Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնահատուկ վերաբերմունք Գյումրիում՝ նախագահական ընտանիքին

Հունվար 25,2019 23:39

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եկել էր ունկնդրելու Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Դահլիճ ներս մտնելուն պես՝ բոլորը ոտքի կանգնեցին՝ ծափահարելով նրանց: Հասկանալի է, որ ծափահարում էին նախագահի՝ Գյումրու նկատմամբ տածած սիրո, կոլորիտով այս քաղաք հաճախակի այցելելու ու այն գովազդելու համար:

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Բացարձակապես ոչ սովորական օր է այսօր, եթե հետ գնանք ընդամենը 30 տարի՝ երկրաշարժից հետո, երբ այս քաղաքի կեսից շատը չկար, հսկայական զոհեր, ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ ինքը պետք է սիմֆոնիկ նվագախումբ ունենա: Դա հատուկ մարդիկ կարող են անել, հատուկ ժողովուրդ, հատուկ կամքի ուժ, և ընդհանրապես համառություն և նվիրվածություն ունեցող մարդիկ: Շատերն այդպիսի դժբախտությունից հետո դեպրեսիայի մեջ են ընկնում տարիներ ու տասնամյակներ, իսկ գյումրեցիները որոշեցին, որ ոչ թե մի փոքր բան պետք է անեն, համարյա անհասանելի ՝ Օլիմպոս»:

Նախագահն ասաց, որ առաջին անգամն էր լսում Գյումրու սիմֆոնիկի կենդանի կատարումները, մինչ այդ լսել էր ձայնագրություները: Այս օրը,  ըստ նախագահի, բացի հոբելյանական օր լինելուց, շատ գեղեցիկ օր էր իր ընտանիքի համար, քանի  որ աշխատանքային օրվա ավարտից 1,5 ժամ հետո Գյումրիում էին՝ բարեկամների ու ընկերների հետ ու հոյակապ երեկո էին անցկացնում:

Արմեն Սարգսյանն ասաց, որ այսօր Գյումրիում չի կարող մնալ, քանի որ վաղը գիտաժողով կա,  հյուրեր ունի, հանդիպելու է Իտալիայի կրթության հիմնադրամի խմբի հետ, որի կազմում են գիտնականներ, համալսարանի պրոֆեսորներ:

Մենք կարծիք հարցրեցինք մեծ աղմուկ հանած պարգևավճարների մասին, սակայն նախագահն առաջարկեց խոսել մեկ այլ առիթով:

«Մեր կյանքը լի է տարբեր հարցերով, խնդիրներով, որոնցից մեկը դուք բարձրացրեցիք,  հանրությանն այսօր հետաքրքում է ինչ-որ ժամանակ, հետո ինչ-որ ժամանակ այլ հարցեր է հետաքրքրում, բազմաթիվ հարցեր ունենք, որոնք լուծված չեն: Չմոռանանք, որ կան բազմաթիվ կարևոր արժեքներ, որոնք մնայուն են. Գյումրին իր մշակույթով և 25-ամյա սիմֆոնիկ նվագախմբով: Սա հասուն նվագախումբ է, որը զարգանալու համար կարիք ունի անընդհատ համերգներ տալու և Երևանում, և Երևանից դուրս, և ընդհանրապես Հայաստանից դուրս՝ արտասահմանում»:

Նախագահը խոսեց նաև Գյումրու՝ համերգասրահ ունենալու անհրաժեշտության, Գյումրու թատրոնի վերանորոգման մասին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ստորեւ լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031