Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ». (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2018 16:22

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հեռացող քաղաքական ուժը ընդունում է իր սխալները եւ պատասխանատվություն է վերցնում իր սխալների համար», նշում է Դավիթ Շահնազարյանը

Նոյեմբերի 16-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում Արամ Աբրահամյանի՝ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքական եւ պետական գործիչ Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ հարձակում է սկսվել պետական կառույցների, ինստիտուտների, կարեւորագույն արժեքների վրա.

«Առաջին հերթին եկեղեցին նկատի ունեմ, անընդհատ եկեղեցու վրա հարձակումներ են, կաթողիկոսի հրաժարական են պահանջում, օրինակ` Ազգային ժողովում քննարկում է գնացել, եւ շատերը դեմ են եղել, որպեսզի կաթողիկոսը պետական պաշտպանության կարիք ունենա, նույնիսկ հայտարարել են, թե «կաթողիկոսին պետք չէ պաշտպանել ժողովրդից»: Իհարկե՝ պետք է: Կաթողիկոսին նախեւառաջ պետք է պաշտպանել իշխանության կողմից հովանավորվող աղանդավորների կողմից: Եվ եթե այդ տրամաբանությամբ ենք գնում՝ «ժողովրդից պետք չէ պաշտպանել կաթողիկոսին», ուրեմն, ընդհանրապես որեւէ կարիք չկա «ժողովրդի վարչապետին» պաշտպանել ժողովրդից: Սա ի՞նչ մոտեցում է, սա ի՞նչ քննարկման հարց է:

Ներկայիս իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում, «հեղափոխականները»՝ դեմ են քվեարկում, որպեսզի արգելվի եկեղեցիների տարածքում քաղաքական ցույցեր կազմակերպելը, ասում են՝ «թող անեն»: Վերջերս դեպքեր եղել են, որ իշխանությունը բացահայտ ձեւով չի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Համացանցում տեսել եմ, որ եկեղեցիներից մեկի բակում նման աղանդավորներից մեկին հոգեւորականներից մեկը հարվածեց, ես նրան ողջունում եմ: Նշեմ, որ ես բռնության կողմնակից չեմ, ես ինքնապաշտպանության կողմնակից եմ, բռնությանը դեմ եմ ընդհանրապես: Բայց սա գիտե՞ք ինչի է բերելու, երիտասարդական խմբեր են հայտնվելու, որոնք շատ շուտով բռնությամբ են այդ հարցերը լուծելու, պետությունը դա խրախուսում է: Այսօր ներկայիս իշխանությունները նույնիսկ հարձակումներ են սկսել արվեստի նկատմամբ: Հիշում եք չէ՞, ինչպես 1918թ.՝ «ամեն ինչ պետք է լինի հեղափոխական…»: «Հեղափոխականությունն» ընդհանրապես ի՞նչ է նշանակում՝ հնի ոչնչացում, նորի ստեղծում: Ոչնչացումն առայժմ ներկայիս իշխանության մոտ ստացվում է»:

Արամ Աբրահամյանի հարցին՝ դուք այս ամենը կարող էիք ասել հարցազրույցներում, ստուդիայում, մամուլով՝ ի՞նչ կարիք կար, այնուամենայնիվ, մտնել որոշ չափով վարկաբեկված քաղաքական ուժի ցուցակի մեջ, Շահնազարյանը պատասխանեց. «Եկեք մի քանի հարցեր դիտարկենք մի քանի կողմից: Առաջինը՝ ՀՀԿ-ում լուրջ վերափոխումներ են կատարվում, հարմար խոսքեր օգտագործեմ, ոչ մեկին չվիրավորելու համար, բալաստը հիմնականում հեռացել է: Հետաքրքիր է, որ բալաստն ամբողջովին անցել է ներկայիս վարչախմբի ազդեցության տակ, այնտեղ են ծառայություններ մատուցում»:

Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ բալաստը՝ գործարարներն են, որոնք միշտ իշխանության կողքը կլինեն, Շահնազարյանը հակադարձեց. «1997-ից նրանց դեպքում ուրիշ խոսքեր էին օգտագործում, որը ես չեմ կրկնի, որովհետեւ չեմ ուզում անձնական վիրավորել, դա իրենց խղճի, իրենց գործն է: Այդքան աղմուկ է բարձրացել, որ ես հայտնվել եմ ՀՀԿ ցուցակում, որ ընդունել եմ առաջարկ, բայց երբ որ ձեր ասած՝ «վարկաբեկված ուժի» վարկաբեկված գործիչները հայտնվել են այնտեղ, ՔՊ-ի ցուցակում՝ դա համարվում է շատ նորմալ: Եթե նրանք փորձում են ցույց տալ, որ իսկապես բարոյական են, ապա թող ներեն ինձ՝ «առնետներին» ինչո՞ւ են ընդունում, սա վիրավորանք չէ, սա հայտնի է խոսք է, նրանք գնացին, բայց դուք ինչու՞ եք ընդունում: Ո՛չ, որովհետեւ դուք խրախուսում եք դա: Իմիջիայլոց, մեր հասարակության մեջ մի հատված լավ չի պատկերացնում՝ ինչ է նշանակում, երբ «առնետները» լքում են նավը: «Առնետները» որտե՞ղ կարող են հայտնվել նավը լքելուց հետո: Նավից դուրս, եւ չմոռանանք, որ այդ հին անգլիական ասացվածքն ունի նաեւ իր շարունակությունը՝ «երբ առնետները լքում են նավը, նավը դադարում է խորտակվել»:

