Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը, մենք և մեր երկիրը

Մարտ 03,2019 12:00 Share

Շուտով կլրանա Հայաստանյան հեղափոխության հաղթանակի մեկ տարին: Ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության հաղթանակի մեկ տարին: Մենք հոբելյաններ սիրող ժողովուրդ ենք, և համոզված եմ, որ հեղափոխության մեկ տարին էլ սիրով կնշենք: Հատկապես նրանք, ովքեր գտնում են, որ Հայաստանի պատմության թանգարանում արժե բաց անել այս վերջին՝ թավշյա հեղափոխությանը վերաբերող բաժին: Հատկապես ու առանձնապես նրանք, ովքեր անմիջականորեն մասնակցել են հեղափոխությանը և գտնում են, որ հեղափոխությունը մեր երկրի համար անհրաժեշտություն էր և հեղափոխության շնորհիվ Հայաստանը զգալի առաջընթաց է ապրել:

Իսկ մենք համարում ենք, որ դեռ վաղ է հեղափոխության հաղթանակի հոբելյանը նշելը, որովհետև գտնում ենք, որ հեղափոխությունը շարունակվում է և դեռևս վերջնական հաղթանակի չի հասել, և եթե ասում ենք, որ հեղափոխությունը հաղթել է, նկատի ունենք, որ երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել, և հեղափոխականները տիրացել են երկրի ողջ իշխանությանը, բայց ընդունենք, որ հեղափոխության լիակատար հաղթանակը կարձանագրվի միայն էն դեպքում, եթե ժողովուրդը և նույնիսկ հակահեղափոխականներն ընդունեն, որ հեղափոխության շնորհիվ և հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցան բացառապես դրական փոփոխություններ:

Բայց համաձայնվեք, որ չափազանց դժվար է բավարարել մեր քաղաքացիների ցանկությունները, որոնց մեծ մասը նոր իշխանություններից ակնկալում է չափազանց մեծ բաներ, ընդ որում՝ բոլոր բնագավառներում: Թոշակառուներն անհամբեր սպասում են կենսաթոշակների բարձրացմանը: Աշխատավորները հույս ունեն, որ աշխատավարձերը կբարձրանան, ընդ որում՝ շոշափելիորեն: Գործազուրկները հույս ունեն, որ վերջապես աշխատանք կունենան:

Մի խոսքով, քաղաքացիներն անհամբեր սպասում են դրական փոփոխությունների, ինչը հեղափոխական հաղթողներից ոչ միայն մեծ «դուխ», այլև մեծ խելք և պատասխանատվության մեծ զգացում է պահանջում: Եվ որպես թերություն նշելով՝ պիտի ասեմ, որ մեր պահանջատեր ու պահանջկոտ քաղաքացիները հեղափոխական հաղթողներից լիքը բարիքներ պահանջելով՝ սպասում են, որ էդ բոլոր բարիքները հեղափոխականներն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը պիտի սկուտեղի վրա մատուցեն մեզ, և մեր քաղաքացիներից բացառիկներն են գիտակցում, որ մեր երկրի կառուցման գործում անձամբ իրենք ևս անելիքներ ունեն, և ինչպես անձամբ իրենք հեղափոխության հաղթանակին են անձամբ նպաստել, նույն կերպ նաև հեղափոխության արդյունք Նոր Հայաստանի կառուցմանն ու բարգավաճմանը պիտի անձամբ նպաստեն, և միայն այդ դեպքում մեր երկիրը կբարգավաճի ու կլուսավորվի, և չնայած թավշյա հեղափոխության ընթացքում մեր քաղաքացիները ( ինչպես նաև՝ գյուղացիները) չտեսնված ակտիվություն հանդես բերեցին, պիտի խոստովանենք, որ նույն ակտիվությունը հանդես չեն բերում պետության կերտման գործում, ավելի ճիշտ՝ ակտիվություն հանդես են բերում, բայց միայն՝ որոշ հարցերում:

Մեր քաղաքացիները չափազանց մեծ ակտիվություն են հանդես բերում հատկապես այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է նախկին հանցավորներին պատասխանատվության ենթարկելուն ու պատժելուն: Մեր քաղաքացիները նախանձելի ակտիվություն հանդես բերեցին հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման հարցում և, փաստորեն , թույլ չտվեցին, որպեսզի գեներալի խափանման միջոցը փոխվի: Այդ հարցում հատկապես էջմիածինցիները մեծ ակտիվություն հանդես բերեցին: Բայց, կարծում եմ, ժամանակն է, որ «նախկինների» հանցանքները հիշելիս ու նշելիս՝ մենք դրանում նաև մեղքի մեր բաժինը գիտակցենք: Մանվել Գրիգորյանի պարագայում մենք (հատկապես էջմիածինցիները) պետք է գիտակցենք, որ միայն մեր հանդուրժողականության պայմաններում կարող էր «Մանվել Գրիգորյան» կերպարը կայանալ:

Եթե մենք շարունակենք նման հանդուրժողականություն հանդես բերել, մանվելգրիգորյաններ միշտ էլ կառաջանան, բայց այս հանգամանքը քչերն են գիտակցում, և Մանվել Գրիգորյանի գոյությունը նույնիսկ Վազգեն Սարգսյանի մեղքն ենք համարում, բայց ոչ երբեք՝ մերը, և եթե մենք օրինազանցների ու կարգազանցների հանդեպ անհանդուրժողականություն հանդես բերենք, մեր շարքերում օրինազանցներ ու կարգազանցներ դժվար թե առաջանան, և կարգազանցների ու օրինազանցների բացակայության պարագայում արդեն կունենանք կառուցողական և կառուցող՝ երկիր կառուցող հասարակություն, որի կառուցած երկիրը մեկին մեկ նման կլինի այն երկրին, որի տեսլականը մշտապես մեր երազանքների մեջ է և որը մշտապես պահանջում ենք գործող իշխանություններից:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031