Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հուման Բահմանի Հաջի Փուրիին ցանկացել է մեկնել Անգլիա՝ անօրինական եղանակով եւ այդ նպատակով, «Իմո» բջջային հավելվածի միջոցով, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել իրանցի, Անգլիայում բնակվող, քննությամբ ինքնությունը դեռեւս չպարզված ոմն Մեհրանի հետ: Նա 3500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց այս տարվա մարտի 9-ին փոստային առաքումով ստացել է իր տվյալներով լրացված Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիրը եւ հաջորդ օրը՝ մարտի 10-ին, իր անձնագրով Թբիլիսի-Երեւան չվերթով մեկնել է Երեւան։
Հուման Բահմանի Հաջի Փուրին դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով:
Հումանը պահանջել է բեկանել դատավճիռը, եւ ազատազրկել երեք ամսով, իսկ մեղադրող Ա. Մանուկյանը պահանջում է նրան դատապարտել 1 տարի 4 ամիս ժամկետով:
Դատական գործընթացի ժամանակ իրանցին ապահոված է եղել թարգմանով:
Ի դեպ, 24-ամյա իրանցին տեղի համալսարանի քաղաքաշինության բաժնի 2-րդ կուրսի ուսանող է:
Նա կալանավորվել է այս տարվա մարտի 13-ին:
Քրեական գործի վարույթը գտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում, որի կալանավորման որոշմամբ նշվել էր, որ քրեական գործը հարուցվել է Հուման Բահմանի Հաջի Փուրիի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելով Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ապօրինի հատելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրօր-ի 325 հոդվածի 1-ին մասով եւ 34-329 հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը դատարան էր ուղարկվել կարճ ժամանակահատվածում՝ ապրիլի 18-ին:
Նկատենք, որ նա մարտի 10-ին ԻԻՀ քաղաքացու իր անձնագրով Թբիլիսի-Երեւան չվերթով եկել էր Երեւան, իսկ մարտի 12-ին Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնել էր «Երեւան-Մոսկվա-Փարիզ-Դուբլին» չվերթի ավիատոմս: Նա «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ-անցագրային կետում ներկայացրել էր իր լուսանկարով եւ տվյալներով Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիրը, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Դատական գործընթացները, մասնավորապես, իրանցիների մասնակցությամբ, մեծ մասամբ անցնում են արագացված ընթացակարգով, ասել է թե՝ «փակ», մինչ բողոք բերելն այս արագացվածի գործերով, նրանք ընդունում են իրենց մեղքը, ինչպես եղել է իրանցու դեպքում:
Հուման Բահմանի Հաջի Փուրի պաշտպան Լուսինե Ասլանյանը նույնպես միջնորդեց կիրառել դատական քննության արագացված կարգ: Տեղեկացնենք, որ առաջին ատյանի դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել՝ էր՝ կիրառել դատական քննության արագացված կարգ:
Հայաստանյան դատարանն ամբաստանյալ Հուման Բահմանի Հաջի Փուրիի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող, ինչպես նաեւ անձը բնութագրող հանգամանք էր համարել, որ նա երիտասարդ է, զղջացել է կատարած արարքի համար, ընդունել է մեղքը. «Նա լրիվ գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը եւ զղջացել է դրա համար»:
Փուրիի պաշտպան Լ Ասլանյանը միջնորդել էր դատարանին իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Սակայն դատարանը հանգել էր ազատազրկման ձեւով պատիժ կիրառելուն, որը նա պետք է կրի, քանի որ «նվազ խիստ տեսակ տուգանքը չի կարող ապահովել պատժի նպատակները», իսկ ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 3 տարվա երեք քառորդը, որը կազմում է 2 տարի 3 ամիս:
Ըստ էության, նա մեղադրվել է միջին ծանրության եւ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու համար, եւ որ ըստ դատարանի, Հուման Բահմանի Հաջի Փուրիի ուղղումը հնարավոր չէ առանց նշանակված պատիժը կրելու:
Իրեղեն ապացույց ճանաչված անձնագիրը դատավճռի հիման վրա ոչնչացվել է, իսկ «Երեւան-Մոսկվա-Փարիզ-Դուբլին» չվերթի տոմսը, ՀՀ ոստիկանության «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյից 2018թ. մարտի 22-ին ստացված գրության պատասխանը եւ 2018թ. մարտի 12-ին ՀՀ ԱԱԾ ՍԶ օպերատիվ աշխատակցի կողմից կազմված 117 համարի ակտը պահվել է քրեական գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Գործը դեռ դատարանում է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2018


















































