Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել». «Մեդիամաքս»

Սեպտեմբեր 13,2018 11:05

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

(Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը)

– Պարոն Քոչարյան, Ձեր կալանավորումից հետո Ձեր դեմ հանդես եկող որոշ լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրին, որոնց մասնակիցների մեծ մասը կտրուկ բացասական արտահայտվեց Ձեր մասին: Ձեզ լոյալ լրատվամիջոցներն էլ իրենց հարցումներն արեցին, եւ պատկերը լրիվ հակառակն էր: Պատրա՞ստ եք դուրս գալ եւ քայլել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի փողոցներով, խոսել մարդկանց հետ՝ Ձեր նկատմամբ նրանց իրական վերաբերմունքը հասկանալու համար:

– Կարծում եմ, որ նման կերպով հանրության մեջ հայտնվելը դժվար թե ռեպրեզենտատիվ լինի: Հանրային կարծիքի գնահատման ավելի ճիշտ մեթոդներ կան, եւ իմ թիմն այժմ զբաղվում է դրանով: Փողոց դուրս գալու առումով երբեք խնդիր չեմ ունեցել: Վերջին տարիներին միշտ միայնակ եմ ճանապարհորդել, հանդիպել բազմաթիվ մարդկանց եւ երբեք բացասական վերաբերմունք չեմ զգացել իմ նկատմամբ: Հակառակը՝ մարդիկ մոտենում են, լուսանկարվում, ինչ-որ բան հարցնում:

Էյֆորիան, որ կա Հայաստանում, իհարկե, որոշ չափով դեֆորմացրել է իրավիճակը, բայց, կարծում եմ, որ լավ հիմք ունեմ, որի վրա կարելի է կառուցել հետագա գործողությունները:

Կրկնեմ՝ ես խնդիր չունեմ մարդկանց մոտ դուրս գալու առումով, բայց դժվար թե դա թույլ տա հասկանալ, թե իրականում ինչպես են նրանք վերաբերվում ինձ:

 – Վերջին ամիսներին, ինչպես նաեւ անցյալում, Դուք արտահայտել եք 2008թ.-ի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը: Բայց ես ցանկանում հարցնել՝ Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք այդ դեպքերի համար, որոնք 10 մարդու կյանք խլեցին: 

– Կարծում եմ՝ տեղի ունեցածի համար պատասխանատվության ինչ-որ բաժին կրում է ոչ միայն նախագահը, այլեւ շատ ուրիշներ: Երբ փորձում ես գնահատել իրավիճակը հետադարձ հայացքով, հասկանում ես, որ հնարավոր է՝ կատարվածից կարելի էր խուսափել, բայց կարող է եւ ավելի վատ լիներ: Մեղքի ինչ-որ զգացում ունի յուրաքանչյուրը, այդ թվում՝ ես:

 – Այս հարցազրույցին պատրաստվելիս կարդացի վերջին 10 տարվա Ձեր հարցազրույցների մեծ մասը եւ հայտնաբերեցի, որ իշխանությունների հասցեին Ձեր հնչեցրած քննադատությունը, եթե ոչ ձեւով, ապա բովանդակությամբ շատ նման էր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Եվ այսօր որոշակի հեգնանք կա նրանում, որ այն ռեժիմը, որը երկուսդ էլ քննադատում էիք, այլեւս չկա, բայց հիմա սուր դիմակայություն է ծավալվում Ձեր եւ Փաշինյանի միջեւ: 

-Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի:

Ինչո՞ւ ենք այսօր ես եւ Նիկոլ Փաշինյանը տարբեր բեւեռներում: Ես միանշանակ պատասխան չունեմ: Հավանական է, որ նա իմ մեջ ինչ-որ սպառնալիք է տեսնում:

– Այսինքն, ամեն ինչ նորից տեղափոխվո՞ւմ է ոչ թե գաղափարական, այլ անձնական դիմակայության դաշտ: Դուք Նիկոլ Փաշինյանին թշնամի՞ եք համարում:

– Ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք:

Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930