Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Դատարանների դռներ չեմ փակել». Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է իրեն ուղղված մեղադրանքներին

Հունիս 14,2019 22:25

«Ի տարբերություն այսօրվա իշխանությունների, արդարադատությանը երբեք չեմ միջամտել: Ես Ձեզ դատավոր նշանակելուց հետո ընդհանրապես երբեք չեմ տեսել, որեւէ շփում չեմ ունեցել եւ ընդհանրապես դատավորների հետ որեւէ շփում չեմ ունեցել: Դատարանների դռներ չեմ փակել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`արձագանքելով իր հասցեին հնչած մեղադրանքներին: Դատարանի դահլիճում ծափեր հնչեցին: Դատավորը սաստեց ներկաներին:

Հիշեցնենք, այսօր շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի քննությունը: Այսօր, ըստ էության, դատավարության բոլոր կողմերը, միացան տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանի ներկայացրած դատավորին ինքնաբացարկի միջնորդությանը: Մինչ այդ, դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի նույն միջնորդությունը:

Գործի քննությունը կշարունակվի հունիսի 18-ին, ժամը 16.00-ին:

Նիստի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը դատավոր Արմեն Դանիելյանին ասաց, որ նրան վստահել է, բայց հիասթափվել է: Պատճառն այն է, որ Ռուբեն Սահակյանը տեսել է, թե ինչպես է դատավորը գալիս եւ սեղմում փաստաբանի ձեռքը. «Արդեն բոլորի համար հասկանալի է, որ դատավորն ի վնաս փաստաբանի որոշում է կայացրել»: Եթե Արմեն Դանիելյանն անգամ Սահմանադրության վրա ձեռքը դնի եւ երդվի կամ ընտանիքի անդամների անունով երդվի՝ միևնույնն է, Ռուբեն Սահակյանը եւ Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանները չեն հավատա, որ վերջինս կարող է անաչառ լինել:

Մինչ այդ, Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նաեւ երկրորդ նախագահի ֆրանսահայ պաշտպան Սեւակ Թորոսյանը: Նա դատարանում մեջբերեց ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսված ձայնագրությունից հատված: «Կալանքը ուզես-չուզես պիտի տաս, ի՞նչ է սա նշանակում»,- մեջբերելով ձայնագրությունից այս հատվածը`դատավորին հարց ուղղեց պաշտպանը: Նա Արմեն Դանիելյանին հորդորեց` համեստություն դրսեւորել եւ ինքնաբացարկ հայտնել: Հավելեց. «Պատմությունն այդ համեստությունը կգնահատի»: Պաշտպանի այս խոսքից հետո դահլիճում բարձր ծիծաղ հնչեց: Դա բարկացրեց դատավորին:

Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը`Սարգիս Քլոյանն էլ դիմեց մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին. «40 օր հանրապետության նախագահ էիք, ինչո՞ւ չբացահայտեցիք ոչ մի սպանություն: Լավ, եթե սպանությունները բացահայտելը բարդ էր, խանութներ թալանվեցին, մեքենաներ այրվեցին`ոչ ոք չդատապարտվեց: Կամ` 10 տարի Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահ էր, մի անգամ ասե՞լ ես`էս գործը բացահայտի, թող անցնի-գնա: Ինչպես Աղվան Հովսեփյանն էր ասում`մարտի 1-ի գործը թաղված ա, էլ մարտի 1-ի անունը չտաք»:

Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի`ավելի վաղ արված այն հայտարարությանը, թե իր դեմ քրեական գործը կարված է: Փաստաբանն ասաց`եթե 80 հատոր կարդացել եք ու այդ էջերում Ձեզ չեք գտել, դա դեռ չի նշանակում, որ գործը կարված է. «Այս գործը կարված չէ, գործերը կարվում էին 2008 թվականին»: Սեդա Սաֆարյանը նաեւ հայտարարեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը միանում իր միջնորդությանը, եթե դրա հիմքերն իր համար ընդունելի չեն:

Մինչ նիստերի դահլիճում այս իրադարձություններն էին զարգանում, դատարանի բակում իրավիճակն էլ ավելի լարվեց:  Ինչպես երեւում է լրատվամիջոցների տարածած տեսանյութերում, ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիա իրականացնողերի կողմից շիշ նետեցին Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ուղղությամբ, որից հետո իրավիճակը դատարանի բակում սրվեց։ Ցուցարարների միջեւ բախումը կանխեցին ոստիկանները: Երկու ցուցարար բերման են ենթարկվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930