Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան դպրոցում երջանիկ պետք է լինի. «Այբ» դպրոցի տնօրեն

Հոկտեմբեր 28,2018 23:42

«Այբ» դպրոցի տնօրեն

Արամ Փախչանյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 Հանրակրթության ոլորտում խնդիրները շատ են. Առանձնացնեմ հիմնական կետերը: Հանրակրթությունը չունի հստակ զարգացման միտում, ճանապարհ: Չափորոշիչների, ծրագրերի եւ վերջնարդյունքների խզվածություն կա: Ոչ պակաս կարեւոր խնդիրից են նաեւ ուսուցիչների ոչ բավարար որակավորումը, ֆինանսավորման պակասը, դպրոցների բավարար պայմաններ չունենալը եւ այլն: Խնդիրների ցանկը երկար կարելի է շարունակել, բայց հանրակրթության ամենահիմնական խնդիրը, ըստ իս, կառավարման խնդիրն է. Երկար տարիներ հանրակրթական կրթության մոտեցումները եղել են այնպիսին, որ դրական զարգացումների չեն բերել: Իհարկե, չի կարելի ասել, որ չի եղել զարգացում, բայց դրանք եղել են ոչ բավարար: Լուծումների հիմքում պետք է լինի կրթության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունը: Կրթության ոլորտում այսօր այնպիսի մի վիճակ է, որ արժեւորվում է արտաքին կաղապարը եւ ոչ բովանդակությունը: Կարեւորվում են թղթերը եւ ոչ բովանդակությունը, գնահատականը եւ ոչ գիտելիքը, ատեստատը եւ ոչ իմացությունը: Սա բերում է նրան, որ երբեմն անգամ գնահատականի համար ճնշում է գործադրվում ուսուցչի վրա:

Դպրոց բառը հունարեն նշանակում է ուրախության, երջանկության, զվարճության տեղ: Այդպես է ընկալվել դպրոցը հին Հունաստանում, բայց ցավոք, դարերի ընթացքում դպրոցը վերածվել է ավելի շատ պարտադրանքի: Երեխաներին միանման սարքելու միտումն է այսօր գերիշխող: Իսկ աշխարհում պահանջարկը փոխվել է: Այսօր հանրությունը բոլորովին այլ մարդ է պահանջում, բայց երեխան դուրս է գալիս դպրոցից եւ հասկանում, որ դպրոցը իրեն ոչինչ չի տվել ապրելու, երջանիկ զգալու համար: Դա բերում է նրան, որ դպրոցը ընկալվում է միայն որպես տրամպլին դեպի ԲՈՒՀ: Աշակերտների եւ ծնողների միակ նպատակը միասնական քննություն հանձնելն է եւ այդ ամենը շատ դատարկում է դպրոցի բովանդակությունը եւ ապամոտիվացնում է կրթության մասնակիցներին:

Հանրակրթությունը պետական կառույցի է տպավորություն է թողնում մարդկանց մոտ եւ առաջին հերթին դա պետք է փոխվի: Եթե ինչ- որ համակարգում չկա կենդանի զարգացում, կյանք, ուրախություն, ջերմություն , մարդիկ այդ համակարգից միայն պաշտոնական արդյունք են ակնկալում: Դպրոցում երեխայի կյանքն է անցնում եւ դա պետք է լինի լիարժեք կյանք, ոչ թե մոդել: Երեխան դպրոցում պետք է լինի երջանիկ, գոհ, ուրախ, բավարարված… Նրա ձայնը պետք է լսելի լինի, միտքը՝ անկաշկանդ ու անկախ: Ուսուցիչը չպիտի թելադրի իր կարծիք, այլ պատրաստ լինի քննարկման աշակերտի հետ: Դպրոցը պետք է հնարավորություն տա երեխային սխալվել, որովհետեւ սխալվելով են սովորում: Սխալը պետք է դիտվի, որպես աշակերտի հետ երկխոսության գնալու միջոց: Ես կարծում եմ, որ գնահատականների քանակը պետք է հասցվի նվազագույնի, գնահատականը չպետք է դառնա պատժամիջոց,

Կրթության ոլորտը կենդանի մարմին է, ինչպես մարդը: Այն պարզ մոդելով չի կարող նկարագրվել: Մենք պետք է մեր բոլոր զգայարաններով մոտենանք կրթությանը, ոչ թե սառը մտքով ու հատուկ մեթոդով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031