Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի գործով տուժողը ուշագրավ ցուցմունք տվեց՝ պատմելով, թե ոնց է զինված խումբը ժողովրդին «ջարդել». «Ղուկասյանն ի՞նչ կապ ունի դրա հետ»

Հոկտեմբեր 30,2018 18:15

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով տուժող ճանաչված, Սարի թաղի բնակիչ Տիգրան Եղիազարյանը եւ ուշագրավ տեղեկություններ հայտնեց:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած «Սասնա ծռերին»:

Տիգրան Եղիազարյանը պատմեց, որ դեպքերի ժամանակ իր մեքենան լուրջ վնասներ է կրել, եկել են, մեքենան տարել փորձաքննության. «Անցավ մոտ երկու ամիս, ոչ խաբար եք մեքենայից՝ որտեղ է, որ բաժնում, ինչ վիճակ է, հետո քննչականից կանչեցին, չեմ էլ հիշում ինչ թիվ են գրել՝ որպես վնասի չափ, այնքան էլ համաձայն չէի, բայց…մեքենա էլ շահագործելու չէր, «կռիշը» ջարդել էին, էլ իմաստ էլ չուներ սարքելը»: Նա նաեւ ասաց, որ բացի մեքենան կոտրելուց, դեպքերի պատճառով նաեւ փակվել է իր՝ հացի փռի բիզնեսը, քանի որ փողոցի այդ հատվածը կաթվածահար վիճակում է եղել. «Ես մեծ վնասներ եմ կրել: Մեքենայիս դիմային «պարբրիսն» է ջարդած եղել, կողքի շուշեքը, հետեւի «պարբրիսը», «կրիշը», «ստոյկեքը» ծռած, «կապոտի» վրա հարվածած, երկաթի տեղեր էին, երեք կողմից ջարդած է եղել, վերանորոգման ենթակա չի»:

Դատարանում տուժողն այսպես նկարագրեց այդ օրվա դեպքերը՝ «ժողովուրդը հանգիստ ցույց էր անում, առանց որեւէ բռնի բանով, ոստիկանական պատնեշ է եղել ու Սարի թաղի վերեւից խումբ է իջել՝ զինված մահակներով, ոստիկանների մեջից դուրս են եկել ու սկսել ջարդել ժողովրդին: Դա եղել է ուղիղ իմ տան դիմացը, իմ տունն է, փուռ էի աշխատացնում, փուռն էլ դեպքերի ժամանակ փակեցի, 1-2 ամիս կարանտինի մեջ էինք, չէինք կարողանում շարժվել, դրա պատճառով փուռս փակվեց: Դուրս եկան ոստիկանների մեջից ու սկսեցին մահակներով ջարդել: Ժողովրդից փախել, պախկվել էին մեր բակում, թե ոնց էին մտել, դուռը փակ էր, ես եկա մտա, ժողովուրդ էր հավաքված, ծեծից, ջարդից փախել էին: Նույնիսկ ողորմածիկ մայրս իրենց դեղ է տվել, բուժել է մեր բակում: Ով փրկվել էր ծեծուջարդից՝ գալիս, շնորհակալություն էին հայտնում, չեմ կարող ասել ով է, ով չի, որովհետեւ անուն-ազգանունները չեմ հարցրել: Եկել են, մի քանի րոպե խոսել ենք, գնացել են»:

Նա պատմեց, թե ինչպես է կարողացել մի կերպ հավաքված մարդկանց փրկել ու ճանապարհել իրենց տուն, որ անվնաս լինեն. «Մեր հայաթի դռները փակ են եղել, 3 մետրանոց պարիսպ է, նայում էիր, 100 կգ-անոց էին, կոպիտ ասած թվում էր, որ մի մետր չեն կարա թռնեն, բայց այդ պարիսպը թռել մտել էին բակ: Հետո զանգում էի ՍԱՍ, մի հատ սիգարետ էի պատվիրում, բերում էին հետեւի մուտքից ու իրենց մեքենայով ճանապարհում էի»:

Տուժողը պատմեց, որ թե՛ իր մեքենայի վրա, թե՛ բակում «լիքը արյան հետքեր են եղել»: Ըստ Եղիազարյանի, իր մեքենայի վրա բարձրացել, թռվռացել են, դրա համար մեքենայի վերնամասը կոտրել են: Դատավորը հարցրեց. «Տիգրա՛ն, որ ասում ես՝ բարձրացել են մեքենայի կռիշի վրա թռվռացել են, խոսքը ո՞ւմ մասին է»՝ նա պատասխանեց. «Մահակով զինված մարդկանց, ովքեր խմբով մտել են ոստիկանների մեջ»:

Դատավորին հետաքրքրեց այդ դրվագը՝ ովքե՞ր են եղել մահակներով զինվածները, որտեղի՞ց են դուրս եկել, ո՞ւմ վրա են հարձակվել: Տուժողը պատասխանեց. «Ժողովուրդը խաղաղ միտինգ է արել, վերեւից զինված խումբ է իջել, մտել է ոստիկանների մեջ, դուրս է եկել ու սկսել ջարդել ժողովրդին: Youtube-ում այդ կադրերը ոնց որ ջնջել են»: Մեղադրողը նաեւ հարցրեց՝ ձեր մեքենայի հետ կապված վնասի համար բողոք, պահանջ ունե՞ք՝ նա պատասխանեց՝ «մեղավորը, որ գտնվի, թող հատուցի: Լավ կլինի, որ փոխհատուցվի, ինչքան որ գնահատել են»:

Հարցին՝ Անդրիաս Ղուկասյանից պահանջ ունե՞ք՝ նա պատասխանեց. «Մայրս նոր է մահացել, ինքը տեսավ ձեզ ամբաստանյալի կարգավիճակով, ասաց՝ խելոք տղա է, ինքը ի՞նչ կապ ունի դրա հետ, ես իրանից պահանջ չունեմ, չէ»:

Դատավորը հարցրեց՝ համ ասում եք ամբաստանյալի՝ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ պահանջ չունեմ, համ ասում եք՝ լավ կլիներ փոխհատուցեին, հիմա ձեր պահանջը ո՞ւմ դեմ է՝ տուժողը պատասխանեց. «99 տոկոսով համոզված եմ, որ ամբաստանյալը կապ չունի դրա հետ»:

Դատավորը տեղեկացրեց, որ քաղհայցով դիմի դատարան՝ վնասը փոխհատուցելու, եթե կլինի այդ պահանջը, դատարանը կանդրադառնա, եթե չլինի՝ չի անդրադառնա:

Հաջորդ դատական նիստին հրավիրել են եւս 4 տուժողների, նրանցից երկուսին՝ Նորայր Թեւանյանին ու Տիգրան Գեւորգյանին արդեն բերման են ենթարկելու, որովհետեւ պատշաճ ծանուցվում են ու չեն գալիս դատարան:

Հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 13-ին, ժամը 12-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031