Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանը չի ընդունում, որ փողերի լվացմամբ է զբաղվել, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել է, խոշոր չափերով կաշառք է ստացել

Դեկտեմբեր 12,2018 17:07

Արմեն Գեւորգյանին երեկ՝ դեկտեմբերի 11-ին 3 նոր մեղադրանք է առաջադրվել: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Քննչական մարմինը Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

Ըստ պաշտպանի, Արմեն Գեւորգյանին այս տարվա օգոստոսի 3-ին առաջադրվել էր 332 հոդվածը՝ արդարադատությանը խոչընդոտելը, սակայն քննչական մարմնի կողմից փոփոխվել եւ լրացվել է՝ դառնալով Քրեական օրենսգրքի 300 հոդվածի պրիմ 1 հոդվածի առաջին մաս: Այսինքն՝ Արմեն Գեւորգյանն, ըստ պաշտպանի, նոր հոդվածով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու՝ փողերի լվացման մեջ:

«Մեղադրանքի վերաբերյալ մենք դիրքորոշում ենք հայտնել, որ այն չենք ընդունում, այն մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը: Այսօր կայացել է դատական նիստը, որտեղ պետք է քննության առնվեր քննիչի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Նիստը կայացավ, սակայն միջնորդության բովանդակությունը չի քննարկվել այն պարզ պատճառով, որ այսօր ես նոր ներգրավվել եմ քրեական գործով որպես Արմեն Գեւորգյանի պաշտպան: Բնականաբար գործի նյութերին, հատկապես՝ միջնորդությանը կից նյութերին ծանոթ չեմ եղել եւ դատարանից պահանջել եմ ողջամիտ՝ մեկօրյա ժամկետ՝ նյութերին ծանոթանալու եւ առարկություն ներկայացնելու»:

Պաշտպանն այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ ոչ թե չի ուզում, այլ նոր-նոր է ծանոթանում գործի նյութերին եւ այլ նորություններ դեռեւս չունի: Առաջին մեղադրանքի ժամանակ Արմեն Գեւորգյանի համար որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Արմեն Գեւորգյանը զբաղեցնում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31