«Երևանցուն բացատրել իր խնդիրը բացատրելը կլինի անիմաստ գործ, քանի որ երևանցին արդեն տևական ժամանակ ապրում է այդ հոգսերի հետ և մեզնից շատ լավ գիտի դրանք»,- քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակի ասուլիսին հայտարարեց ԲՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ երևանցուն ներկայացնելու են այն ռեսուրսներն ու ներդրումների հնարավորությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել երևանցու հոգսերը: Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց՝ ամեն օր տեսնում ենք աղբի բլրաքաղաքներ Երևանում, վերելակային խնդիրներ. «Երևանը թոքերը վնասված են. Երևանը չունի կանաչ և բուֆերային գոտիներ, Երևանի կանաչ թոքերն այլևս չկան: Երևանը հարմարավետ ապրելու քաղաք դարձնելու խնդիրներն այնքան մեծ են, որ մոռանում ենք՝ Երևանը կարող է եվրոպական մշակույթի ու տուրիզմի կենտրոններից մեկը դառնալ: Մենք չենք մոռացել Երևանի պատմամշակութային արժեքը, որը հաճախ մոռանում ենք»:
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը հավաստիացրեց՝ իրենց համար չկան սև, մութ ուժեր, այնուհետև շեշտեց. «Կարևոր է այն, թե ինչպես կանցնեն ընտրությունները: Վաղը սկսվում է քարոզարշավը. տեսաք՝ մի քանի հայտարարություններ եղան տարբեր ուժերի կողմից, որոնք ուղղված չէին սիրո և համերաշխության մթնոլորտում ընտրություններ անցկացնելուն: Մենք ցանկանում ենք այսօր գիծ քաշել և բոլորով մասնակցել ընտրություններին համագործակցային, մրցակցային, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման մթնոլորտում: Մենք հիմա կանգնած ենք շատ կարևոր ընտրության շեմին: Պիտի ավանդույթ ձևավորվի նորմալ ընտրություններ անցկացնելու առումով: Եթե հիմա այդ շանսը բաց թողնենք, չգիտեմ՝ մեկ էլ երբ նման շանս կլինի: Պետք է երկխոսություն լինի տարբեր քաղաքական ուժերի միջև: Մենք վստահ ենք՝ մեր մրցակիցների մեջ չկան հակահեղափոխական, սև, մութ ուժեր, ռևանշիստներ: Վստահ ենք՝ բոլոր ուժերը գալիս են Երևանը շենացնելու, փոխելու ցանկությամբ»:
Պետրոս Ղազարյանը հավաստիացրեց՝ եթե կարողանանք անցկացնել միջազգային չափանիշների ընտրություններ, կլինի հեղափոխության ամենամեծ հաղթանակը: Պետրոս Ղազարյանը զգուշացրեց՝ որևէ ֆեյքային պատերազմի մեջ չեն մտնելու, որևէ մեկին չեն սևացնելու. «Ես դեմ եմ անիմաստ երկխոսություններին, սուտ, փիառ կամպանիաներին: Որևէ մրցակցի չենք սևացնելու: Քննադատությունը լինելու է կապված միայն ծրագրի հետ»:
Պետրոս Ղազարյանը տեղեկացրեց՝ իրենց ծրագրում կետ կա ճոպանուղու և մետրոպոլիտենի նոր կայանի գործարկման հետ կապված, ինչը կփոխի մեր քաղաքի տրանսպորտային հանգույցը:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց. «Այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ, եթե չբերի նաև արժեքային, մտածողության հեղափոխության, եթե այդ հեղափոխության վերջին ակորդը չլինեն ազատ և արդար ընտրությունները թե′ ավագանու, թե′ խորհրդարանական, մենք անընդհատ պտտվելու ենք ի շրջանս կուր: Եկեք գիծ քաշենք բոլոր այն հայտարարությունների վրա, որոնք հնչել են գուցե անփորձության, մի քիչ ավելի ինքնավստահ լինելու պատճառով, բայց այդպես չպիտի լինի: Փորձենք ոչ թե որպես հակառակորդներ, այլ ընդամենը մրցակիցներ անցկացնել»:
Երևանի քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց՝ այլևս Երևանից որևէ մեկը անգամ մեկ լումա չի գողանալու. «Կոռուպցիա, միանշանակ է, չի լինելու: Այս հարցում շատ ավելի կոշտ ու խիստ եմ լինելու, քան ուժային կառույցները, բոլոր տղամարդիկ միասին վերցրած»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































