Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ՌԴ հյուպատոսարանում ինչո՞ւ էին ՀՀ քաղաքացու հեռախոսը ձեռքից խլել

Հունիս 12,2019 13:30

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին է դիմել Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ Մելիքսեթ Գաբոյանը: Վերջինի շահերը ներկայացնող Գյումրիի «Ասպարեզ» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Գեւորգյանն առաջիկայում կդիմի դատարան:
Ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է հարցը տեղափոխվում դատարան:

Մելիքսեթ Գաբոյանը հրավիրվել է Գյումրու ՌԴ հյուպատոսարան: Նա մինչ այդ դիմել էր հյուպատոսին՝ իր նկատմամբ ՌԴ Կրասնոյարսկում կայացրած դատական ակտի, ՌԴ միգրացիոն ծառայության անհայտ աշխատակիցների կողմից իր՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը վերցնելու, տեղի ոստիկանության աշխատակիցների կողմից անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, իրեն ապօրինի արտաքսելու կապակցությամբ: Նշեմ, որ Մ.Գաբոյանի հետ ՌԴ-ում կատարվածին անդրադարձել էր նաեւ 17.08.2017թ. «Առավոտը»:
Սակայն հյուպատոսարանում նրան քաշքշում են, պատասխանը գրավոր տրամադրելով այն ժամանակ, երբ փետրվարին հարուցվում է քրեական գործ:
Նրան է տրամադրվում Կրասնոյարսկի տասնմեկ թերթից բաղկացած պատասխանը:

Հիշեցնեմ, Մելիքսեթ Գաբոյանը հինգ տարի առաջ հուլիսին ընտանիքով արտագաղթել էր ՌԴ Կրասնոյարսկ քաղաք: Սակայն 2017թ. մայիսի 30-ին դատարանի վճռով անձնագրային խնդիրների պատճառով նրան արտաքսել են ՀՀ:
«Ես դժգոհ եմ, որ հյուպատոսարանում կատարվածի առթիվ քրեական գործ չի հարուցվել, քանի որ իմ նկատմամբ ապօրինի ճնշման փորձ է կատարվել, չեն պարզել, թե ով եւ ինչու խլեց ձեռքիցս հեռախոսը, արդյոք հյուպատոսարանի տեսախցիկները չե՞ն ֆիքսել այդ անձի ինքնությունը: Ես Գյումրու ՌԴ դեսպանատանը կատարվածի մասին բանավոր տեղեկացրել էի Գյումրու ոստիկանապետին, ՇՄ մարզպետ Կ. Սարուխանյանին, երկու անգամ, եւ մարզի դատախազին: Իրենց միակ պատասխանը մեկն է եղել, դրանք ռուս են, մենք ոչնչով չենք կարողանում ձեզ օգնել: Նույնիսկ խնդրեցի՝ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնեին ՌԴ գլխավոր հյուպատոսին, գոնե այդ կերպ վերականգնեին ՀՀ արդար քաղաքացուս հասցված բարոյահոգեբանական վնասները»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Մ.Գաբոյանը:

Մ. Գաբոյանը դիմել է ՀՀ վարչապետին, պատասխան չկա, դիմել էր Դավիթ Սանասարյանին, պատասպան չկար, քաղաքացին խնդրել էր նրանց՝ իր դիմումը վերցնել անձնական հսկողության տակ:
Վարչապետին ուղղված նրա նամակին պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետը՝ Ա. Հարությունյանը:
Մայիսի 17-ի պաշտոնական գրության համաձայն, ասվում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմից ՀՀ գլխավոր դատախազություն վերահասցեագրված Ձեր՝ 15.05.2019թ. դիմումը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչությունում, որի կապակցությամբ հայտնում եմ, որ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Լ.Պապոյանի կողմից նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է փետրվարի 2-ին:

Նշված որոշումը բողոքարկվել է ձեր կողմից վերադաս դատախազին, որը մերժվել է մարտի քսանին՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, միաժամանակ, պարզաբանվել է, որ հիշյալ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում կարող եք բողոքարկել դատարան, սակայն դուք բաց եք թողել օրենքով սահմանված կարգով հիշյալ որոշման բողոքարկման ժամկետը»:
Դատախազությունը հորդորել է «պաշտոնատար անձանց կողմից կատարված կոնկրետ հանցագործության մասին որոշակի տվյալների» տիրապետելու դեպքում ներկայացնել հաղորդում հանցագործության մասին, իսկ մերժված հաղորդմանն անդրադառնալով, հայտնել էին հետեւյալը. «Դիմումը կոնկրետ հանցագործության մասին որոշակի տվյալներ չի պարունակում, հետեւաբար, հանցագործության մասին ֆիզիկական անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177 հոդվածով նախատեսված հաղորդում չի հանդիսանում, ուստի բացակայում է դիմումում նշված տվյալները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ստուգելը հանձնարարելու հիմքն ու անհրաժեշտությունը»:

Մ. Գաբոյանը «հաղորդում հանցագործության մասին» դիմումում գրել էր հետեւյալը. «Գնացել էի հյուպատոսարան: Նրանց կողմից ինձ տրված դիմումի պատասխանն առանց գերբի էր, այդ պատճառով հրաժարվեցի ստորագրել այդ թղթի կտորը, միաժամանակ պահանջեցի, որպեսզի տան բացատրություն: Երբ սկսեցին անհարգալից հետս խոսել, գրպանիցս փորձ արեցի հանել հեռախոսս, զանգել ոստիկանություն: Սակայն այդ պահին հյուպատոսարանի քաղաքացիական հագուստով աշխատակիցն իմ կամքին հակառակ փորձեց խլել հեռախոսս, թույլ չտալով, որպեսզի զանգեմ ոստիկանություն: Բջջային հեռախոսս ընկավ գետին»:

Քննիչի մոտ Մ. Գաբոյանը գրել էր. «Երբ հյուպատոսարանի աշխատակիցը իր ձեռքից խլել է բջջային հեռախոսը, ինքը ֆիզիկական ցավ կամ մարմնական վնասվածք չի ստացել, միջադեպի հետեւանքով հյուպատոսարանի աշխատանքը չի խաթարվել: Հյուպատոսարանից դուրս գալիս իրեն են վերադարձրել հեռախոսն անվնաս»:
Վարույթն իրականացնող մարմինն արձանագրել էր. «2018թ. օգոստոսի 31-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան Գյումրիի գլխավոր հյուպատոսարանում որեւէ հանցագործության դեպք չի արձանագրվել»:
Մ.Գաբոյանն ասում է, որ գլխավոր հյուպատոսը խոստացել էր օգնել, սակայն իր դիմումով բարձրացված հարցերը չեն լուծվել, միջոցներ ձեռք չի առնվել ապօրինի արտաքսումը վերացնելու համար:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930