Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների․ տեսանյութ դեպքի վայրից  

Հոկտեմբեր 21,2018 20:28

Քիչ առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե Գյումրու պատմական կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, որտեղ մեծ թվով սրճարաններ ու խանութներ կան, «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ինչպես են դաժան ծեծի  ենթարկում  երկու երիտասարդների։ Ծեծի ենթարկվողներից մեկը գոռում է․ « Ինչո՞ւ եք ինձ զարկում»։

Օգտատերերից ոմանք հետաքրքրվել են, թե ի՞նչ են արել երիտասարդները, որ ոստիկանները այդպես ծեծում են, նրանից մեկը պատասխանել է․ «Կապ չունի ինչ են արել, ծեծելը պիտի բացառվի»։  Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել ամսի 17-ին, Կարեն Պետրոսյանը գրել է․ «Ո՞վ է սրա պատասխանատուն․ աչքիս Շիրակում բան չի փոխվել»

Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդները երկվորյակ եղբայրներ են, 1993 թվականին ծնված Կ․ և Գ․ Առաքելյաններ են,  տղաներից մեկը երկու ամիս է՝ ինչ վերադարձել է Հադրութից ՝բանակային ծառայությունից, մյուսը վերադարձել էր ավելի վաղ։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  երկու ամսով կալանավորել  է երիտասարդներին՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով,  իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ Պարզվում է, երիտասարդներից մեկին կալանավորել են երեկ, մյուսին՝ քիչ առաջ։

Մենք պարզեցինք, որ նրանց փաստաբանը Հայկ  Հարությունյանն է։  Վերջինս, որ քիչ առաջ էր վերադարձել դատարանից, Aravot.am -ին փոխանցեց, որ 5 ոստիկան դատարանում ցուցմունք են տվել, թե այս երկու եղբայրները փորձել են փախուստի դիմել, իրենց դիմադրություն են ցույց տվել, իրենք էլ բռնել, բերման են ենթարկել, ավելին, ոստիկանները հայտնել են, թե երիտասարդներն են փորձել ծեծի ենթարկել իրենց; Նրանց ցուցմունքների հիման վրա էլ դատարանը որոշել է երկամսյա կալանքի ենթարկել տղաներին։

Իսկ թե ինչի՞ց է ծագել միջադեպը, պարզվում է երկվորյակ եղբայրները իրենց մեքենան ճռռացնելով վարել են Գյումրու Վարդանանց հրապարակում, ոստիկանները նախազգուշացրել են ՝ հանգիստ վարել։  Տղաները սկզբում ներողություն են խնդրել ոստիկաններից։  Նկատողությունից հետո,  երբ մեկ այլ մեքենայի վարորդ սկսել է ճռռացնել, ու ոստիկանների ուշադրությունը սևեռվել է միայն իրենց վրա, եղբայրները հարցրել են․ «էս մենակ մեզ կկանգնեցնե՞ք»։

Ի պատասխան՝ ոստիկաններից մեկն ասել է ՝ «բոլորին էլ կկանգնեցնենք» ու հրել է եղբայրներից մեկին։  Սկսվել է հրմշտոց, որին փաստորեն հաջորդել է երկվորյակներին ծեծելով ոստիկանության բաժին տանելը։  Ի դեպ, եղբայրներից մեկը բռնցքամարտիկ է, բավական մեծ հաջողություններ ունի այդ սպորտաձևում։

Իհարկե, մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ կստանանք  նաև ոստիկանությունից։

17.10.2018թ.Ո՞վ է սրա պատասխանատուն։Տեսանյութում հայհոյանքներ կան, այն ինձ ուղղարկվել է այսօր, ուստի ակնկալում ենք պատկան մարմինների պարզաբանումները…Հ.Գ. աչքիս Շիրակում բան չի փոխվել…

Gepostet von Karen Petrosyan am Sonntag, 21. Oktober 2018

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031