Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ընտրություններին ընդառաջ. Ուրիշի փոխարեն քվեարկողին կամ հարկադրողին, ընտրակաշառք տվողին ու ստացողին՝ ազատազրկում

Օգոստոս 20,2018 19:11

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխություն, ըստ որի առաջարկվում է ընտրակաշառք վերցնողին քրեական պատասխանատվության ենթարկել: Այս նախագիծն իշխանության՝ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստական աշխատանքներից է:

Օրենսդրական այս փաթեթով նախատեսվում են փոփոխություններ եւ լրացումներ որոշ օրենսգրքերում: Նախագիծը մշակել է Վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը:

Քրեական օրենսգրքի նոր խմբագրմամբ Հոդված 154.2-ով՝ «Ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը»՝ նախատեսվում է տուգանքից մինչեւ ազատազրկում.

«1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով»:

Այս նույն հոդվածով նախատեսված դեպքերի համար 2-րդ կետով էլ սահմանվում է կաշառք տվողի պատիժը՝ «…Կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից չորսհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով»:

Այս հոդվածի 6-րդ կետով կաշառք ստացող անձի նկատմամբ հեղինակները մի փոքր «բարեգութ են» եղել. այսպես. Օրենսդրական նախաձեռնության առաջարկվում է. «Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն»:

Նույն հոդվածի 3-րդ կետով էլ պատիժ է սահմանվում է ուրիշի փոխարեն քվեարկել հարկադրելու եւ ընտրական այլ արարքներ հարկադրելու համար պատիժ. «3. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով»: Իսկ եթե այս արարքը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ`պատժվում է ազատազրկմամբ` 4-7 տարի ժամկետով:

Օրենսգրքի 154.8-րդ հոդվածով էլ նախատեսվում է՝«Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1- 3 տարի ժամկետով կամ առանց դրա»:

Նախագծի հեղինակներն այս փոփոխությունները հիմնավորում են՝«… Փաթեթը հնարավորություն կտա էականորեն ավելացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը եւ արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը՝ ընտրություններով սահմանադրական կարգի ձեւավորումը էապես մոտեցնել ժողովրդավարության չափանիշներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031