Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի. «Լավագույն ընտանիքը Հայաստանում է»

Դեկտեմբեր 25,2018 23:35

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարեկամ, իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հերթական անգամ դեկտեմբերի  25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ նվագախմբի հետ՝ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Ծրագրում՝ Էննիո Մորիկոնե, Մարտին Պալմեր, Աստոր Պիացոլլա, Ռոբերտո դի Մարինո: Ընդ որում Պալմերի «Տարվա եղանակները» գրվել է հատուկ Պիետրոդարկիի համար: Ճանաչված երաժիշտը ֆանտաստիկ որակեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ հատուկ շնորհակալություն հայտնեց իր բարեկամ Սերգեյ Սմբատյանին: Բազմաթիվ բիսերից հետո նա մի քանի անգամ կրկին բեմ դուրս եկավ, եւ մի քանի գործ կատարեց, իսկ «Ավե Մարիայից» կատարված կտորը նվիրեց վերջերս կյանքից հեռացած իր սիրելի պապիկի հիշատակին:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ասաց, որ ամեն տարի այցելում է Հայաստան, որն իր համար հրաշալի վայր է, եւ հաճույքով համերգ է ունենում հայ ունկնդրի համար: «Սուրբ Ծննդյան տոների շրջանում ամեն ոք կարիք ունի ընտանիքի: Ամեն ոք կարիք ունի հոր եւ մոր, հարազատների, Սուրբ ծնունդը ընտանեկան տոն է, եւ այդ օրը սովորաբար ընտանիքի հետ են նշում:  Ես կարծում եմ, որ լավագույն ընտանիքը Հայաստանում է, դրա համար էլ կրկին այստեղ եմ»,-ասաց ճանաչված բանդոնեոնահարը:

Հավելեց, որ մեկ ամիս առաջ կորցրել է պապիկին, եւ երբ իրեն հայտնեցին լուրը, ինքն այդ ժամանակ  Լոնդոնում էր. «Նա ինձ համար հոր նման էր, ափսոս, որ այդ օրերին ես երկրից բացակայում էի»: Երաժիշտը հայտնեց նաեւ, որ դեկտեմբերի 27-ին իր ծննդյան օրն է, եւ ինքն ուրախ է, որ այդ առիթով շատ սեր ու էներգիա է ստանում Հայաստանից:

Հավելենք, որ համերգն ունկնդրելու էր եկել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ դուստրերի հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31