Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլիարդներն ավելանում են, աղբը չի պակասում». Բաբկեն Հարությունյանը դատի է տվել քաղաքապետարանին

Օգոստոս 27,2019 13:25

«Երեւանի պաշտպանության ճակատի» համակարգող Բաբկեն Հարությունյանը վերջերս գրավոր հարցմամբ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրելով տրամադրել աղբահանության համար պատասխանատու «Սանիտեկ» ընկերության հետ կնքած պայմանագիրը: Քաղաքապետարանը, սակայն, օրերս պատասխանել է՝ քանի որ «Սանիտեկ»-ի հետ դատական գործընթաց կա, հետագա խնդիրներից ելնելով՝ նպատակահարմար չեն գտնում պատասխանել հարցմանը: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բաբկեն Հարությունյանը: «Սա աբսուրդ է»,-կատարվածն այսպես որակեց նա:

Բաբկեն Հարությունյանը գտնում է, որ քաղաքապետարանը միայն օրենքի համապատասխան կետին հղում անելու դեպքում կարող էր հարցմանը չպատասխանել. «Դիմել ենք դատարան՝ քաղաքապետարանի դեմ հայց ներկայացնելով: Քաղաքապետարանը չի որոշում, թե որ հարցմանն ինչպես պատասխանի»:

Հարությունյանը նշեց՝ քաղաքապետարանից անպայման ուզում են ստանալ «Սանիտեկ»-ի հետ պայմանագիրը, որովհետեւ տարեցտարի միլիարդ դրամներով ավելանում են քաղաքապետարանից աղբահանությանը հատկացվող միջոցները:

«Միլիարդներն ավելանում են, աղբը չի պակասում: Քաղաքն աղբի մեջ կորած է: Հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը: Լավ են արել, որ նոր աղբամաններ են գնել, բայց ուզում ենք իմանալ, թե գումարներն ինչի՞ վրա են վատնում: Անվստահություն կա, միլիոնների պարգեւավճարներ են ստանում»,-նկատեց բանախոսը:

Դառնալով աղբահանության խնդրին՝ Բաբկեն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը խնդիրը չի կարողանում լուծել, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով «հերոսական» հանդիպում է ունենում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Մարդ պետք է քաջություն (լկտիություն) ունենա և այսպես ցանկանա պղտոր ջրում ձուկ որսել (քաղաքական դիվիդենտներ փորձել հավաքել): Ամեն մի երկու-երեք հոգանոց ինքնահռչակ հկ իրեն դնում է անհասկացողի տեղ ու կարծում, թե բոլոր երևանցիներն իրենց նման են։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031