Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ավետիսյան. «Մինասի որմնանկարը փրկելու ծրագիր նախարարությունը չունի»

Փետրվար 08,2019 14:02

Մինասի 1973 թ. ստեղծած «Գիշեր» որմնանկարը, որ գտնվում է Գյումրիի չգործող գործարանի շենքում, կործանման եզրին է: Փետրվարի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում այդ մասին ահազանգ հնչեցրին Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը և «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը:

«Մեզ նախարարությունից  ասել են, որ գործնական առումով բան չունենք պատասխանելու: Կար պետական ծրագիր, որի միջոցով Մինասի 8 որմնանկար էր հանվել, ամրակայվել եւ փրկել: Նույն ծրագրով մնացել էր վերականգնել Մինասի «Գիշեր» հայտնի գործը, որն ամենաշատն է վնասված, սակայն ամեն անգամ հերթը չէր հասնում «Գիշերին»: Այն կազմակերպությունները, անհատները, որոնք վճարում էին որմնանկարը տեղափոխելու համար, աշխատում էին առաջին հերթին հանել այն որմնանկարը, որն ավելի քիչ էր վնասված: Ի դեպ, «Գիշերը» նույնպես որպես հուշարձան պահպանվում է պետության կողմից»,-ասաց Արման Ավետիսյանը: Հավելեց, որ  «Ցերեկ» որմնանկարը չի պահպանվել:

 Մանրամասները` տեսանյութում

 Նա հիշեցրեց, որ  նախորդ տարի ասուլիսում մի անգամ էլ են բարձրացրել «Գիշերի» պահպանման հարցը, այնուհետեւ ինքը հանդիպել է այն ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, սակայն հասկացել է, որ որմնանկարը փրկելու ծրագիր նախարարությունը չունի:

 Մանրամասները` տեսանյութում

«Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը շեշտում է` անցյալ տարի գրավոր դիմել են նոր իշխանություններին` սկսած վարչապետից, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: «Անգամ գրավոր պատասխան, որ կհետեւենք, դա էլ չկա»,-տարակուսանք է հայտնում հիմնադրամի տնօրենը:

Նաեւ հավելեց, որ մշակույթի նախարարությունը խոստացել էր գումար հատկացնել, որպեսզի գոնե մինչեւ վերականգնումը որմնանկարը պահպանվի, սակայն խոստումը չի պահել: Արման Ավետիսյանը հայտնեց, որ որմնանկարի փրկության համար նախկինում  արվել էր նախահաշվարկ, որն իր մեջ ներառում էր նաեւ Մինասի «Ցերեկի» փրկությունը, սակայն վերջինս արդեն չկա, ստիպված են նոր նախահաշվարկ անել: Նրա խոսքերով, շուրջ 20.000-25.000 դոլար է անհրաժեշտ Մինաս Ավետիսյանի  «Գիշեր» որմնանկարը փրկելու համար:

Լրագրողի հարցին՝ իր կարծիքով Մինասը բավարար չափով արժեւորված չէ՞, որ նրա ժառանգությունը  պատշաճ ուշադրության չի արժանանում, Արման Ավետիսյանը դժվարացավ պատասխանել: «Գուցե հարցը պատկան մարմիններին ուղղվի»,-ասաց նա:

«Հայաստանն ունի մշակույթ, որը գերազանցում է իր հնարավորությունների, պահպանման եւ ներկայացման չափերը: Հայաստանն ի զորու չէ միանգամից այդ հարցերը լուծել, բայց մտածել, որ մենք փոքր երկիր ենք, ինչն անընդհատ շեշտվում է, համարում եմ հանցագործություն: Մենք փոքր երկիր չենք, նորմալ երկիր ենք մեծ մշակույթով, որն անհրաժեշտ է պահպանել»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում

Հիշեցրեց, որ նախկին կուլտուրայի մինիստրությունն ուներ որմնանկարների վերականգնման լաբորատորիա: Հայ մասնագետները ժամանակին կտրել-հանել էին Մինասի որմնանկարի մի մասը, որպեսզի վերականգնեն: Սակայն լուր էին ստացել, որ լաբորատորիան փակվել է, ֆինանսավորում չի լինելու, հետեւաբար աշխատանքները չեն կարող շարունակվել: «Իրենք որմնանկարի կտորները դնում են պատի տակ, մեկնում են Երեւան պարզելու, թե ինչ հաշիվ է: Երբ մեկ շաբաթ անց վերադառնում են, կտորները ոչնչացված են լինում, որովհետեւ գործարանը քանդուքարափ էր, մարդիկ փայտ էին ման գալիս, որ վառեին, ու ոչ ոք չէր մտածում, որ դա որմնանկարն է», -հիշեց Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրենը:

Մանրամասները` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728