Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այս առիթով «Փսիլայֆ» կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանի հետ զրուցել ենք երեխաների հիմնարար կարիքներից մեկի՝ ծնող-երեխա հուսալի կապի ձևավորման առանձնահատկությունների մասին։ Լիլիթ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ընդգծում է՝ երեխան իր զարգացման ընթացքում ունենում է հիմնական կարիքներ, որոնցից մեկն էլ հուսալի կապն է ծնողի, մասնավորապես մոր հետ, ու այդ հուսալի կապի մեջ շատ կարևոր է անվտանգությունը և ծնողի կողմից երեխային ընդունելու կարողությունը։
Եթե ծնողը դա չի կարողանում ապահովել, երեխան ունենում է բավականի տրավմատիկ ապրումներ, որոնք հետագայում կարող են հանգեցնել մի շարք խնդիրների։
-Կարո՞ղ եք ներկայացնել իրավիճակներ, որոնք խանգարում են Ձեր նշած հուսալի կապի ձևավորմանը։
-Օրինակ, երբ մայրը երկար ժամանակ է անցկացնում աշխատավայրում, և երեխան տևական ժամանակահատված զրկված է լինում իր սեփական մոր հետ լինելու հնարավորությունից, երեխան իրեն զգում է ոչ այնքան անվտանգ, պաշտպանված և հասկացված, որովհետև երեխան, կարծես, կորչում է իրականության մեջ։
Կարդացեք նաև
Երեխայի անվտանգության զգացումը չի բավարարվում նաև, երբ տանն անընդհատ կոնֆլիկտներ են հրահրվում, երբ երեխային մայրը խիստ դիտողություններ է անում, խիստ պատժի մեթոդներ են կիրառվում ընտանիքում, և երեխան, կարծես, այս դեպքում կրկին չգիտի՝ ով է իր պաշտպանը, ով է իրեն զգում և հասկանում, ով է իր զգացումները կիսում։
Այս ամենը երեխայի մոտ կարող է ակտիվացնել մերժման, վտանգի զգացման, անվստահության սխեմաները։
Ծնված օրվանից հուսալի կապը երեխայի համար բազային պահանջմունք և կարիք է։ Եթե սա չբավարարվեց, այսինքն՝ երեխան այդ կապի բացակայության պատճառով չունեցավ անվտանգության, ընդունված լինելու զգացում, երեխայի մոտ կգերակշռեն անտեսվածության, մերժվածության զգացումները, և երեխայի մոտ անվստահություն կձևավորվի աշխարհի ու այլ մարդկանց հետ հարաբերություններում։
Դա, իհարկե, վարքային տարբեր ձևերով կարող է արտահայտվել, որից ելնելով էլ երեխային կարող են պիտակավորել որպես չա՛ր երեխա, երեխա, որն անընդհատ անհանգիստ վիճակում է, երեխա, որը մշտապես վեճեր է հրահրում, չի կարողանում կենտրոնանալ իր խաղի կամ դասերի վրա։
-Իսկ որքա՞ն ժամանակ ունի ծնողը իր և երեխայի միջև այդ հուսալի կապի ձևավորման համար։
Այս կապի ձևավորումը շատ կարևոր է մինչև 5-6-տարեկանը, այլապես երեխայի մոտ կարող է բազային անվստահություն ձևավորվել կյանքի, մարդկանց նկատմամբ, որը նա հետագայում անընդհատ կխաղարկի տարբեր իրավիճակներում՝ ունենալով ցածր ինքնագնահատական, մերժման վախ, օրինակ՝ կփորձի ամեն գնով արժանանալ դաստիարակների, հասակակիցների, ծնողների, ուսուցիչների ուշադրությանը, խրախուսում ստանալ նրանցից ցանկացած կախյալ արարքով։
Կինն արդեն հղիության փուլից սկսած պիտի ունենա հուզականորեն հասուն ծնողի գիտակցում՝ պատրաստ լինելով կիսելու իր աշխարհը, հույզերը, ցանկությունները, ուշադրությունն իր ապագա բալիկի հետ։
Եվ սա արհեստական մի բան չէ, երբեմն բնազդի մակարդակով է ձևավորվում, ուղղակի ծնողը նաև պետք է զինվի գիտելիքներով, որպեսզի հասկանա երեխայի հիմնարար կարիքներն ու դրանք բավարարելու հիմնարար անհրաժեշտությունը։
Նույնիսկ եթե մայրը կերակրելու ժամանակ հեռախոսով է խոսում, կապը կորում է երեխայի հետ, որովհետև, դա մի գործընթաց է, որի ընթացքում մայրը երեխայի հետ պետք է լինի ամբողջական՝ իր զգացումներով։ Հաճույքի զգացումը, որ երեխան մոր գրկում է, կամ երեխայի ցանկացած միմիկայի փոփոխությանը արձագանքելն արդեն իսկ հուզական կապի մասին է։
– Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով մայրը կորցրե՞լ է իր այդ թանկ ժամանակը։
-Այստեղ, այո, մենք կարող են ճանաչել այդ բացն այն բողոքով, որը կարտահայտվի երեխայի վարքում և հույզերում, ինչը երբեմն ինքնաբերաբար լուծվել չի կարող և հոգեբանի միջամտության կարիք կլինի։
