Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը դիտողություն արեց ՊՆ-ին. «Մեզ փաստաթուղթ են ներկայացնում, վրա գրած է հույժ գաղտնի, այնտեղ համարյա մենք հույժ գաղտնի որեւէ բան չենք տեսել»

Հունիս 19,2019 16:53

2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենց հանձնաժողովը չի կարողացել ըստ էության ներկայացված փաստաթղթի խորությունը, էությունը պատկերացնել, այդքան փակ է եղել: Դիմելով ֆինանսների նախարարին՝ նա ասաց. «Պարո՛ն Ջանջուղազյան, փակ նյութերն էլ պետք է հասանելի լինեն հանձնաժողովի անդամներին, որպեսզի հանձնաժողովի անդամները կարողանան ամբողջությամբ ընկալել: Ուսումնասիրության արդյունքում ծառայողական գաղտնիքը պարունակող ծախսային հոդվածները երբ նայում ենք, բացվածքները համարյա դատարկ են: Մեր պատկերացմամբ, փաստաթուղթն իրենից ընդամենը ներկայացնում է կիսադատարկ մի աղյուսակ՝ առանց նկարագրական, տեքստային բացատրագրերի, վերլուծական մասի եւ եզրակացության: Գաղտնիության շատ խիստ գրիֆ է դրված՝ հույժ գաղտնի, կարող է այն դարձնեն խիստ գաղտնի»: Նշենք, որ հույժ գաղտնի տեղեկությունները պատգամավորներին հասու չեն, պատգամավորներին հիմնականում թույլտվություն են տալիս երկրորդ կարգի՝ խիստ գաղտնի տեղեկություններին ծանոթանալ:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հստակ չեն եղել ոչ ֆինանսական ցուցանիշների տարբերության պատճառներն ու պարզաբանումները, ծրագրային բյուջետավորման ձեւաչափով ներկայացրած տվյալները կատարողական ցուցանիշներով համալրված չեն եւ հնարավոր չէ գնահատել ծրագրի արդյունավետությունը եւ որոշում ընդունել դրա վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ առաջարկում են հաջորդ տարի փաստաթղթի ձեւաչափը փոխել, դարձնել այն առավել հաշվետվողական ու գնահատելի, առաջարկվեց նաեւ այնպիսի փաստաթուղթ ներկայացնել, որում կընդգրկվեն ՊՆ-ի ամբողջական ծախսերը՝ պարտադիր ունենալով կից բացատրագիր ու տեքստային վերլուծական մաս, առանց դրա հանձնաժողովի անդամների համար շատ դժվար է ընկալել դրա էությունը:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ԱԱԾ-ի հետ կապված նման խնդիր չկար: Նա հույս հայտնեց, որ մյուս տարի իրենց դիտողությունները ՊՆ-ն հաշվի կառնի:

Նա ասաց, որ եթե տեղեկությունների վրա ճիշտ նշում դնեն՝ ոչ թե հույժ գաղտնի գրեն, այլ՝ խիստ գաղտնի, պատգամավորները կկարողանան դրանց մասին տեղեկանալ. «Երբ որ մեզ փաստաթուղթ են ներկայացնում, վրա գրած է հույժ գաղտնի, դուք ինքներդ էլ տեսաք, որ այնտեղ համարյա մենք հույժ գաղտնի որեւէ բան չենք տեսել, կուզեի գրիֆները ճիշտ դնեն, որովհետեւ դրանից կախված կարող են ասել՝ գիտեք ինչ, պատգամավորները իրավունք չունեն դրանց ծանոթանալու: Վերջիվերջո մենք պառլամենտական երկիր ենք եւ պետք է կառուցենք մեր բոլոր հարաբերությունները գործադիր իշխանության հետ՝ ճիշտ կառուցելով նաեւ գաղտնիության ռեժիմում աշխատելու հնարավորությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930