Հայաստանում առկա իրավիճակը ամենեւին հնարավոր չէ միանշանակ բնութագրել, վերլուծել եւ կամ կանխատեսել: Դատեք ինքներդ: Իշխանության թեւերից առաջինն անփորձ է` Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը նկատի ունենք, նրա հույսին մնալն առայժմ անհույս բան է: Երկրորդ իշխանությունը` գործադիրը, միգուցե ամենից ռեալ լծակներն ունի, չնայած նախագահականում երդվեց այնպիսի բաներ, որոնք գոնե այս պահին իրականացնելը շատ դժվար է (տես` Աստվածաշունչը` երդման ինստիտուտի մասին): Երրորդ իշխանությունը` դատականը, ամբողջովին հին իներցիայի ուժով է գործում, նրա հանդեպ հույս տածել, նշանակում է ձեռքը գցել փրփուրներին: Չորրորդ իշխանությունը` մեդիա դաշտը մեծի մասով պատկանում է նախկին իշխանությանն ու տարբեր խմբերի` նրանից ճշմարտանման կամ չուղղորդված տեղեկություն սպասել առաջին երեքի մասին քանի գնում տեսականորեն անհնարին է դառնում:
Ահա այս ականապատ դաշտում գործող իշխանությունից պահանջել խնդիրների լուծման հրատապ, արդյունավետ եւ ոչ ամբոխահաճո ձեռագիր` երեւի պիտի որ եթե ոչ անհնարին, ապա շատ դժվար լինի: Այնուամենայնիվ` սպասում կա, անգամ` հանրության առավել փորձառու եւ կրթված շերտերում: Բացի այդ` այնքան շատ իրադարձություններ են կատարվում մեկ շաբաթում Հայաստանում եւ Հայաստանի շուրջը, որ ողջ տեղեկատվությանը տիրապետելը հենց գլխանց դժվար է: Այնպես որ` մենք էլ մի քանի դիտարկում կանենք մեզ հետաքրքրող մի քանի ուղղությամբ:
Հավաքեք զենքը, պարոնայք իրավապահներ
Հարց նոր իշխանությանը. ինչու զենքը չեք հավաքում, եթե, իրոք, սա նոր Հայաստան է, ինչու կան զենք կրող արտոնյալներ, որոնք ցանկացած պահին դա հանում եւ գործի են դնում: Իրոք, ինչու չեք կարողանում հավաքել զենքը զանազան մեծահարուստների, նրանց զավակների, տարբեր արկածախնդիրների մոտից, երբ համարյա ամեն օր զենքի գործադրմամբ հանցագործություններ են կատարվում: Վերջինն Աբովյանի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած «ռազբորկան» է` մահվան դեպքով եւ ծանր վիրավորներով:
Չե՞ք կարողանում` ձայն հանեք, ժողովուրդը հավաքվի եւ իրեն ընտրախավ համարող համբակներին զինաթափի: Առհասարակ` մինչ մեր իրավապահները եսիմ ինչ շարժառիթներով եսիմ ինչ գործողություններով են զբաղված` ամեն օր դաժան սպանությունների, կողոպուտների ու ռազբորկաների ականատեսն ենք լինում: Մեր հասարակություն է՞ դաժանացել, թե՞ մեր իրավապահներն են թուլացել, նրանցից այլեւս ոչ ոք չի վախենում, ու դրա համար կա այսպիսի պատկեր; Այլապես ինչ մտածես: Թե հացադուլից մեռնող կայքի խմբագիր, հարցաքննության կանչվող մի այլ կայքի խմբագիր` սրանք ե՞ն նորմա կամ արդիական թեմա հիմա մեր իրավապահների համար: Մնաց եհովականների իրավունքների բողոքներով զբաղվեք`սովորական կարգուկանոն հաստատելու փոխարեն:
Բոնուսներ` աղքատության հոտից ազատվելու համար
