված անձանց միջև վստահության, աջակցության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը:

Հայաստանի հիմնարկներում վարչակազմը խրախուսում է քրեական ենթամշակույթը, պիտակավորում է դատապարտյալներին, նսեմացնող դիմումաձևերով է դիմում որոշակի խմբի ներկայացուցիչներին:

Բացի այդ, ինչը, մեր կարծիքով, հիմնաքարային է ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման առումով, քրեակատարողական համակարգում բացակայում են բողոքների ներկայացման արդյունավետ մեխանիզմները: Ազատությունից զրկվածները չեն վստահում համակարգին և չեն հավատում, որ իրենց բողոքները տեղ կհասնեն ու լուծում կստանան: Եթե հաշվի առնենք նաև այն, որ հիմնարկների վարչակազմը դատապարտյալների ու կալանավորված անձանց պահանջները՝ կապված խուցը փոխելու, բուժման ծրագրերում ընդգրկվելու և այլն որակում է որպես ցուցադրական ու շանտաժային բնույթի, ինքնավնասումը մնում է խնդրին ուշադրություն հրավիրելու ու լուծում ստանալու միակ քիչ թե շատ արդյունավետ միջոցը:

  • Արժանապատիվ պահման պայմանների ապահովումը կանխարգելման հաջորդ չափանիշն է:

ՀՀ ՔԿՀ-ներում անմարդկային պահման պայմանների փաստն արձանագրել են ինչպես միջազգային կառույցները՝ ի դեմս Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի, այնպես էլ հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը և մարդու իրավունքների պաշտպանը:

  • Միջազգային լավագույն փորձը պահանջում է ինքնասպանության ռիսկի դեպքում անձին հատուկ հսկողության տակ պահելն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և նրանց կյանքից զրկելու միջոցների հասանելիության սահմանափակումը, ինչպիսիք են, օրինակ, պատուհանավանդակի ձողերը, կոտրված ապակին։

Հայաստանի ՔԿՀ-ներում 2011-2017 թվականներին արձանագրված ինքնասպանության 27 դեպքերից 26-ը կատարվել է կախվելու միջոցով։ Փաստը, 6 տարվա ընթացքում ինքնասպանության դեպքերի 95%-ից ավելին տեղի ունեցել միևնույն եղանակով, թույլ են տալիս եզրահանգելու, որ նույնիսկ գրեթե 100 տոկոսանոց հավանականությունը բացառելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել։

  • Ինքնասպանության/ինքնավնասման դեպքերի անաչառ և արդյունավետ քննության երաշխավորումը մյուս կարևոր չափանիշներից է:

Հայաստանում ինքնավնասման և ինքնասպանության դեպքերով քրեական գործեր թեև հարուցվում են, սակայն, որպես կանոն, կարճվում են հանցագործության դեպքի բացակայության, որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառաբանությամբ: Նույն ճակատագրին են արժանանում նաև ծառայողական քննությունները, որոնք դադարեցվում են ծառայողների մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չլինելու և նոր փաստական տվյալներ ձեռքբերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով: Որպես հետևանք չկա քննություն, չկան տվյալներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ կատարել վերլուծություն և գնահատական` թիրախային կանխարգելման ծրագրերի ու մեթոդաբանությունների մշակման համար: Ըստ այդմ, արդյոք, կարող ենք վստահ լինել, որ անձին չեն հասցրել ինքնասպանության, այդ թվում նաև մոլախաղերի հետևանքով կուտակած պարտքեր ունենալու կամ քրեական ենթամշակույթին դեմ գնալու փաստով: Հարցական է մնում նաև, թե արդյոք ինքնասպանության և ինքնավնասման դեպքերը հնարավոր չէր կանխել, արդյոք դրանց մի մասը պայմանավորված չէ կալանավորված և դատապարտված անձանց հետ տարվող ոչ բավարար հոգեբանական, սոցիալական և իրավական աշխատանքով:

Չի վարվում նաև պատշաճ վիճակագրություն: Ինքնավնասման դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը պահպանվում է ընդամենը 5 տարի, չի վարվում վիճակագրություն ինքնավնասում կատարած անձանց վերաբերյալ. կալանավորված, թե դատապարտյալ է եղել ինքնավնասում կատարողը: Մինչդեռ, եթե դիտարկում ենք Նուբարաշենի օրինակը, որպես հիմնարկ, որտեղ արձանագրվում են ամենամեծ թվով ինքնավնասման դեպքերը, փաստացի այդ հիմնարկ են տեղափոխվում կալանավորվածների մեծ մասը և, ենթադրաբար, ինքնավնասումների բարձր ցուցանիշը կարող է պայմանավորված լինել անազատության մեջ հայտնվելու առաջնային սթրեսով, քրեական գործի ընթացքով, քրեական ենթամշակույթի ներքո հայտնվելու, այդ կանոններով առաջնորդվելու անհրաժեշտությամբ տարիքի, քրեական գործի բնույթի, անազատության մեջ գտնվելու ժամկետների, քրեական պատմության և մի շարք այլ չափանիշներով, որոնք կարևոր են համապարփակ պատկեր ստանալու և դրա հիման վրա թիրախային կանխարգելման մեթոդաբանություններ և ծրագրեր մշակելու համատեքստում:

Կանոնավոր վիճակագրություն չի վարվում նաև առ այն, թե մեկ անձը քանի ինքնավնասում է կատարել, նման վիճակագրությունը վարվում է ըստ անհրաժեշտության: Սակայն, ոնց է չափվում անհրաժեշտությունը, հայտնի չէ: Օրինակ, ըստ տվյալների, 2016 թվականին ինքնավնասման 850 դեպքից 250 ինքնավնասումը կատարվել է միայն երկու անձի կողմից:

Նշենք, որ թեև պետությունն ունի պոզիտիվ պարտականություն երաշխավորելու իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուրի կյանքի իրավունքը և պարտավոր է բացահայտելու ազատությունից զրկված անձանց ինքնավնասման և/կամ ինքնասպանության ռիսկը և համապատասխան միջոցներ ձեռնարկել` կանխելու դա, փաստացի, որ չպնդենք, որ այդ պարտավորությունը չի կատարվում, արձանագրենք, որ նվազագույնը դրանց արդյունավետությունը տեսանելի չէ:

Հուսանք, որ այս բոլոր հարցականները կդառնան հրամայականներ Նոր Հայաստանում նոր նախարարի օրոք։

Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։

 Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031