Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաջահելը ես եմ մեր մասնագետներից, էն էլ 55 տարեկան եմ»․ մեռնում է ամենակարևորը մասնագիտությունը

Հոկտեմբեր 04,2019 20:38

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզի անասնաբույժների ու սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ Մասնակիցներին հետաքրքրում էին տարբեր հարցեր՝  անասնաբույժների ցածր աշխատավարձից ու մասնագիտության ծերացումից սկսած մինչև  բակային սպանդներին վերջ դնելն ու սպանդանոցները գործարկելը, բրուցելոզի դեմ իրական, ոչ իմիտացիոն պայքար մղելը, անասնագերեզմանոց ունենալու անհրաժեշտությունը։

Շոշափվող ցավոտ խնդիրներից մեկն անասնաբույժների խիստ ցածր աշխատավարձն էր․ այս մասնագիտությունը թեև անչափ կարևոր է, միաժամանակ վտանգավոր, սակայն ինչպես փաստեց անասնաբույժներից մեկն՝ ամենաերիտասարդը ինքն է, այն էլ 55 տարեկան։

Փոխնախարարը, որը մասնագիտությամբ անասնաբույժ է, ասաց, որ թե՛ անցած տարի, թե՛ այս տարի գլխաքանակի ներարկման գումարն են փորձում բարձրացնել։

«Կան դրական տեղաշարժեր, որ էլի կբարձրանա, նախկինում 80-ով սկսվեց, հետո 100, հետո 120։ Հիմա փորձում ենք մինչև 130 բարձրացնել», -ասաց փոխնախարարը։ Նա նաև նշեց, քանի որ անասնաբույժների կատարած աշխատանքը վտանգավոր է, քննարկում են նրանց ապահովագրության հարցը։

Նրան հարց ուղղվեց՝ մի՞թե հնարավոր չէ պիլոտային ծրագիր մշակել, համաձայն որի  անասնաբույժի աշխատավարձն ապահովվի՝ կախված համայնքում առկա անասնագլխաքանակից, այլ ոչ թե յուրաքանչյուր համայնք ինչքան ուզի, այնքան սահմանի։

Շիրակի մարզպետարանի գյուղանտնտեսության և բնապահապանության վարչության պետ Մովսես Մանուկյանը  հայտնեց, որ այսուհետ  անասնաբույժը դառնում է համայնքային աշխատող․ բոլոր համայնքները իրենց բյուջեում պիտի աշխատավարձ սահմանեն անասնաբույժի ծառայության համար։ Իսկ այն չպիտի լինի ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր։

«Մի ուրիշ խնդիր կա, եթե ասենք անասնաբույժը չորս համայնք է սպասարկում, ամեն մի համայնքից ստանում է 50 հազար դրամ, չորս համայնքից կլինի 200 հազար դրամ, այստեղ կարող է խնդիր առաջանալ, բայց  այս ամենն արվում է՝ ելնելով գլխաքանակից։ Այնպես չէ, որ 500 գլուխ սպասարկող անասնաբույժն էլ ստանա 50 հազար, 1000 գլուխ սպասարկողն էլ նույնը ստանա։ Բյուջեին, բնականաբար, հավանություն է տալիս տվյալ համայնքի ավագանին։ Այնպես չէ, որ այդ խնդրի մասին միայն մենք ենք մտածում, ավելի սրտացավ և շահագրգռված են  համայնքը, ավագանին, որոնք մտածում են, որ իրենց համայնքում էպիզոտիկ իրավիճակը կայուն լինի։  Այստեղ դանդաղ կերպով է իրականացվում անասնաբույժների հրամանագրումը, բայց այս տարի մենք կնախապատրաստենք, 2020-ին այնպիսի աշխատանքներ կիրականացնենք,  որ օրենքով սահմանված կարգով այդ ժամկետում տեղավորվենք։ Համայնքի ղեկավարին կամ ավագանուն մենք չենք կարող ստիպել, որ 150 հազար դրամ պիտի վճարես, ինքն իր բյուջեով պիտի առաջնորդվի»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ բարձրաձայնեց իր անհամաձայնությունն ու անհանգստությունն այս թեմայի շուրջ։

