Լրահոս
Օրվա լրահոսը

Արենի համայնքի ավագանին կրկին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ

Հուլիս 13,2019 11:26

Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել է «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019 թվականի մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։

Ավագանու նիստում բուռն քննարկում է եղել, ինչի արդյունքում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, որը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ավագանին հիմք ընդունելով համայնքի բնակիչների կողմից կազմակերպված հանրագիր-ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, որոշել էր Արենի համայնքը ճանաչել էկո-տնտեսական տարածք և այսուհետ արգելել համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները:

Այդ որոշումից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գրություն էր ուղարկել մարզպետներին, որով խնդրել էր նրանց դիմել բոլոր ինքնակառավարման մարմիններին՝ առաջարկելով նրանց վերացնել համայնքներում հանքարդյունաբերությունն արգելելու որոշումները։

Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես են եկել հինգ համայնք՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը։ Որոշումն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու առաջարկ ներկայացվել է բոլոր համայնքներին, որը մերժվել էր նաև Ջերմուկ և Նոյեմբերյան համայնքների կողմից։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031