Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Հունվար 25,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հիսունչորսերորդ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Չնայած Շենգավիթցի  Սերոբը սառեցված դաշնակ Օհանյան Ավիկին միսենյականոց   ու որեւէ այլ բան չի խոստացել, սառեցված դաշնակ Օհանյան Ավիկն ինչքան էլ տաքանա, Սերոբին էլ գոռգոռալու  ու աղմկելու համար դիտողություն ու նկատողություն չի անում, որովհետեւ եթե գոռգոռալու ու աղմկելու համար Սերոբին դիտողություն  ու նկատողություն անի, Սերոբն ավելի ուժեղ կգոռգոռա, որպեսզի ներկաները մի ավելորդ անգամ համոզվեն, որ Շենգավիթցի Սերոբը որեւէ մեկից չի վախենում եւ որեւէ մեկի առաջ հաշվետու չի, եւ որեւէ մեկը Շենգավիթցի Սերոբին քաղաքավարության դասեր տալու իրավունք չունի, եւ սառեցված դաշնակ Օհանյան Ավիկն ինչքան էլ տաքանա, Անանիային էլ գոռգոռալու համար նկատողություն չի անում, որովհետեւ Մաղաքյան Անանիան երբեւէ չի գոռգոռում, եւ սառեցված դաշնակ Օհանյան Ավիկն ինչքան էլ տաքանա, Աթոյան Լեւոնին էլ գոռգոռալու համար չի կարող նկատողություն անել՝ միեւնույն պատճառով, եւ սառեցված դաշնակ Օհանյան Ավիկն ինչքան էլ տաքանա, Մանուկյան Ջոնին էլ գոռգոռալու համար նկատողություն ու դիտողություն չի անում՝ ինձ միանգամայն անհայտ պատճառով, եւ չնայած տպավորությունն էնպիսին է, թե՝ երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկը կողքի սեղանից մշտապես նկատողություն ու դիտողություն է անում  գոռգոռացող ու աղմկող օրթախականներին, իրականում Ավիկը, ինչպես համոզվեցիք, գոռգոռալու ու աղմկելու համար հիմնականում դիտողություն ու նկատողություն է անում երբեմնի պատգամավոր եւ ժողովրդի երբեմնի սիրելի Սադոյան Արշակին ոչ միայն այն պատճառով, որ Սադոյան Արշակն ամենից քիչն է հավատում երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկի կենսագրության պատերազմական ու հերոսական դրվագներին, այլեւ էն պատճառով, որ Սադոյան Արշակի գոռգոռոցն ամենից շատն են ազդում իրիկվա էդ ժամին «Մարինոյում» ներկա գտնվողների՝ ներառյալ  սրճարանի պահակի վրա, ով ինքն էլ հաճույքով դիտողություն ու նկատողություն կաներ իրիկվա էդ ժամերին մշտապես գոռգոռացող ու ղժղժացող Սադոյան Արշակին, բայց էդ բանը չի անում՝ ոչ միայն էն պատճառով, որ ժամանակին ինքն էլ է Արշակ Սադոյանի մոլի ու թունդ երկրպագուն եղել, այլեւ էն  պատճառով, որ սրճարանի պահակն արդեն ինքն էլ իր կյանքը չի պատկերացնում՝ առանց էդ իրիկնային գոռգոռոցների ու առանց էդ աղմուկի, եւ, դրանից էլ բացի, պահակի սեղանն օրթախականների սեղանից բովական հեռու է, եւ եթե օրթախականները նորմալ ու սովորական մահկանացուների պես չգոռգոռան եւ իրար հետ հանգիստ ու անաղմուկ խոսեն, պահակը, փաստորեն, մասնակից չի դառնա օրթախականների քաղաքական ու ապաքաղաքական բանավեճերին:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել