Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ խորհրդարանական ընդդիմություն կցանկանա ունենալ Նիկոլ Փաշինյանը

Նոյեմբեր 18,2018 21:21

Նոր ընտրական օրենսգիրքը չընդունվեց, և քաղաքական ուժերը սկսեցին ծանր ու թեթև անել հին ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության նպատակահարմարությունը: Քաղաքական ակտիվ պայքարի կենսափորձ ունեցող կուսակցություններից մի քանիսը՝ «ՀԱԿ»-ը, «Ժառանգություն»-ը, «Երկիր Ծիրանի»-ն որոշեցին չմասնակցել առաջիկա ընտրություններին, կարելի է ենթադրել, մարտավարական նկատառումներից ելնելով: Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը տապալելուց հետո ՀՀԿ-ն նետվեց ընտրապայքարի, հայտարարելով, որ հավակնում է իր դիրքերը պահել Ազգային Ժողովում՝ արմատական ընդդիմության գործն իր վրա վերցնելով:

Լրագրողներն արդեն ակտիվորեն լծվել են քաղաքական վերլուծաբաններից կանխատեսումներ կորզելու գործին, թե ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 9 կուսակցություններից և 2 դաշինքներից որո՞նց կհաջողվի հայտնվել ԱԺ-ում:  Սակայն վերլուծաբանները դեռևս մի բան են հստակ կանխատեսում, որ ընտրություններում հաղթող կդառնա «Իմ քայլը» դաշինքը և կրկին վարչապետ կընտրվի Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերվում է մյուս քաղաքական ուժերից խորհրդարան անցնելու հավանականությանը, ապա դրա վերաբերյալ կանխատեսումներ անելը վերլուծաբանները դեռ վաղ են համարում և խոստանում են այդ մասին խոսել նախընտրական քարոզարշավի ընթացքը տեսնելուց հետո:

Իսկ ինչպիսի՞ խորհրդարանական ընդդիմություն կցանկանա ունենալ Նիկոլ Փաշինյանը: Փորձենք ենթադրել:

  1. Եթե խոսքը վերաբերվում է կուսակցական գործիչ Փաշինյանին, ապա նրա գործը կհեշտանա, եթե ԱԺ-ում լինեն այնպիսի ընդդիմադիր խմբակցություններ, որոնք իր կառավարության գործունեության համար լուրջ խոչընդոտներ չառաջացնեն: Գործող ընտրական օրենսգիրքը դա ավելի հեշտ կապահովի, քանի որ այս դեպքում քաղաքական ուժերի վարկանիշային (ռեյտինգային) ցուցակով առաջադրված թեկնածուներից խորհրդարան կանցնեն նաև գործարարներ և ֆինանսական միջոցներ ունեցող մարդիկ, որոնք դժվար թե իշխանության հետ քաղաքական լուրջ վեճերի բռնվեն: Այդպիսի մարդկանց համար խորթ է քաղաքական փոքրամասնության թիմում լինելը, նրանք սովոր են իշխանության աջակիցը լինելու դերին և մեծ է հավանականությունը, որ նրանցից ոմանք պատգամավորական մանդատներ ստանալուց որոշ ժամանակ անց դուրս կգան ընդդիմադիր խմբակցություններից և կաջակցեն Փաշինյանի քաղաքական թիմին: Դա կբերի խորհրդարանի ընդդիմադիր թևի թուլացմանը և իշխող խմբակցության դիրքերի ավելի ամրապնդմանը, որը սակայն կնվազեցնի անհրաժեշտ քաղաքական բանավեճի արդյունավետությունը:
  2. Եթե խոսքը վերաբերվում է պետական գործիչ Փաշինյանին, ապա նա նախապատվությունը կտա խորհրդարանում լուրջ գաղափարախոսություններ կրող տարբեր ընդդիմադիր խմբակցությունների առկայությանը, որոնք իրենց վրա վերցնելով կառավարության թերացումների քննադատությունը, կառաջարկեն նաև առկա խնդիրների նոր լուծումներ և այլընտրանքային մոտեցումներ: Միայն այդպիսի կազմ ունեցող Ազգային Ժողովը քաղաքական առողջ բանավեճերի միջոցով կարող է ապահովել խորհրդարանական կառավարման անցած մեր երկրի իրավական, քաղաքական և տնտեսական կայուն զարգացումը, ինչպես նաև հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացումը: Այդպիսի խորհրդարանն է, որ կապահովի այն բոլոր ազգային բաղձանքների կատարումը, որոնցով Նիկոլ Փաշինյանը ոգևորել է մարդաշատ հանրահավաքների մասնակիցներին: Նման խորհրդարանի կայացումն ավելի հեշտ կիրականանար, եթե Ազգային ժողովի ընտրություններն անցնեին նոր ընտրական օրենսգրքով և ընդունված լիներ նաև կուսակցությունների մասին սահմանադրական նոր օրենքը:

Մնում է հուսալ, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները վերջինը կլինեն, որոնք կանցկացվեն հին ընտրական օրենսգրքով, և ուզում ենք վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանը պետական գործչի իր կարևոր առաքելությունը շարունակելու համար նորընտիր Ազգային Ժողովում կնախաձեռնի նոր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին սահմանադրական նոր օրենքի ընդունումը, որոնց կիրառությամբ էլ կրկին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ավելի արդյունավետ աշխատող Ազգային Ժողով ձևավորելու համար: Հուսանք, որ այս կարևոր իրադարձությունները կկատարվեն ոչ հեռու ապագայում:

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930