Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Մենք մեզ հայտարարել ենք այլընտրանք, բայց ոչ ընդդիմություն»

Նոյեմբեր 28,2018 21:30

Քարոզարշավի շրջանակներում այսօր իր թիմի հետ Վանաձորում էր Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն առաջնորդ, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Այստեղ թեկնածուն խոսեց իրենց ծրագրերի մասին: Հայտարարելով, որ կուսակցության կազմի մեջ են համալսարանական կրթությամբ քաղաքականագետներ. «Ես այս ցուցակով քաղաքականություն եմ բերում մասնագետ քաղաքագետների, Երեւանի դպրոցի ներկայացուցիչների: Մի մասը ցանկի մեջ է, մյուս մասը ծառայելու է, եթե մենք հաջողություն ունեցանք: Քաղաքականության մեջ, եթե ոչ քաղաքագետները, ապա ովքե՞ր պետք է լինեն»:

Շիրինյանը հորդորեց՝ ընտրություն կատարելիս լինել առավել զգոն. «Շորերը փոխել են,  դեմքերը փոխել են, փողկապներով են, օսլայած շապիկներով են, բայց դա հանրապետականություն է: Սա պետք է մեզ զգուշացնի, որ դրա վտանգն ու վերադարձը կա: Մանավանդ ռեյտինգայինի պարագայում մենք պետք է ուշադիր լինենք: Եթե մենք նորից քվեարկելու ենք ծանոթով բարեկամով, եղբոր ասելով, կլանի ներկայացուցչի պահանջով, ակնկալելով նյութական փոխհատուցում եւ այլն, 100 տոկոս երաշխավորված է Սերժի վերադարձը»:

Շիրինյանն ասում է, որ երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ է հավասարակշռված խորհրդարան, որտեղ կլինեն տարբեր ուժերի ներկայացուցիչներ. «Զգուշացնում եմ՝ վարչապետության համար չափազանց վտանգավոր է որեւէ կուսակցության մենատիրությունը: Դրա համար ունենք բանաձեւ, այո՛ մեր վարչապետը, որ ենթադրում ենք, որ նորից Նիկոլ Փաշինյանը կլինի, խորհրդարանում պետք է ունենա պարտադիր մեծամասնություն, բայց այդ մեծամասնությունը չպետք է լինի բացարձակ: Եթե եղավ բացարձակ մեծամասնություն, օրենքները տպվելու են այնպես թղթով, հերթով, ինչպես մեքենաները հաշվում են փողը, եւ դուք ունենալու եք Հանրապետական օրենսդրությանը նմանվող մի բան»,- ասաց կուսակցության առաջնորդն ու շարունակեց. «Մենք մեզ հայտարարել ենք այլընտրանք, բայց ոչ ընդդիմություն: Ինչն է խնդիրը, մենք նաեւ ընդդիմություն ենք, մենք մերժում ենք ՀՀԿ-ին, մինչեւ քաղաքական հայտարարություն չանեն, եւ բոլոր այն մանկլավիկներին, որոնք մինչեւ վերջին շաբաթն իրենց հետ են եղել: Կամ պարբերաբար դուրս են եկել, ներս են գնացել: Բոլորը պատասխանատու են ստեղծված իրավիճակի վրա: Այս իմաստով ընդդիմադիր ենք»:

Կուսակցության հետ հանդիպմանը հավաքվել էին շատ քիչ թվով վանաձորցիներ: Շիրինյանն այս հանգամանքը դրական գնահատեց. «Սա շատ լավ է, մեզ որպես երիտասարդ կուսակցություն թույլ է տալիս խուսափել մեծ  շտաբներ ունենալուց, ակնկալիքներից եւ այլն: Մենք ստեղծել ենք շրջիկ մեքենայական խմբեր, մեր շտաբը մեքենան է: Ե՛վ հեռախոսով, եւ՛ տեղեկատվական միջոցներով մենք սպասարկում ենք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930