Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հորդորին ընդառաջ․ ՌԴ-ում ապրող հայ գործարարը 17 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայրենիքում

Օգոստոս 26,2019 22:25

Ռուսաստանի Դաշնության 5500-ից ավելի հայ համայնք ունեցող Նովոչերկասկ քաղաքի հայ համայնքի ղեկավար Արա Արսենյանը 17 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայրենիքում․ նա Ծաղկաձորում հյուրանոց է կառուցում։

Այս մասին վերջինս հայտարարեց Նովոչերկասկը Գյումրու հետ քույր քաղաք հռչակելիս․ նա ուղեկցում էր քաղաքապետ Իգոր Զյուզինին, որը եկել էր Գյումրու տոնին մասնակցելու։

«Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կկառուցեմ նաև ճոպանուղի, եթե իհարկե, հնարավորություն տան։ Կազմակերպեք, հնարավորություն տվեք բիզնեսին և բիզնեսը կզարգանա»,-ասաց նա Գյումրու քաղաքապետի  ու քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր հերթին նրան խնդրեց ներդրումների առումով ուշադրություն դարձնել  նաև Գյումրիին, որովհետև պատմական այս քաղաքը գնալով մեծ հետաքրքրություն է  ներկայացնում զբոսաշրջիկների համար։ Գյումրու քաղաքապետն ասաց, որ պատրաստ է լսելու, քննարկելու, ընդառաջելու,  եթե ներդրումային առաջարկ լինի։

Aravot.am-ը գործարարից հետաքրքրվեց, թե  ինչպե՞ս են ապրում հայերը Նովոչերկասկում, ի՞նչ դիրք են զբաղեցնում, կա՞ն հայ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արա Արսենյանն ասաց․ «Հայերը շատ լավ են ապրում, հայ համայնքը ռուսներից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում։ Ունենք հայկական դպրոց, կառուցում ենք հայկական եկեղեցի՝ 27 մետր բարձրությամբ։ Մյուս տարի կհանձնենք, մի քանի բիզնեսմեններով ենք կառուցում այն։ Քաղաքը չուներ հայկական եկեղեցի, եկեղեցի կա Ռոստովում։Իսկ պաշտոն զբաղեցնել-չզբաղեցնելը, կարծում եմ կարևոր չէ»։

Սա, ի դեպ, 1977 թվականից Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարարի առաջին ներդրում է Հայաստանում, նա ասաց, որ իր բիզնեսները ՌԴ-ում են։

Լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց՝ ինչ-որ  խնդիրներ են առաջացե՞լ  հայրենիքում, որ գործարարը հայտարարեց՝ եթե հաջողվի հյուրանոցային բիզնեսը, ճոպանուղի էլ  կկառուցի։

«Ո՛չ, խնդիրներ չկան, ես նոր եմ մտել, ընդառաջում եմ, տեսնենք, եթե հողի հարցը լուծվի, ճոպանուղի էլ կկառուցենք»։ Չի բացառվում, որ նա ներդրումներ կատարի նաև Գյումրիում։

Մեր հարցին, թե վարչապետն անընդհատ կոչ է անում  Սփյուռքի մեր հայրենակիցներ գալ, ներդրումներ անել հայրենիքում, գործարարը կատակով ասաց․ «Դե եկել ենք, ի՞նչ եք ուզում»։ Մեր դիտարկմանը, թե համայնքի մյուս գործարարներն ի՞նչ են մտածում, թե՞ դուք պետք է համոզվեք, որ հայրենիքում ապահով պայմաններ են  բիզնեսի զարգացման համար,  նոր մյուսներին կոչ անեք, մեր զրուցակիցն ասաց․ «Համոզված եմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031