Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ստորագրված հուշագիրը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համարում է հստակ հանձնառություն առ այն, որ իրենք շարունակում են աջակցել հեղափոխությանը: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Սերգեյ Բագրատյանը կարեւորեց հուշագրում ամրագրված կետը`կողմերը առաջիկա ԱԺ ընտրություններում պահպանելու են կոռեկտություն եւ քաղաքական մշակույթը գերակա է լինելու: Այդ հուշագրով, ըստ նրա, քաղաքական դաշտը ստացավ իրական տեսք: Պատգամավորը կարեւորում է նաեւ, որ արտահերթ ընտրությունները կայանալու են բարեփոխված ԸՕ-ով. «Մեր կուսակցության համար էական նշանակություն ունի ռեյտինգային ընտրակարգի վերացումը, ընտրական շեմի իջեցումը չորս տոկոսի, դա կապահովի քաղաքական բազմակարծությունը: Մենք կարեւորել էինք նաեւ՝ զինվորականների քվեարկության ժամանակ սպայական մասը այլ տեղամասում քվեարկի, որպեսզի զինվորների կամարտահայտության վրա չազդեն»:
Հուշագրի ստորագրումը, ըստ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի, միաձայն որոշում չի եղել, երկար քննարկել են, բազմաթիվ տարբեր կարծիքներ են հնչել, բայց գերակշռել է այն մոտեցումը, որ հանրության ցանկությունը չպետք է անտեսվի: Գագիկ Ծառուկյանն էլ ըստ այդմ է իր որոշումը կայացրել:
ԲՀԿ-ն, ինչպես հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը, քննարկումներ է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ, որոնք այս տարիների ընթացքում դուրս էին մղվել քաղաքական գործընթացներից. «Կքննարկենք` կտեսնենք լավագույն տարբերակները: Չի բացառվում համատեղ աշխատելու, բայց այն ուժերը, որոնք Քոչարյանի եւ Սարգսյանի հետ անելիք են ունեցել, մեզ հետ անելիք չունեն»:
Հարցին`հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունները, արդյոք պատրաստ են դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց` ժամանակը շատ կարճ է, բայց պետք է քաղաքական իրողության հետ հաշվի նստենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































