Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պատժամիջոցների կաթիլային գործողություններ

Օգոստոս 20,2018 21:21

Միջազգային, ամերիկյան եւ թուրքական լրահոսներին եւ դրանց առընթեր ողողվող մեկնաբանություններին հետեւողները կստանան այն տպավորությունը, որ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների վատթարացումը նոր գագաթ է նվաճում: Փոխսպառնական հայտարարությունները պաշտոնական մակարդակների վրա անցնում են ընդունելիի սահմանները, ծխածածկույթ ստեղծելով բուն գործընթացների վրա: Հայտարարություններն ու նրանց ընդառաջ առնված փոխպատժիչ քայլերը համարժեք չեն իրար:

Մինչ այժմ, հակառակ թշնամական կարգավիճակների հասնող սպառնալիքներին, գետնի վրա, տնտեսական պատժամիջոցները կաթիլային գործողությունների բնորոշում ունեն։

Այսպես. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հանձնարարել է կրկնապատկել Թուրքիայից ստացվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը` դրանք համապատասխանաբար բարձրացնելով 50 եւ 20 տոկոսի: Ի պատասխան` Էրդողանը հայտարարել է ամերիկյան էլեկտրոնիկայի բոյկոտի մասին եւ բարձրացրել ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը:

ԱՄՆ-ից ծխախոտի ներմուծման մաքսատուրքը ավելացվեց 60 առ հարյուրով, ալկոհոլինը` 140 առ հարյուրով, մեքենաներինը` 120 առ հարյուրով: Ավելացվել են բրնձի, մրգերի եւ մի  շարք ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը:

Ծխածածկույթը գոյանում է ալյումին ընդդեմ ծխախոտ մաքսատուրքերի կաթիլային գործողություններով, ինչը իր հերթին լիարժեք շահարկվում է այս դեպքում Անկարայի կողմից ոչ միայն Թեհրան-Մոսկվա-Անկարա մերձեցման առանցքը ընդգծելով եւ դրանից բխած զինվորաքաղաքական ծրագրեր իրականացնելով, այլ նաեւ դեպի Եւրոպա շրջադարձեր ապահովելու փորձեր կատարելով:

Այսպես. Թուրքիայի առեւտրի նախարարը իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ այս օրերին քննարկում էր ամերիկյան պատժամիջոցներին հակազդելու հարցը. համաձայնություն  է գոյացել  օգոստոսի 27-ին հանդիպում ունենալու Փարիզում: Նախարարները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու հարցերը:

Այստեղ, իհարկե, շարժիչ գործոնի դեր ունի նաեւ Ֆրանսիայի ապրած տնտեսական ճգնաժամը: Միաժամանակ մտածելու տեղիք է տալիս այն, որ Փարիզը ներկա պայմաններում, ի հեճուկս Վաշինգտոնի, Անկարայի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ինքնուրույն քայլի դիմելու հնարավորությունները կարո՞ղ է ունենալ, եթե Վաշինգտոնը Իրանի, եւ թեկուզ Մոսկվայի բացարձակությամբ մոտենա Անկարային պատժելու իր քաղաքականության մեջ:

Անկարան, սակայն լիարժեք օգտագործում է պատժամիջոցների ծխածածկութավորված իրավիճակը Կատարը ներքաշելու համար Թուրքիայում միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրեր իրականացնելու համար. կամ` Վաշինգտոն-Պեկին լարված հարաբերությունների պահի օգտագործումով Չինաստանի ուղղությամբ տնտեսական քաղաքականության թափ տալու հայտարարությամբ:

Մեթյու Բրայզայի հայտարարությունը թե` Վաշինգտոնը Անկարան կորցնելով միջին արեւելյան տարածաշրջանում կկորցնի իր իսկ ազդեցիկությունը, պաշտոնակա՛ն տեսակետ է, որովհետեւ Բրայզան զբաղեցնում է պետքարտուղարության կարեվոր բաժանմունքի ղեկավարի պաշտոնը:

Պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի բարձրացումներով, ըստ էության, Վաշինգտոնը նպաստում է Անկարային, թե՛ միջին արեւելքում իր դիրքերի պահպանման, թե՛ Եվրոպայի ուղղությամբ շրջադարձային փորձ կատարելու եւ թե՛ կատարյալ ծրագրերը Թուրքիա հրավիրելու, կամ Չինաստանի ուղղությամբ տնտեսական քաղաքականության առաստաղը բարձրացնելու:

Որոշակի  ժամանակ հետո, չի բացառվում, որ ֆինանսատնտեսական փորձագիտական բացատրություններ տրվեն, թե ինչպե՞ս արժեզրկման միեւնույն տեմպերով թուրքական լիրան վերարժեւորվեց:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031