Նախարարներից Ֆելիքս Ցոլակյանը մի խիստ վիճելի միտք է ասել` թե աղքատն ինչքան էլ հարստանա` նրանից մի քսան տարի աղքատության հոտ է գալիս: Տո դե արի ու մի ասա, երեսուն տարի առաջ, սովետի ժամանակ, երբ բոլորը հավասարեցված աշխատավարձ էին ստանում, ո՞վ էր հարուստ. ճիշտ է` միայն պետությունից գողացողներն ու տակից կաշառք վերցնողները, որոնք հետո գրոշներով սեփականեցին պետության ունեցվածքն ու ողջ ժողովրդի վրա «գողական» նստեցին: Իսկ ողջ ժողովուրդն աղքատ էր: Հիմա Ցոլակյանի տրամաբանությամբ` ողջ ժողովրդից բնական է, որ պետք է աղքատի հոտ գա: Ինքն էլ, բնականաբար, աղքատի հոտ արձակողների մեջ չէ, ուրե՞մն… Ամոթ է, ամոթ, եւ սա ՆՈՐ իշխանության նախարար է, որ ողջ ժողովրդին է պիտակներ կպցնում:
Ու մի անգամ էլ վերադառնալով ողջ շաբաթ չարչրկված բոնուսների թեմային, չնայած այն բանին, որ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե պաշտոնյաների պարգեւատրումները երեսուն տոկոսով կրճատվելու են, կանգ առնենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն մտքի վրա, թե «Պետական համակարգում աշխատավարձերը պետք է սարքենք մրցունակ, որ լավագույն կադրերը չգնան մասնավոր սեկտոր»: Միանգամից պատասխանենք` նախ տնտեսությունը սարքեք մրցունակ, հետո նոր կտեսնենք` այդ կադրերն արժանի են բոնուսի կամ բարձր աշխատավարձի, թե՞ ոչ: Որովհետեւ ոչ ոք պիտի որ անփոխարինելի չլինի, էդ ինչ մի անհասանելի գիտելիքներով մասնագետներ են, որ ուզում են մասնավոր սեկտոր գնան, բայց… հեղափոխություն են արել կամ անում: Ի վերջո միջին վիճակագրական հայի եկամուտին տասն-տասնհինգ անգամ գերազանցող աշխատավարձեր են ստանում, եթե միայն տասներեքերորդ աշխատավարձը լիներ, չէինք ասի, բայց ոմանք աստղաբաշխական գումարներ են ստացել, էլ կոռուպցիան ո՞նց է լինում:
Նոր մարդիկ վերցրեք, որոնք չեն հավակնում այդ բարձր բոնուսներին, բազմաթիվ պիտանի կադրեր կան, որոնք քաղաքական խմբից չեն, սակայն հիանալի մասնագետներ են եւ պատրաստ են էդ սովորական աշխատավարձերով էլ երկնքից աստղեր իջեցնել, հեռացողներից ազատվեք, դրանց ախորժակն անընդհատ բացվելու է: Աղքատ ժողովուրդը չի կարող հարուստ նախարար ունենալ, պետք է նախ ժողովրդի կեցության մակարդակը մի փոքր տանելի դարձնել, որից հետո նախարարի միլիոնները ոչ մեկը չի նկատի: Բացի այդ` միայն նույն քաղաքական խմբին սպասարկող մարդկանց աշխատանքի վերցնելը, հետո էլ միլիոններ պարգեւատրելը մեծ հաշվով կոչվում է քաղաքական կոռուպցիա, պայմանագրային, կամ ոչ:
Ես հաստատ ավելի լավ չեմ ձեւակերպի բոնուսների թեման՝ ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ձեւակերպման համեմատ, որն ամենից բաձր պարգեւատրումներով աչքի ընկած համակարգի` ՊԵկ-ի ղեկավարին գրում է.
«ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյան, հրավիրում եմ Ձեզ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն` Լաերտին (հաշմանդամ դարձած զինվոր) բացատրելու, թե ինչո՞ւ իր լսողությունը վերականգնելու համար պետությունը փող չունի, իսկ Ձեր քարտուղարուհուն միլիոնների գումար է նվիրաբերվում, Դավիթին բացատրելու, թե հանուն ո՞ւմ ինքը կորցրեց ոտքերը, եւ թե ինչո՞ւ այսօր պետությունը իր համար պրոթեզներ չի կարողանում գնել, բայց Ձեզ միլիոնների հասնող պարգեւավճարներ է շնորհում»:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» օրաթերթի այս համարում


















































