Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, վարչապետը փոքր-ինչ շտապել է». Սաքունցը՝ Մարտի 1-ի գործը բացահայտված հայտարարելու մասին

Օգոստոս 20,2018 18:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին հայտարարեց. «Ըստ էության մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը ամողջ ծավալով բացահայտված է: Չկա տարբերակ, որ ոճրագործների պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից, չկա՛ այդպիսի տարբերակ»:

Մինչդեռ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ընդամենը մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է Սերժ Սարգսյանը:

Aravot.am-ը իրավապաշտպան Արթուր Սաքունցին հարցրեց՝ եթե, ըստ վարչապետի, Մարտի 1-ը բացահայտված է, ի՞նչ հարցաքննությունների մասին է խոսում Սասուն Խաչատրյանը, այստեղ հակասություն չե՞ք տեսնում: Սաքունցը պատասխանեց. «Այո, շատ ճիշտ եք նկատել, կա առերեւույթ հակասություն: Իհարկե, կարծում եմ, վարչապետը փոքր-ինչ շտապել է՝ զուտ փաստի առումով: Նկատի ունեմ, երբ նախաքննությունն ավարտվեր, այն ժամանակ կարելի էր վերջին հաշվով խոսել գործի բացահայտման մասին, բայց իմ համոզմամբ, ինքը նկատի ուներ, որ մեխանիզմն է բացահայտված: Այսինքն, Մարտի 1-ին զինված ուժերի ներգրավմամբ սահմանադրական կարգի տապալման մեխանիզմը այլեւս ակնհայտ է, առնվազն գոնե 0038 գաղտնի հրամանը: Իսկ թե ով ինչ պատասխանատվություն ունի… ինքը չի ասում անձերը, ինքը հանցագործությունն է ասում` բացահայտված է, իսկ թե որ պաշտոնատար անձը ինչ մեղսակցություն ունի, ինչ մասնակցություն է ունեցել այդ հանցագործության մեջ, նախաքննության արդյունքում կպարզվի»:

Ըստ Սաքունցի, բանավոր խոսքում հնարավոր են նման խնդիրներ, պետք չի կառչել դրանցից. «Զգայուն վիճակ է, եւ փրփուրներից կառչելու միջոցով փորձել բովանդակային նշանակության խնդիրները խեղաթյուրել՝ մնացել է այդ միակ տարբերակը, բայց փաստերը առավել քան անհերքելի են: Բացի Մարտի 1-ի քրգործից, ես նաեւ նոր գործ կբացեի՝ 10 տարի շարունակ այդ հանցագործության իրավական գնահատական տալուն խոչընդոտելու գործ, այսինքն, դու հանցագործությունը փորձել ես կոծկել, որովհետեւ այն ժամանակ արդեն Մարտի 1-ին, 2-ին հայտնի էր այդ ամեն ինչը, նոր բան հայտնվե՞ց` չէ: Պարզապես փոխվել է իշխանությունը, որը հնարավորություն է տալիս համապատասխան իրավական գործողություններ կատարել, որը կասեցվել էր տասը տար շարունակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031