Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյանը ողջունում է Բոլթոնի առաջարկը՝ ամերիկյան զենք գնելու

Հոկտեմբեր 26,2018 13:41 Share

Պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը, ուստի առաջարկել էր ՌԴ-ից այդ առումով կախվածությունը թուլացնել ու գնել ամերիկյան զենք: Այս առնչությամբ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Ես իսկապես համարում եմ չափազանց կարեւոր եւ իսկապես հեռուն գնացող նպատակներ հետապնդող պարոն Բոլթոնի այցը: Գիտենք, թե ինչպիսի կարեւորագույն աշխարհաքաղաքական նշանակություն ունի այս տարածաշրջանը: Այն ակնարկները, որ պարոն Բոլթոնն արեց, կենսական նշանակություն ունեն թե՛ տարածաշրջանի համար, թե՛ ՀՀ արտաքին քաղաքականության: Մենք ժամանակին ասում էինք, որ ՀՀ-ի համար ճիշտ արտաքին քաղաքականությունն այն է, որ Հայաստանը հասկանալի լինի բոլորի մոտ, հատկապես` գերտերությունների համար: «Հստակ լինի, որ Հայաստանը նույն դեմքով և նույն տեսակետով է հանդես գալիս թե’ Ռուսաստանում, թե’ Բրյուսելում, թե’ Վաշինգտոնում: Այս օրերի համար է հենց դա ակտուալ դառնում: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ մեր հարաբերությունները դեմ չեն որեւէ մեկին, դրանք մեր կենսական անհրաժեշտությունից են բխում»:

Ռուստամյանն ասաց, որ ՀՀ-ն ոչինչ չի փորձում անել ավելին, քան իր կենսական անհրաժեշտությունից է բխում, ինչ վերաբերում է զենքին, նա ասաց. «Միջնորդ կողմերը կա’մ պետք է ընդհանրապես զենք չտրամադրեն, կա’մ տրամադրեն այնպես, որ հավասարակշռությունը չխախտվի: Չեն կարող Ադրբեջանին շատ ավելի զինատեսակներ , զինանոց տրամադրել, որ Հայաստանը հետ ընկնի պրոցեսից: Սա ինքնին կհակասի այն տրամաբանությանը, որ մենք ուզում ենք կայուն իրավիճակ ունենալ: Հենց հավասարակշռությունը խախտվում է, այդտեղ էլ սկսում են ագրեսիաները, պատերազմական գործողությունները: Այսօր արդեն Հայաստանը հետ է ընկել այդ ռազմական զինանոցի կուտակման գործընթացից: Եթե Բոլթոնը նկատի ունի, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար Հայաստանը նաեւ ունենա այլ զինատեսակներ, որ հավասարեցնենք, դա կարելի է ողջունել, մենք էլ կունենանք Ադրբեջանին չզիջող զինատեսակի ծավալ»:

Ռուստամյանը նշեց, որ իրենց համար այն է մտահոգիչ, որ այդ այցի ընթացքում Բաքվում խնդիր են բարձրացրել, որ արգելվի Հայ դատի գրասենյակների կողմից մշակված 907-րդ բանաձեւը. «Այդ բանաձեւով արգելվում է Ադրբեջանին զենք տրամադրել, քանի որ ապացուցվել է, որ Ադրբեջանն է հենց ագրեսոր: Դա ապացուցվել էր: Այդ բանաձեւով կա օժանդակություն ուղղակի ԼՂ-ին, որը չափազանց կարեւոր է: Այդ բանաձեւի վերանայումը մեզ մտահոգում է»:

Հարցին՝ այսինքն, ՀՀ-ն պե՞տք է դիտարկի այդ հնարավորությունը ՌԴ-ից կախվածությունը թուլացնել ու ԱՄՆ-ից զենք գնել՝ նա պատասխանեց, որ իրենց համար կարեւոր է բալանսի ապահովումը, թե ինչ ճանապարհով դա կլինի՝ էական չի, որովհետեւ Ադրբեջանը միայն ՌԴ-ից չի զենք գնում, եթե հավատանք Բոլթոնի թվերին, 80/20 տոկոս հարաբերակցություն կա, 20 տոկոսը քիչ չի, Հայաստանը դա էլ չունի:

Հարցին՝ սա ՌԴ-ի վրդովմունքը չի՞ առաջացնի՝ Ռուստամյանը պատասխանեց, որ ՌԴ-ն էլ պետք է հասկանա, որ կա շատ պարզ տրամաբանություն՝ կա՛մ միջնորդները զենք չեն տրամադրում, կա՛մ տրամադրում են կողմերին այնպես, որ բալանսը չխախտվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031