Եվ, վերջիվերջո, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հեռացող քաղաքական ուժը ընդունում է իր սխալները եւ պատասխանատվություն է վերցնում իր սխալների համար: Պաշտոնապես այդ մասին հայտարարվել է, ՀՀԿ-ից բազմաթիվ գործիչներ են այդ մասին նաեւ խոսել: Ստիպված եմ կրկնել, որ ընդհանրապես Խորհրդային միության տարածքի հանրապետություններում իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական ուժերն, ըստ էության, դադարում են գոյություն ունենալ արագ, կամ՝ մի փոքր դանդաղ: Օրինակ հարց ուղղեմ՝ երբ որ ՔՊ-ն իշխանությունը կորցնի (եւ հեռու չեն այդ ժամանակները, որովհետեւ ապագա խորհրդարանը ես համարում եմ անցումային), ՔՊ-ից ի՞նչ կմնա: Կապրենք կտեսնենք»:

Այն թեման, որի մասին դուք խոսելու եք ընտրարշավի ժամանակ՝ հիմնական թեման կլինի Արցախի հիմնահա՞րցը, հարցրեց Արամ Աբրահամյանը: «Արցախի հարցը կլինի կարեւորագույն թեմա, բայց ես խոսելու եմ բոլոր թեմաների մասին եւ գուցե՝ ոչ մեկ անգամ», հավելեց Շահնազարյանը: Ի՞նչն է այս հարցում սխալ գնում, հարցին՝ Շահնազարյանը պատասխանեց. «Ամեն ինչը, դեռեւս որեւէ ճիշտ քայլ չի արվել»: Իսկ հարցին, Արցախի թեման կդառնա՞ նախընտրական պայքարի հիմնական թեմաներից մեկը, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ միայն ՀԱԿ-ն էր դրա մասին խոսում, մյուսները արտաքին քաղաքականության մասին ընդհանրապես չէր խոսում: «Ոչինչ, հիմա ստիպված կլինեն խոսել, կամ ամոթխած լռել, ես կստիպեմ, որ այդ թեմայով խոսեն, խոստանում եմ: Զգացե՞լ եք, որ այդ թեմայի վրա տաբու է դրված՝ իշխանությունների եւ իշխանական, այսպես կոչված «մամուլի» կողմից, ընդհանրապես չի կարելի խոսել: Ոչինչ, կստիպենք խոսել», նշեց Շահնազարյանը:

Ինչու՞ եք ասում հեղափոխությունը՝ չակերտներում, հարցրեց Արամ Աբրահամյանը: Ժողովուրդը դուրս եկավ փողոց, քշեց իշխանությանը եւ ընտրեց այն մարդուն, որն իրենց ղեկավարում էր, դա դասական հեղափոխության տարբերակ չէ՞:

Շահնազարյանը պատասխանեց. «Դա ոչ միայն ոչ դասական, այլ, ներեցեք, նույնիսկ ժամանակակից հեղափոխության տարբերակ չէ, դրան կարելի է անվանել՝ իշխանափոխության տարբերակ: Հեղափոխությունն իր ժամանակակից իմաստով նշանակում է՝ ամբողջապես հրաժարվել պետական կառավարման, պետական կառուցվածքի նախկին պարադիգմաներից եւ ստեղծել նորը: Իսկ դասական իմաստով լատիներենից թարգմանաբար՝ նշանակում է հեղաշրջում: Հեղափոխություն առայժմ տեղի չի ունեցել, ինչքան էլ փորձում են մեր պետական ինստիտուտները ոչնչացնել, առայժմ դա հեղափոխություն չի: Ինձ թվում է հեղափոխությունը պատրաստվում են հետո անել: Այ դա հետո կանվանենք հեղափոխություն: Առայժմ եղել է իշխանափոխություն՝ դրա մասին էլ հետո կխոսենք»:

Զրույցն ամբողջությամբ՝ «Շանթ» հեռուստաընկերության տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930