Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետը որոշել է մասնավոր տարածքում հանրային պուրակ հիմնել, հարուցվել է քրեական գործ

Մայիս 21,2019 15:18

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչ, ավագանու անդամ Վալերի Մելիքբեկյանը Իջեւան, Անկախության 13/41 հասցեում հասարակական կառուցապատման հողամաս է գնել եւ ցանկանում է կառուցել 50-60 աշխատատեղով առեւտրի եւ սպասարկման օբյեկտ։ Քաղաքապետ Վարդան Ղալումյանը (լուսանկարում), ըստ պրն Մելիքբեկյանի՝ առանց որեւէ հիմնավորման, շինարարության թույլտվություն չի տալիս։

Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետն է 2011 թվականից։ Եվ եթե 2017-ին Վարդան Ղալումյանը Վալերի Մելիքբեկյանին պարզապես շինթույլտվություն չէր տալիս, ապա հիմա՝ 2019 թվականի ապրիլի 10-ին, Իջեւանի ավագանին՝ քաղաքապետի ցանկությամբ եւ գլխավորությամբ, որոշել է Վալերի Մելիքբեկյանին պատկանող տարածքում պուրակ հիմնել եւ դրա համար 7,953 միլիոն դրամ հատկացնել։ Մայիսի 6-ին տարածքում աշխատանքները սկսվել են, Մելիքբեկյանը դիմել է ոստիկանություն, մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Ըստ Մելիքբեկյանի, ոստիկանությունը շինարարական աշխատանքներն իրականացնող «Խաչմիշշին» ընկերությունից պարտավորագիր է վերցրել աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ, սակայն շինաշխատանքները չեն դադարեցվել։ Ավելին՝ քաղաքապետարանը Վալերի Մելիքբեկյանին պատկանող տարածքից հանել է սալիկներն ու տեղափոխել քաղաքապետի հորեղբոր տղայի իրավասության տակ գտնվող տարածք։ Վալերի Մելիքբեկյանը փորձել է շինարարներից տեղեկանալ ինչ է կատարվում իր տարածքում, առանց իր գիտության, բոլորն ասել են՝ դիմիր քաղաքապետին։

Մանրամասները՝ Վալերի Մելիքբեկյանի տրամադրած տեսանյութերում։

Իսկ ներդրողն ուր ասես, որ չի դիմել՝ իրավապահներից մինչեւ դատարան։ Դիմել է նաեւ քաղաքապետը։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հաղթել է քաղաքապետը, մնացած կառույցներում՝ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան եւ այլն, հաղթել է Վալերի Մելիքբեկյանը։ Բոլոր փաստաթղթերն առկա են։ Խմբագրությունում դրանց պատճեններն են։ Փաստաթղթերում զավեշտի հասնող պատասխաններ կան։ Օրինակ Վալերի Մելիքբեկյանի տարածքում պուրակ հիմնելու շինաշխատանքները իրականացնող «Խաչմիշշին» ընկերության տնօրեն Միշա Համզյանն ընդունելով, որ տարածքի սեփականատերը Վալերի Մելիքբեկյանն է, նշել է, թե շինաշխատանքների պատվիրատուն քաղաքապետարանն է։ Իսկ քաղաքապետը շարունակել է շինթույլտվություն չտալ Վալերի Մելիքբեկյանին, այն դեպքում, երբ վերջինիս տարածքի հարեւանությամբ այլոք նման թույլտվություն ստացել են։ Այդ թվում՝ «Իջեւան Սիթի» սուպերմարկետը, որի համասեփականատերերից մեկն էլ Իջեւանի ավագանու անդամ Վարդան Օրդինյանն է, որը կողմ է քվեարկել ուրիշի տարածքում պուրակ հիմնելու որոշմանը։

Իջեւան, Անկախության 13/41 հասցեում գտնվող տարածքի սեփականատերը ավագանու բոլոր անդամներին եւ շինարարություն իրականացնող ընկերության ղեկավարությանը փոստով տեղեկացրել է, որ տարածքն իր սեփականությունն է, քաղաքապետարանը չի կարող մասնավոր տարածքում պուրակ հիմնել։ Սրանից հետո ավագանու երկու անդամ հրաժարվել է ստորագրել պուրակ հիմնելու որոշումը, իսկ մյուսները մոտ տաս օր երկմտելուց հետո ստորագրել են։

Վալերի Մելիքբեկյանը կարծում է, որ Վարդան Ղալումյանը շինթույլտվություն չի տալիս անձնական շահագրգռվածությունից ելնելով։

Մանրամասները՝ տեսանյութում

Փորձեցինք լսել նաեւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կարծիքը։ Վերջինս մեր հեռախոսազանգերին չի արձագանքում`արդեն մի քանի օր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031