Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ վարկած չենք բացառում». Ռոմանոս Պետրոսյանը` Վահան Սարիբեկյանի տան եւ մեքենայի հրդեհի մասին

Հունիս 08,2019 12:56

«Տան, բնակարանի, որտեղ երեխաներն են քնած, ծնողներն են քնած, նկատմամբ այդ ոտնձգությունը, դա ամենազազրելի, բանականության,բարոյականության սահմաններից դուրս հանցագործություն չէ միայն, դա մարտահրավեր է բոլորիս»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` գիշերն Աբովյան քաղաքում տեղի ունեցածը:

Հիշեցնենք, գիշերը, ժամը 4-ի սահմաններում, այրվել է Վահան Սարիբեկյանին պատկանող մեքենան եւ տունը: Վահան Սարիբեկյանը Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:

Ռոմանոս Պետրոսյանը շատ մտահոգիչ է համարում այս միջադեպը, որը « կոնկրետ ուղղված է ՔՊ-ի թեկնածուի ենթաշտաբերից մեկի նկատմամբ»: Այս պահին նա ենթադրություններ անել չի ցանկանում, միայն արձանագրում է. «Գլոբալ առումով, փաստն այն է, որ Աբովյանում մեքենա է հրկիզվել, բնակարանի դուռ է հրկիզվել եւ այն պատկանում է ՔՊ կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետին: Փաստը սա է: Որեւէ ենթադրություններից, որեւէ կասկած արտահայտելուց զերծ կմնամ, իրավապահները օպերատիվ արձագանքել են, եղել են դեպքի վայրում, այս պահին էլ քննչական գործողություններ են ընթանում, խմբեր են ժամանել, գործողություններ են իրականացվում` ամբողջ ծավալով: Լիահույս եմ, որ արդյունքը երկար սպասեցնել չի տա եւ մոտալուտ ժամկետներում կունենանք բացահայտում»:

Հետաքրքրվեցինք, այնուհանդերձ, ՔՊ-ում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ են, որքանո՞վ է հնարավոր այս միջադեպի կապը`վաղը կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հետ, իսկ գուցե անձնական հողի վրա է կամ բոլորովին այլ պատճառներ կան, ընդհուպ մինչեւ պատահականություն: Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ես ոչ մի վարկած չեմ բացառում: Ամեն վարկած էլ կարող է գոյություն ունենալ` թե անձնական, թե քաղաքական: Բայց, նաեւ ճանաչելով մեր ընկերոջը, իր անցած ուղին`գաղափարական, պայքարող տեսակ է: Ճիշտն ասած` կոռեկտ չեմ համարում այս պահին որեւէ բան ասել, քանի դեռ իրավապահներն աշխատում են: Բայց, բոլոր առումներով, սա նաեւ անպատժելիության մթնոլորտի իմիտացիա ստեղծելու փորձ է, ինչը միանշանակ է եւ, մասնավորապես, նաեւ դրա համար պետք է լրջագույն հակադարձման ենթարկվի պետության կողմից, իրավապահ մարմինների կողմից, ինչը նաեւ այս պահին իրականացվում է: Ես վստահ եմ, որ արդյունք ունենալու ենք: Այսպես չենք թողնելու, այսպես չի մնալու: Առհասարակ, որեւէ քաղաքում, որեւէ բնակավայրում, որեւէ շրջանակ հանկարծ իր մտքով չանցկացնի հանկարծ նման ձեւով հարցեր լուծել` լինի դա անձնական, քաղաքական, թե այլ»:

Ժամանակային զուգադիպությունը` ընտրություններից մեկ օր առաջ, մարզպետի մոտ կասկածներ հարուցել է, բայց նա պնդում է, որ չի բացառում նաեւ այլ վարկածները. «Կարող է լինել զուգադիպություն, կարող է լինել հենց մոտիվացված գործողություն, ամեն ինչ էլ կարող է լինի: Այս պահին բոլոր վարկածներն ուժի մեջ են, բոլոր վարկածներով իրավապահները գործողություններ են իրականացնում»:

Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ առավոտյան վաղ այցելել է տուժողի բնակարան: Վահան Սարիբեկյանը ձեռքի վնասվածք է ստացել` տան հրդեհը հանգցնելու ժամանակ, նրա որդին է ձեռքի խորը այրվածք ստացել: «Երեխաները տանը քնած են եղել, անչափահաս երեխաներ: Երեխաներից մեկն է նկատել ծուխը, դուրս են եկել, որ կրակը հանգցնեն` դրսում նկատել են բոցկլտացող մեքենան: Հրշեջներն են եկել, հարեւաններն են օգնել հանգցնել կրակը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսակարները` Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930