Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Եթե չլինեին Փաշինյանը եւ եւս մեկ-երկուսը, դուք հաստատ այս դահլիճում չէիք լինի»

Ապրիլ 16,2019 11:49

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի հեղինակած մեկ, եւ ԲՀԿ-ի ներկայացրած երկու օրենքի նախագծերը, որոնց վերաբերյալ պատգամավորների ելույթները լեզվակռվի հանգեցրին:

Նախ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գործընկերներին հետեւյալ կոչը հղեց. «Մի սեփականաշնորհեք հեղափոխությունը, հանրությանը մի դարձրեք ամբոխ, որը մի «ճտտոցով» սոցցանցերում զոմբիի պես հարձակվում է ու ասում, թե մենք դեմ ենք հեղափոխությանը: Ընդամենն առաջարկում ենք քննարկել մեր նախագծերը: Դակելն ու առաջ գնալը վատ հիշողություններ են առաջացնում անցյալի մասին»:

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ԲՀԿ-ի նախագծերից մեկն անհեթեթ որակեց, ինչի վերաբերյալ էլ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Դա ձեր քաղաքական դաստիարակության բացակայության մասին է խոսում: Ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին եւ եւս մեկ երկուսին, որ դուք այսօր այստեղ նստած եք՝ զուտ պատահականորեն»: Զոհրաբյանի ելույթին ծափեր հաջորդեցին:

 

«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ հայտարարեց. «Ընդդիմություն ներկայացող խմբակցությունների նախագծերի բովանդակությունը վիճելի է, ուստի «պոպուլիզմ» բառը տեղին է: Գեւորգ Պետրոսյանից ողջամտության մասին ելույթներ ենք լսում, ԲՀԿ-ն էլ խոսում է «նախկին»-ի մասին: Լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ: Եկեք դադարեցնենք այս ամենը: Էլի եմ ասում՝ լո՞ւրջ եք ասում, թե ով է ավելի մոտ ժողովրդին: Ակնհայտ է, որ սաբոտաժի մարտավարություն է ընտրված՝ հանրության ականջին օգտակար որոշումներ բերելու համար, որոնց իրականացումը իրենք էլ չեն պատկերացնում, հետո էլ պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում»:

Համազասպ Դանիելյանի ելույթը զայրացրեց Նաիրա Զոհրաբյանին. «Համազասպ Դանիելյան, զուսպ եղեք, այն, ինչ արել է ԲՀԿ-ն, ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տա այն գնահատել եւ հասկանալ: Մի քիչ համեստ եղեք: Եթե չլինեին Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ էլի մեկ-երկուսը, որտե՞ղ կլիներ ձեր մեծամասնությունը: Հաստատ՝ ոչ այս դահլիճում: Տարրական հարգանք ունեցեք փորձառու քաղաքական գործիչների հանդեպ: Մի փորձեք հանրությանն անընդհատ վախեցնել հակահեղափոխության ստվերով: Քանի որ գործ չունեք անելու, թշնամի եք փնտրում: Ձեզանից որեւէ մեկը չի վաստակել իրավունք ասելու, որ ԲՀԿ-ն անհեթեթ նախագիծ է ներկայացրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930