-Միայն մո՞ր հետ է կապված այդ խնդիրը, թե՞ ընտանիքի առհասարակ։
-Սովորաբար մայրն է կարևորվում, որովհետև առաջին սուբյեկտը, որին երեխան ճանաչում է ծնվելուց հետո, մայրն է, ով իրեն կերակրում է, գրկում է և առհասարակ՝ նա երեխայի համար աշխարհի հետ կապի առաջին օղակն է։ Եվ հիմնարար պահանջմունքը մոր միջոցով է բավարարվում։
– Իսկ եթե մայրն օբյեկտիվ պատճառներով ստիպված է դիմել դայակի օգնությանը, ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվի։
-Շատ կարևոր է դայակի ընտրությանը զգուշավոր և գիտակից մոտենալը։ Դայակն ինքը պետք է հուզականորեն հասուն լինի, որ կարողանա այդ նույն կապը ստեղծել երեխայի հետ։ Հուզական կապվածությունը, ըստ էության, կարելի է բացատրել 3 բառով՝ տեսա, զգացի, արձագանքեցի։ Այսինքն՝ ես տեսա, որ դու ուզում ես խաղալ ինձ հետ, ես հասկացա քո ցանկությունը և արձագանքեցի այն իմաստով, որ սկսեցի քեզ հետ խաղի մեջ մտնել՝ հասկանալով քո տարիքը, քո ցանկությունը, քո հաճույքի զգացումը։
Եթե այս կապը ձևավորվում է նաև դայակի հետ, լավ է, սակայն այստեղ մի բան էլ կա՝ եթե հուզական կապի փոփոխություն է տեղի ունենում, ամեն դեպքում երեխան վստահության կորուստ է ունենում՝ մոլորվելով, թե ո՞ւմ հավատալ, խախտվում է անվտանգության զոնան, ինչը ընդհուպ մինչև մտավոր զարգացման խնդիրների կարող է հանգեցնել, բարձրացնել տագնապի, անհանգստության զգացումը։
Սակայն եթե մայր-դայակ ներկայությունը երեխայի կյանքում գրագետ է կազմակերպվում, խնդիրները համեմատաբար անտեսանելի են լինում։ Այստեղ կարևոր է թե՛ մոր, թե՛ դայակի հուզական ներգրավվածությունը, երբեմն լինում է, որ մայրը կամ դայակը, տան մեջ նստած, հեռախոսի մեջ են, երեխան առանձին մի անկյունում է խաղում, թեև ունի կարիք, որ իր հետ խաղան, իրեն զգան, հասկանան, բայց, ըստ էության, մնում է անտեսված ու միայնակ՝ իր խաղալիքների հետ։ Այսինքն` այստեղ հուսալի հաղորդակցումը կորում է։ Երեխան՝ որպես սոցիալական էակ, միշտ ձգտում ունի շփման, ինքը ասում է՝ ես այստեղ եմ, ինձ տուր այն ամենը, ինչն աշխարհում կա, ինձ սովորեցրու աշխարհի մեջ ինչպես վարվել, և ամենակարևորը՝ ապահով դարձրու աշխարհն ինձ համար, ցույց տուր, որ աշխարհը անվտանգ է, ցույց տուր, որ ես ընդունված եմ։
Կամ եթե, օրինակ, ընտանիքում բարձր ձայնով վիճաբանություն, ծնողի բղավոց է լսում երեխան, անկախ իր տարիքից աշխարհի ապահով պատկերի փլուզում է տեղի ունենում իր մոտ, և երեխան նման իրողության մեջ կորցնում է իր վստահությունը և կապը ծնողի հետ, որովհետև այն ծնողը, որի կողքին երեխան պետք է իրեն պաշտպանված զգար, հուզական վիճակում է, ու երեխան անգիտակցաբար վախ է ապրում և պաշտպանական մեխանիզմով կորցնում է վստահելի կապը նույն ծնողի հետ։
-Այսօր սոցիալական ցանցերում ներկայացվող մամա-երեխա կատարյալ պատկերները երբեմն թերարժեքության զգացում են առաջացնում շատ մայրերի մոտ՝ նրանց մեջ ծնողավարության հարցերում սխալվելու վախեր առաջացնելով։
-Ճիշտ եք, այսօր սոցցանցերում ծնողավարումը ներկայացնելը, կարծես, թրենդային մի բան է դարձել, և իդեալական ծնողի կերպարը կարող է կողքից հետևողի մոտ մեղքի զգացում, սխալվելու վախ առաջացնել։ Բայց հավատացեք, եթե նույն հուզական կապի բավարարումն ապահոված է, որի մեջ ներառված է հոգատարությունը, երեխային զգալը, երեխային ընդունելը, ապա բավարար պայմաններից առաջնահերթն առկա է առողջ երեխա մեծացնելու համար։ Պետք է ընդունել, որ անհնար է ուղղակի լինել անսխալ կամ իդեալական ծնող։ Դա մի ճանապարհ է, որը պահանջում է նաև բնականակություն և ոչ թե արհեստականություն կամ անվստահ երկմտություն։ Անսխալ ոչինչ չկա այս կյանքում, և դա պետք է ընդունել։ Ամենալավ մաման սիրո բնազդով, իր ներսում բարություն, հոգատարություն կրող մաման է, որը նաև կարող է սխալվել․․․
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ



















































