Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի նախագահը հնարավոր է՝ մասնակցի Հ1-ի ղեկավար դառնալու համար մրցույթին

Փետրվար 14,2019 10:44

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:

-Վերջին շրջանում հեռուստաոլորտում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում՝ ստեղծվում են նոր լրատվամիջոցներ, փոխվում են սեփականատերեր եւ այլն: Ձեր կարծիքով՝ արդյոք այս փոփոխությունները կհանգեցնե՞ն նաեւ որակական փոփոխության այս ոլորտում:

-Համոզված եմ, որ հաստատ չի լինի որակական ոչ մի փոփոխություն: Կլինի միայն ուղղվածության փոփոխություն: Հեղափոխությունից հետո ստացվեց, որ մեդիաոլորտում փողը՝ առեւտրային մոտեցումը, գալիս է առաջին պլան, եւ դրանով է թելադրվելու և որոշվելու, թե ինչ են անելու: Եվ քանի որ փողը գտնվում է այն մարդկանց ձեռքում, ովքեր այսօր «երկրորդ շարասյան» մեջ են հայտնվել՝ նրանց ձգտումը դեպի «առաջին շարասյուն» արդեն դառնում է ակնհայտ և ցավալի երևույթ: Եվ ցավոք, հեռուստաոլորտն ու ընդհանրապես՝ մամուլը տեղավորվելու են այդ շարասյան վագոններում: Եվ ակնհայտ է, որ սկսվելու է ուղեղներ լվանալու և հակահեղափոխական մեծ շարժում:

– Իշխանափոխությունից հետո որոշ տեսակետներ էին հնչում, որ 2002-ի եթերազրկմամբ «Ա1+»-ի հանդեպ թույլ տրված անարդարությունն էլ պետք է շտկվի: Դրա ի՞նչ հնարավորություն եք տեսնում՝ «Ա1+»-ը մասնակցելո՞ւ է մրցույթների:

– Դեռ այդ առնչությամբ որեւէ գործընթաց չի սկսվել: Թեեւ մտահոգված ենք «Ա1+»–ի ապագայով եւ թիմը լրջորեն պատրաստվում է մասնակցելու մրցույթի: Որ «Ա1+»– ի թիմը մասնակցելու է՝ միանշանակ է: 17 տարի սպասելուց հետո՝ այդ հնարավորությունը բաց թողնելը սխալ կլինի:

– Բայց մինչ այդ՝ մարտի 1-ին լրանում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Հետևաբար՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղ է առաջանալու: Իսկ գուցե փորձեք նվաճել ավելի մե՞ծ տիրույթ, քան ունեիք նախկինում:

– Որեւէ մտադրություն չունեմ ինչ որ բան զավթելու, նվաճելու կամ տիրելու:

«Ա1+»-ն իմ զավակն է: Բայց այն վաղուց արդեն չափահաս է՝ «Ա1+»-ը նորմալ ընթացքի մեջ է, աշխատում է, կառավարումն արդեն փայլուն է իրականացվում՝ առանց ինձ էլ: Եղավ դժվար շրջան, որը հաղթահարեցինք և միանշանակ շարժվելու ենք առաջ:

Եվ ես հիմա նույնիսկ կարող էի հանգստի անցնել, բայց այլ մտադրություն ունեմ, քանի որ մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է այս ոլորտում: Հանրային հեռուստառադիոընկերության մրցույթին մասնակցելը հետաքրքիր գաղափար է: Ինձ այն հետաքրքրում է՝ մասնավորապես հաշվի առնելով, որ այդ հեռուստաընկերությունն այժմ փոփոխությունների փուլում է, ունի դժվարություններ լիովին իրականացնելու հանրային հեռարձակողի իր գործառույթը: Ու թերեւս արժե, որ Հայաստանը վերջապես ունենա իրական հանրային հեռուստատեսություն: Այս առնչությամբ ծրագրեր ունեմ, ունեմ նաև պրոֆեսիոնալ փորձ, որը կարելի է ուղղել դեպի ինձ հետաքրքրող և հարազատ գործ:

Մրցույթին մասնակցությունս պայմանավորված կլինի, թե ինչ պայմաններով կհայտարարվի, ովքեր կմասնակցեն: Բայց երեւի կմասնակցեմ՝ կփորձեմ իմ ուժերը բոլոր թեկնածուների հետ: Դա ինձ շատ հետաքրքիր է: Մնացածը կորոշի հանրությունը:

Զրույցը վարեց Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Որպես հասարակ քաղաքացի, փաստում եմ, ներկայիս մեդիա դաշտը Հայաստանում չի նպաստում ոչ համամարդկային և ազգային արժեքների, զարգացմանը, ոչ կրթական, ոչ էլ բարոյահոգեբանական մակարդակի բարձրացմանը: Ովքեր որ տնօրինում են հսկայական ռեսուրսներ, մարդկային այդ մակարդակը չունեն, որ այսպիսի խնդիրներով զբաղվեն: Նրանց խնդիրն է այսօր, օգտագործել այդ ռեսուրսները յուրացրածը պահպանելու և սեփական անցյալը սրբագրելու համար: Կարծում եմ, կառավարությունը այստեղ ևս (ինչպես և ցանկացած ոլորտում Հայաստանում) մեծ անելիքներ ունի: Ուրիշ բան, ինչ կստացվի:

  2. Քաղաքացի says:

    Մեկ դիտարկում ևս: Սարսափելին այն չէ միայն, որ երկիրը վերից վար թալանված է, էլ ավելի սարսափելին նա է, որ այդ տարիների ընթացքում ժողովուրդը դեգրադացվել է և գաղափարապես և բարոյապես, կորցրել ճիշտ պատկերացումները, կյանքի, աշխատանքի, արժեքների հանդեպ: Փողն է դարձել կուռքն ու նպատակը: Եվ դա է միայն քարոզում մեր մեդիա դաշտը․

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728