Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանը հորդորել է՝ վստահել իրեն

Հոկտեմբեր 16,2018 18:45

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին` կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար։

Շնորհավորելով նորանշանակ մարզպետին` նախարարը նշել է, որ ներկայացնում է սպայի, ՀՀ ոստիկանության գեներալի, իսկ նոր Հայաստանում ոստիկանը, սպան պետք է օրինականության խորհրդանիշը լինեն։ Շարունակելով`  նախարարը շեշտել է, որ բազմիցս ընդգծել է Սյունիքի կարևորությունը Հայաստանի, կառավարության համար, իսկ հանրապետության  բոլոր անկյուններում օրինականության գոյության մասին որևէ քաղաքացի կասկած չպետք է ունենա:  «Նոր Հայաստանն իր հետ բերել է նոր իրողություններ, և այն մարդիկ,  ովքեր կարողանում են տեղավորվել այդ իրողություններում,  մեզ հետ երկար ճանապարհ ունեն  անցնելու», – հավելել է նախարարը՝  կրկին շնորհավորելով մարզպետին և մաղթելով բեղուն գործունեություն:

Կարեն Համբարձումյանը ևս շնորհավորել և  բարի կառավարում է մաղթել Հունան Պողոսյանին՝ վստահեցնելով, որ սյունեցիները պետականամետ են, իսկ  ինքն  այսուհետ էլ պատրաստակամ է շարունակել հետագա գործունեությունը՝  ի շահ Սյունիքի:

Նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, կառավարությանը, տարածքային կառավարման և  զարգացման նախարարին`  մարզի ղեկավարումն իրեն վստահելու համար։ Ընդգծելով, որ նախկինում էլ իր աշխատանքի բերումով առնչություն է ունեցել մարզի և  նրա խնդիրների հետ՝ մարզպետը հորդորել է ներկաներին վստահել իրեն և հավաստիացրել, որ մարզում հաջողություններ կունենան։

Նշենք նաև, որ մինչև  մարզպետարանում նախատեսված հանդիպումը,  նախարար  Սուրեն Պապիկյանը, մարզպետ Հունան Պողոսյանն ու ճանաչողական այցով Կապանում գտնվող ԱԱԾ տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այցելել են Կապանի քաղաքային մարզադաշտ, ծանոթացել այն խնդիրներին, որոնց պատճառով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն այստեղ հանդիպումներ չի ունենում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031