Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ոստիկանապետերի գործն ընկավ ՀՔԾ․ նոր մանրամասներ՝ գործարար Շեկոյի օբյեկտում կատարված միջադեպից

Սեպտեմբեր 10,2019 15:05

Ինչպես տեղեկացրել էինք, շաբաթ օրը Շիրակի մարզի ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Շիրակի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի ու Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ Խորեն Բարխոյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել գործարար Գարիկ Ուզունյանին՝ Շեկոյին, պատկանող «Կռունկ» արագ սննդի կետում։ Գարիկ Ուզունյանի գաղափարակից ընկերը, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, սոցիալական ցանցում տեսանյութեր էր հրապարակել, որով երևում էր, թե ինչպես են ոստիկանապետերը շարքային ոստիկանների ուղեկցությամբ ներս մտնում, հարցնում սեփականատիրոջը, թե որտեղ է նա, այնուհետ քաշքշելով, հայհոյելով դուրս հանում խոհարարին։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ այն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանն էլ ծառայողական քննություն էր նշանակել պարզելու դեպքի հանգամանքները։ Թե ո՞րն է ոստիկանապետերի՝ խանութներ խուժելու ու նման պահվածք դրսևորելու պատճառը, գործարարի շրջապատը պնդում է, որ իրենց հետապնդում են քաղաքական հայացքների՝ ընդդիմադիր լինելու համար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում է ազդեցիկ մարդկանցից։

Ոստիկանությունն էլ , իր հերթին, թեմայի շուրջ պաշտոնական պարզաբանում չի ներկայացնում, բացառությամբ նրա, որ միջադեպն ուսումնասիրվում է Վալերիյ Օսիպյանի կողմից։

Ոստիկանությունից ոչ պաշտոնապես էլ տեղեկացնում են, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել արագ սննդի կետում սառը զենք պահելու մասին։ Բացի դրանից, նշում են, որ Շիրակի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, որը բնակվում է սննդի կետի մոտակա շենքում, բարձր գոռոցներ, կռվի, վիճաբանության ձայներ է լսել այնտեղից, դրանք խանգարել են մոտական շենքի բնակիչներին, վախեցրել են երեխաներին։ Այդ պատճառով էլ փոխոստիկանապետը տնային շորերով շտապել է արագ սննդի կետ, անմիջապես օպերատիվ խումբ է կանչել, որը գլխավորել է «Մուշ» բաժնի ոստիկանապետ Խորեն Բարխոյանը։

Գործարարի շրջապատից կտրականապես հերքում են այս վարկածը՝ պնդելով, որ արագ սննդի կետում հանցագործներ չեն եղել, միջադեպի օրն այնտեղ մի քանի ժամ շարունակ անաղմուկ նստած են եղել վրացի հյուրեր՝ բեռնատար մեքենաների վարորդներ․ միջպետական ճանապարհն անցնում է Անի թաղամասի Մովսես Խորենացու անվան փողոցով, և վրացի վարորդները հաճախակի են գալիս արագ սննդի կետ սնվելու։ Գործարարի շրջապատի մարդիկ նշում են, որ իրենց ձեռքի տակ կան փաստացի ապացույցներ՝ տեսանյութեր։ Նրանք նաև ասում են, որ գաղափարակից ընկերներով հաճախակի են հավաքվում արագ սննդի կետում, սակայն այդ օրը մեքենաները կանգնեցրել են սննդի օբյեկտի դիմաց, քաղաքից դուրս են եկել, իսկ ոստիկաններին թվացել է, թե իրենք տեղում են ու հարմար առիթն է իրենց վրա գործ սարքելու։

Ըստ գործարարի շրջապատի, ոստիկանները սխալվել են տեսախցիկների հարցում, նրանք գրեթե համոզված են եղել, որ այնտեղի տեսանկարահանող սարքերը նորմալ չեն աշխատում, այդ պատճառով էլ անկաշկանդ գործել են։

«Սովորաբար օպերատիվ տվյալներ իրացնելու ժամանակ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները՝ պետերը չեն մասնակցում, դա կատարում է օպերատիվ խումբը, լավագույն դեպքում ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալը։ Պետերի ներկայությունն արդեն իսկ խոսում է իրենց վերադասին հաճոյանալու մասին»-,ասում են գործարարի շրջապատի ներկայացուցիչները։

Ինչևէ, թե ինչ է կատարվել իրականում, ցույց կտա քննությունը, սակայն փաստենք, որ թե՛ գործարար Գարիկ Ուզունյանը՝ «Շեկոն», և՛ թե փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը որպես դրական կերպարներ են ընկալվում։ Գարիկ Ուզունյանը, ունենալով, «Կռունկ» բարեգործական հիմնադրամ, սոցիալապես անապահով բազմաթիվ մարդկանց անվճար հաց է բաժանում, իսկ Աշոտ Գրիգորյանը գյումրեցի շատ ու շատ պաշտոնյաների, լրագրողների, ցուցարարների, իրավապահ համակարգի աշխատակիցների մոտ հայտնի է իր զուսպ, հավասարակշռված բնավորությամբ, կոնֆլիկտները հարթելու իր կարողությամբ։

Նույնիսկ, երբ բողոքի ցույցերի ժամանակ փոքր- ինչ սրվել են ոստիկանների ու ցուցարարների հարաբերությունները, դրանք արագ կարգավորել են հենց փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի շնորհիվ․ պատահական չէ, որ Շիրակի մարզի համապետական միջոցառումների ժամանակ կարգուկանոնի հաստատումը մշտապես նրան է վստահվել։

Ի դեպ, մենք եղանք նաև դեպքի վայրում՝ աշխատակիցներից փորձելով կատարվածի մասին որոշ մանրամասներ ճշտել, սակայն նրանք չխոսեցին՝ պատճառաբանելով, թե հերթափոխով են աշխատում․ այդ պահին չեն եղել սննդի կետում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30