Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Իր մահկանացուն կնքեց հայ ցեղասպանագիտության ռահվիրան՝ Վահագն Դադրյանը․ Էմիլ Դանեղյան

Օգոստոս 11,2019 17:07

Աշխարհի տարբեր ծագերում կորցնում ենք հայ գիտության մեծերին։ Էլի մի կորուստ. իր մահկանացուն կնքեց հայ ցեղասպանագիտության ռահվիրան, նվիրյալը, նահապետը՝ Վահագն Դադրյանը (Տատրյանը)։
Նրա՝ բազմագոչ, հուզական շղարշից զերծ (հենց որպիսին նա ուզում էր, հորդորում էր տեսնել հայ ցեղասպանագիտությունը) գիտական, փաստագրական ստույգ, չոր իրողությունների վրա հիմնված կապիտալ, դասական գործերը, իրենք արդեն լինելով մեծագույն ներդրում հայ ցեղասպանագիտությանը, նաև մթնոլորտ էին ստեղծում այդ գիտության մեջ՝ նրան օժտելով գիտական անհերքելիության այդքան կարևոր հատկանիշով։

Ու էլի՝ մի անգերագնահատելի ներդրում հայ ցեղասպանագիտությանը, որ չգիտես ինչու չի նշվել նույնիսկ նրա մահախոսականում։ Լինելով համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից, հետևորդը, ջատագովը, ներդնողը հայ ցեղասպանագիտության մեջ նա, փաստորեն, դարձավ, և սա շատ կարևոր է, հայ ցեղասպանության ուսումնասիրման մեթոդաբանության հեղինակը, հիմնադիրը, կրողը։ Մեթոդաբանություն, որը, ցավոք, դեռ մինչև վերջ մարսված, ընկալված չէ և միշտ չէ, որ կիրառվում է մեր ցեղասպանագիտության մեջ։

Գիտական այդ ոլորտի դադրյանական հանրագիտակ իմացությունը, գիտնական-վերլուծաբանի նրա տաղանդը, միջազգային բարձր վարկանիշը նրան դարձրել էին միջազգային ցեղասպանագիտական միջավայրի հեղինակություններից մեկը, որը նրան առիթ էր տվել դառնալ նաև այդ ոլորտի ճանաչված փորձագետ՝ միջազգային մի շարք դատական ատյաններում։ Սա Դադրյան-գիտնականից բացի նաև Դադրյան-քաղաքացու անգերագնահատելի ներդրումն էր Հայոց ցեղասպանության միջազգային հանրայնացմանը։

Մեր ազգային այս ողբերգության իրողությունը դիտարկելով Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ նա կարողացավ Հայոց ցեղասպանությունը դուրս բերել նեղ ազգային իրողության շրջանակներից, նրան միջազգային-համամարդկային հնչեղություն հաղորդել։ Հենց միջազգային իրավունքի տեսանկյունից Հայոց ցեղասպանություն իրողության դիտարկման անհրաժեշտության մասին նա հաճախ էր նշում, որպես հայ ցեղասպանագիտության կարևոր կողմնորոշում, և որը, կրկին ցավոք, հաճախ պակասում է մեր ցեղասպանագիտությանը։

Երջանկահիշատակ Լավրենտի Բարսեղյանի շահագրգիռ միջնորդությամբ (նրանք բազմամյա լավագույն բարեկամներ էին) ես առիթ եմ ունեցել լինել նրա հոդվածների հրատարակիչը, և այդ ընթացքում սեղանի շուրջ նրա հրատարակվելիք հոդվածների քննարկում-աշխատանքները, գիտաժողովներում նրա հետ հանդիպումները, այդ ինքնատիպ, մեծ գիտնականի հետ յուրաքանչյուր առնչում մեծագույն բավականություն էր, եթե կուզեք՝ վարպետաց դասեր։

…. Կորցրեցինք էլի մեկին՝ հայ գիտության մեծերից… Դե իսկ մեզ բոլորիս, ի մասնավորի՝ հայ ցեղասպանագետներին, մնում է խոնարհվելով նրա անգերագնահատելի վաստակի, քաղաքացիական բարձր նկարագրի առջև, կարողանալ հայ ցեղասպանագիտության միջազգայնացման ուղությունը զարգացնել հենց դադրյանական նախանշած կողմնորոշիչներով։

Էմիլ ԴԱՆԵՂՅԱՆ

Մահացել է պատմաբան, Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող Վահագն Տատրյանը

ՄԱՀԱՑԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆԸ93 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Տատրյանը։Նա ծնվել է Ստամբուլում, Ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո Տատրյանը միանգամից չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում՝ սովորել է տարբեր երկրներում, սկզբում մաթեմատիկա, հետո փիլիսոփայություն, միջազգային իրավունք, եվ վերջում սոցիոլոգիա ուսումնասիրել։ Ուսման տարիներին Վահագնը հաստատ որոշել էր՝ պիտի ուսումնասիրի Հայկական հարցը և հայ ժողովրդի ձայնը հասցնի գերտերությունների ղեկավարներին։Երկար տարիներ նա դասախոսություններ էր կարդում աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում, ընդ որում 4 լեզվով՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և թուրքերեն։ Վահագնը Հայոց ցեղասպանության մասին հարյուրավոր հոդվածների, գրքերի և վավերագրական ֆիլմերի հեղինակ է։Հանգչի’ր խաղաղությամբ, Հայաստանի զավա’կ։

Gepostet von Armlink.am am Montag, 5. August 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031