Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում 100 մեգավատտ հզորությամբ արեւային կայաններ կառուցելու մտադրություն կա

Օգոստոս 29,2018 17:02 Share

«Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի թուլացնենք Հայաստանի  կախվածությունն այլ էներգառեսուրսներից։ Հայաստանն իրավունք չունի հետ մնալու արեւային էներգիայի զարգացման համաշխարհային միտումներից՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու արեւային էներգիայի օգտագործման հնարավորությունները»: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նա վստահեցրեց՝ Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկայի զարգացումը կարեւոր է, վերականգնվող էներգետիկան մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:

Նախարարությունն առաջարկություն է ներկայացնելու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի թույլտվություն ստանան մինչեւ 2020 թ. հունվարի 1-ը 100 մեգավատ հզորությամբ արեւային կայաններ կառուցելու Հայաստանում:

Նախարարի խոսքերով՝ «Դրա հետ մեկտեղ էլեկտրաէներգիայի սակագինը մինչեւ 5 մեգավատտ արեւային կայանների համար կկազմի 23,8 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ  5 մգվտ եւ ավելի հզորությունների դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն ընկերությունների առաջարկած փաթեթները»:

Գրիգորյանը վստահեցրեց, որ հողմային կայանների կառուցման շուրջ պայմանավորվածություններ կան. Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Իսպանիայից 2 ընկերություններ եւ չեխական 1 ընկերություն մտադիր են Հայաստանում հողմակայաններ կառուցել։

Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, ինչպես ասաց նախարարը, պետական վերահսկողության ծառայությունն իրականացնում է ստուգումներ, դրանք դեռ չեն ավարտվել.«Մենք այնտեղ աուդիտ չենք իրականացնում, քանի որ պետական վերահսկողության ծառայությունը պետք է ավարտի իր ստուգումները»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031