«Ես համաձայն չեմ ձեզ հետ․ անասնաբույժը օրենքով սահմանված պիտի լինի համայնքի աշխատող։ Ինձ, անասնաբույժին, պարոն Գաբրիելյանին և որևէ մեկին չի հետաքրքրում՝ այդ համայնքը ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ, ի սկզբանե գաղափարը դրվել է, ներողություն այս բառիս համար՝ հիմար ձևով, չի կարող անասնաբույժը փող բերի համայնքին, համայնքը իրեն նոր վճարի։ Սա մարազմ է, ժողովուրդ։ Սա պետք է վերացնել և հասկանալ հետևյալը՝ անասնաբույժն առաջին հերթին չպիտի ստանա մինիմալ աշխատավարձ, անասնաբույժը պիտի ստանա մինիմալից բարձր աշխատավարձ՝ գումարած 50 տոկոս ՀՀ օրենսդրության համաձայն։ Անասնաբույժի աշխատանքը համարվում է խիստ վտանգավոր, այսինքն աշխատավարձին պլյուս 50 տոկոս պիտի լինի։ Եթե սկսենք այս լեզվով խոսել, ես ամեն ինչ կանեմ, որ առողջապահական տեսչական մարմինը գնա ստուգումներ անի համայնքապետարանում և բոլորին տուգանի նրա համար, որ անասնաբույժներին սխալ աշխատավարձ են տվել։ Եկեք մի հատ մտնենք այդ համայնքները ու իրենց հաստիքացուցակները բացենք՝ ֆիզռուկ, գրադարանավար, չգիտեմ օգնականի քարտուղար, էս հաստիքները համայնքապետարանում ստեղծվել են  իրենց բարեկամներին, հարազատներին պարզապես գրանցելու  և ինչ-որ փողեր վերցնելու համար։Մի հատ որ համայնքապետարանների հետ ճիշտ շփվենք ու տեսնենք ՝ արդյո՞ք իրենք այդ հաստիքներն օգտագործում են, թե՞ չէ, ու հաստատ այդ հաստիքներից երկուսը կրճատելու դեպքում կարողանանք անասնաբույժին նորմալ աշխատավարձ նշանակել։ Անասնաբույժը պետք է ստանա աշխատավարձ համայնքից, քանի օրենքը կա, և պիտի ստանա  գումար այս դեպքում արդեն գլխաքանակից կախված, որը տալիս է էկոնոմիկայի նախարարությունը։ Այսինքն աշխատանքային պայմանագրերը, որ կնքվում են, այդ պայմանագրի հիման վրա  պիտի ստանա այդ 130 դրամը, կամ չգիտեմ ինչը։ Ու իհարկե, պիտի վերանայել գործակիցը, ինչ ՞է նշանակում վեց ոչխար՝ մի գործակից, ո՞վ է դրա հեղինակը, ո՞վ է  հզոր գաղափարակիցը, որի կիսանդրին կարելի է դնել։ Այսինքն կերային միավորը մենք հաշվարկում ենք անասնաբույժի աշխատավա՞րձ»,-ասաց Գեորգի Ավետիսյանը։
Վերջինս հիշեցրեց, որ անասնաբուժությունը միտված է մարդկանց առողջության պահպանմանը, ու անասնաբույժները չպիտի թույլ տան, որ որևէ գյուղացի առարկի իր անասունից արյուն վերցնել կամ պատվաստել։

Նա նաև նշեց, որ անասնաբույժն այս երկրում արժանապատիվ ապրելու հնարավորություն պիտի ունենա։

Էկոնոմիկայի փոխնախարարը ևս ասաց, որ իր համար  անհասկանալի է վեց ոչխար՝ մեկ գործակից, 10 հավ՝ մի գործակից հաշվարկը։

«Ինձ համար զարմանալի է, ես ուրիշ ձևով եմ փորձում մտածել, գործակիցները ուրիշ ձև փոխել, այստեղ նստածներս երևի բոլորս էլ անասնաբույժներ ենք․ մկանային սրսկումներն ավտոմատ ներարկիչով և մեկ էլ արյուն վերցնելը լծային երակից, տարբեր գործողություններ են, չէ՞, ժամանակի առումով, մեկն ավելի ծանր է, մեկը շատ ավելի հեշտ է։ Երևի մենք դրանով ավելի շատ պիտի առաջնորդվենք, ասենք ներարկելուց այդ գործակիցը որը ինչքան կլինի, ոչ թե հաշվարկենք էս մեկը ոչխար ենք սրսկում, որովհետև իր գինը 40 հազար է, կով ենք սրսկում, էն մեկը 300 հազար է, դրանով չառաջնորդվենք, այլ աշխատանքի ծանրությամբ, ծանրաբեռնվածությամբ»։ Փոխնախարարը նաև նշեց, որ պիտի խրախուսվի անասնաբույժի աշխատանքը, որպեսզի մարդը չասի՝ ի՞նչ են  ստանում, որ ես էլ գնամ սովորեմ, անասնաբույժ դառնամ։

Հարց ուղղվեց նաև բակային սպանդին վերջ դնելու, սպանդանոցների գործարկման մասին, Գեորգի Ավետիսյանը նշեց, ու հունվարի 15-ից առանց սպանդանոցային ծագման միս շուկաներում չի վաճառվելու։ Երբեմն մորթը, ըստ պաշտոնյայի, արվում է փոքրիկ երեխաների աչքի առաջ։

Նրա տեղեկացմամբ՝ Շիրակի մարզում այս պահի դրությամբ 5 սպանդանոց կա, որոնք մինչև տարեվերջ աշխատելու են։  Իհարկե, որոշակի խնդիր կա Գյումրիում սպանդանոցի աշխատելու հետ կապված, քանի որ տեղը լավը չէ, բնակելի տարածքից 300 մետր հեռավորության վրա պիտի լինի, իսկ այս դեպքում չի համապատասխանում ստանդարտներին։ Պաշտոնյայի տեղեկացմամբ, ծիսական կամ անձնական կարիքների համար՝ ասենք մատաղի կամ հարսանիքների, մորթը պարտադիր չէ սպանդանոցում անել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031