Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի պատանի ֆուտբոլիստները Թբիլիսիում հաղթանակներ են տարել (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2018 17:29

Նոյեմբերի 23-24-ը Իջեւանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ 03» թիմը Վրաստանի մայրաքաղաքում մասնակցել է միջազգային ընկերական մրցաշարի։ Իջեւանի թիմը հանդիպումներ է անցկացրել Թբիլիսիի «Դինամո» ակումբի ակադեմիայի սաների եւ Թբիլիսիի «Մերանի» ակումբի թիմի հետ։ Երկու խաղում էլ իջեւանցիները հաղթել են, համապատասխանաբար 3:1 և 5: 0 հաշիվներով։

Թբիլիսիում կազմակերպվել է էքսկուրսիա հայկական Հավլաբար թաղամաս։ Տղաները այցելել են առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի, Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի ուղեկցությամբ շրջել են եկեղեցու տարածքում, ծանոթացել եկեղեցու եւ հայ համայնքի պատմությանն ու գործունեությանը։

Իջևանից ճանապարհվելիս պատանի ֆուտբոլիստներին հյուրընկալել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի օրհնությամբ տղաները ճանապարհվել են Թբիլիսի։

Իջեւանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ մրցաշարին մասնակցելուն աջակցել են Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւ Իջևանի գինու, կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանը։

«Նիկարմ» ֆուտբոլային ակումբը շարունակում է Իջեւանի տարածաշրջանում ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված իր քայլերը։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչներն այցելել են Իջևան, որտեղ «Բաց զվարճալի դպրոցներ» ծրագրի շրջանակներում կազմակերպել են փառատոն:

Միջոցառմանը մասնակցել է 7-13 տարեկան 225 երեխա: Կայացել են զվարճալի ֆուտբոլի խաղեր, այդ թվում՝ մինի ֆուտբոլի հանդիպումներ: Միջոցառման մասնակիցներին ՀՖՖ-ի կողմից նվիրաբերվել են մարզաշապիկներ եւ գնդակներ: Փառատոնին մասնակցել են Իջեւան քաղաքի թիվ 4 եւ թիվ 5 հիմնական, Գետահովիտի, Այգեհովիտի,Աչաջրի, Սարիգյուղի միջնակարգ դպրոցների եւ «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի սաները։

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31