Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի շուրջ զարգացումները եւ Թուրքիայի դիրքորոշումը կորոշեն Արեւելյան գործընկերության ճակատագիրը

Նոյեմբեր 26,2018 20:25

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ապացույց է, որ Արեւելյան գործընկերության երկրները քաղաքականության ընտրություն իրականացնելու խնդիր չունեն `Բրյուսե՞լ, թե՞ Մոսկվա. կարող են համագործակից լինել ԵՄ-ի հետ`ԵԱՏՄ-ի անդամ լինելով: Այս մասին այսօր կարծիք հայտնեց Ավստրիայի հանրապետության Եվրոպայի ինտեգրման եւ արտաքին գործերի դաշնային նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Թոմաս Բուխսբաունը:

Վերջինս գնահատում էր Արեւելյան գործընկերության տասնամյա գործունեության արդյունքները`Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի եւ Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի կազմակերպած «Արեւելյան գործընկերություն. Ապագա իրավիճակը եւ հնարավոր հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ: Այս իմաստով նա դասական եւ բացառիկ է համարում Հայաստանի օրինակը:

Անցած տասնամյակի գործունեությունը դրական գնահատելով`եվրոչինովնիկը նկատեց, որ առաջիկա տասնամյակում Արեւելյան գործընկերության ծրագրերի եւ նպատակների վերանայման, ընդլայնման կարիք կա: Մասնավորաբար, նա նկատի ունի, որ հետագա գործունեությունն այնպես պետք է կազմակերպվի, որպեսզի համագործակցության անդամ հասարակություններում ավելի անմիջական`տարբեր ծրագրերով, համագործակցության արդյունքը զգան իրենց կյանքի որակի բարելավմամբ: Համագործակցության շրջանակներում պետք է հաշվի առնվի նաեւ անդամ երկրների ներքին հարցերը, անվտանգային հարցերը, ԵՄ-ն պետք է պետություններին շահագրգռի`իր հետ համագործակցության համար: Նա առաջ է քաշում նաեւ միասնական լեզվի հարցը: Այդ շարքում ռուսերենն էլ կա, քանի որ հետխորհրդային երկրներում այն շատ օգտագործվող լեզու է:

Հայաստանի մասով, բանախոսը խոստանում է`բնակչության համար ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքներն ավելի ակնառու կլինեն 2020-ից`տարբեր ծրագրերի իրականացման արդյունքում: Ասում է անվտանգային հարցերում էլ կարող են աջակցություններ ցուցաբերել, եթե ունենանք համագործակցության կղզյակներ կամ ոչ ֆորմալ համագործակցության տարրեր:

Արեւելյան գործընկերության խորհրդի ներկայացուցիչ Սամուել Վեսթերբայը գործընկերության հետագա զարգացման մասով կարեւորում է Իրանի շուրջ զարգացումները, քանի որ Հյուսիս-Հարավ մայրուղին անցնում է Կովկասով: Նաեւ, իր համոզմամբ, Թուրքիայի դերը շատ կարեւոր կլինի: ԼՂՀ հարցում կարծում է Թուրքիան ճնշումներ կգործադրի ՌԴ-ի վրա`նկատի ունենալով այդ երկրների համագործակցությունները էներգետիկ եւ առեւտրատնտեսական այլ ոլորտներում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոննիսյանն էլ կարծում է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը մեծացել է: Նա կարծում է, որ ՀՀ-ում այժմ իշխանության են եկել մարդիկ ովքեր իմիտացիայով չեն զբաղվելու, այլ իրական ժողովրդավարական բարեփոխումներ են կատարելու:

Լրատվադաշտն, ասում է, առաջ սահմանափակ էր, այժմ այդ խնդիրը չկա, բայց ապատեղեկատվության եւ կեղծ լուրերի մասով է դաշտը բաց: Այստեղ ՀՀ-ԵՄ համագործակցության մեծ տեղ է տեսնում, ընդհուպ մինչեւ անվտանգության հարցեր: ՀՀ-ԵՄ ռազմական համագործակցությունն էլ հնարավոր է համարում, բնականաբար, պաշտպանական մասով, այդպիսով նվազեցնելով ղարաբաղյան կոնֆլիկտի «տաքացման» հավանականությունը: Նա կարծում է, որ ԵՄ-ն կարող է կոնֆլիկտի թեժացման նվազեցմանը եւ ատելության մթնոլորտի նվազեցմանը նպաստել`զարգացնելով հայ-ադրբեջանական այնպիսի համագործակցություններ, որոնք ուղղակի կապ չունեն ԼՂ-ի կոնֆլիկտի հետ:

ԵՄ-ՀՀ ավիացիոն համաձայնագիրն էլ է կարեւորում, ինչը ավիատոմսերի գների նվազեցման կբերի: Իր կողմից առաջարկում է ռոումինգը հանելու հարցի քննարկումներ սկսել: Դրական է գնահատում նաեւ վիզաների ազատականացման մասով շարունակվող քննարկումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930