Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին․ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը

Սեպտեմբեր 21,2019 12:45

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով:
Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք պատճառեց մեր բոլոր քաղաքացիներին: Սակայն, չնայած այդ փորձություններին և ի հեճուկս դրանց, այդ տարիներին դրվում էին մեր պետականության հիմքերը:

Մենք չափազանց մեծ գին ենք վճարել Անկախության համար և պետք է փայփայենք այն: Բայց հնարավոր չէ պահպանել Անկախությունն՝ առանց հզոր պետականության:
Ես պատիվ եմ ունեցել 10 տարի մեր պետության ղեկավարը լինել և շնորհակալ եմ ճակատագրին՝ երկրիս ծառայելու հնարավորության համար: Այդ տարիներին շատ բան է արվել երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության զարգացման և պետականաշինության գործում: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի Հայոց պետականության ընկալումը դառնա քաղաքացիների կողմից մեր ազգային ինքնության ընկալման անբաժանելի մասը:

Սակայն այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում:
Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին: Որ հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև ա՛յս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ և խոհեմ, ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու այնքան կարևոր փորձառություն:

Սիրելի հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք:

ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30