Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մայթին միʹ կայանիր» ակցիա․ յուրաքանչյուրն ունի ազատ տեղաշարժման իրավունք

Հունիս 01,2019 21:22

Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կայացավ «Մայթին միʹ կայանիր» նախաձեռնության իրազեկման ակցիան: Ակցիային մասնակցեցին ինչպես մանկասայլակով ծնողներ, մտահոգ քաղաքացիներ, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձինք: Ակցիայի շրջանակներում տեղի ունեցավ սայլակներով քայլերթ, որի ընթացքում իրազեկող հորդոր-թռուցիկներ բաժանվեցին վարորդներին, ինչպես նաև կոչ արվեց պատկան մարմիններին՝ առավել հետևողական լինել մայթերին կայանելն արգելելու հարցում, քանի որ մայթին կայանող ամեն մի մեքենա վտանգում է անցորդների կյանքը:

«Մայթին միʹ կայանիր» ակցիայի մասնակիցներն ուշադրություն հրավիրեցին նաև այն հանգամանքին, որ քաղաքը բոլորովին էլ հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվողների համար՝ մայթերը, հասարակական վայրերը կահավորված չեն թեքահարթակներով, եղածների մեծ մասն էլ պարզապես ձևի համար է արված՝ դրանց թեքությունն ու լայնությունն անհնարին են դարձնում դրանցից օգտվելը: Ակցիայի մասնակիցները նաև հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

Հարգելիʹ վարորդներ, Երևանում ու հանրապետության մյուս քաղաքներում օրեցօր ավելանում է մայթերին կայանող մեքենաների թիվը, ինչը խոչընդոտում է մանկասայլակով ծնողի և տեղաշարժման դժվարություններ ունեցող (սայլակ, քայլակ, հենակ և օժանդակող այլ պարագա օգտագործող) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Բացի դրանից, նման արարքը լուրջ վտանգի է ենթարկում մեր, կամ հենց ձեր երեխայի, հարազատի կյանքը, քանի որ նրանք ստիպված են դուրս գալ երթևեկելի գոտի: Երեխաների պաշտպանություն ենք աղաղակում, այնինչ մեր երեխաները պաշտպանված չեն անգամ մայթով զբոսնելիս, որովհետև ամեն քայլափոխի մայթը գրավված է մի անպատասխանատու վարորդի մեքենայի կողմից:

Մանկասայլակով զբոսնող ծնողը կամ տեղաշարժման դժվարություններ ունեցողն ստիպված մտնում է վտանգավոր փողոց ու ահը սրտում շրջանցում մեքենան՝ փառք տալով աստծուն, որ այս անգամ էլ երեխայի ու սայլակի հետ չհայտնվեց կողքից սլացող մեքենաներից մեկի անիվների տակ:

Հարգելիʹ վարորդներ, խստորեն պահանջում ենք՝ միʹ կայանեք ձեր մեքենաները մայթերին և թեքահարթակների դիմաց։ Միʹ սահմանափակեք մանկասայլակով ծնողի և տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

 

«ՄԱՅԹԻՆ ՄԻ՛ ԿԱՅԱՆԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930