Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց  թենիսի դիվանագետների 21-րդ առաջնությունը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 05,2019 21:11

Հայաստանի ԱԳ նախարարությունը, «Արարատ» թենիսի ակումբը՝ «ROYAL Interiors» ընկերության աջակցությամբ, «Արարատ» ակումբի կորտերում կազմակերպեցին դիվանագիտական թենիսի 21-րդ առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ:

Հաղթող դարձավ Հայաստանում Էստոնիայի Հանրապետության պատվո հյուպատոսության ներկայացուցիչ Գագիկ Սիմոնյանը: Եզրափակչում նրան զիջեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Շոմբի Շարպը, իսկ 3-րդ տեղն զբաղեցրեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն:

Թենիսի դիվանագիտական առաջնությունների հիմքը Հայաստանում դրվել է դեռ 90-ականների սկզբին: Հիմնադիրը նախկինում ՀՀ ԱԳՆ վարչության պետ, այժմ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-խորհրդատվական խմբի գլխավոր փորձագետ Վահան Չարխչյանն է: Նա Aravot.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչպես է սկսվել նախաձեռնությունը: «1991 թվականին, երբ սկսեց ձեւավորվել Անկախ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը,  Երեւանում աստիճանաբար սկսեցին դեսպանություններ բացվել: Դիվանագիտական մրցաշարերի անցկացման ավանդույթ բոլոր երկրներում էլ կա: Ես ինքս խաղացել եմ Վիեննայում, Բեռլինում, երբ  դիվանագիտական ծառայություն էի իրականացնում: Մեր մոտ էլ այդպիսի ավանդույթ ձեւավորելու նպատակով դիմում էինք Հայաստանում գործող դիվանագիտական եւ միջազգային կազմակերպություններին, ու նրանք հաճույքով մասնակցում էին անկախ անձանց դիվանագիտական աստիճանակարգից:

Հայաստանյան մրցաշարերից հինգում հաղթել եմ, մի երկու-երեք անգամ էլ զբաղեցրել եմ  2-րդ տեղ: Հիմա, չեմ խաղում, թեեւ մրցաշարը սիրողական է: Բայց ուրախ եմ, որ կազմակերպիչներն ինձ հրավիրել են՝ ներկա լինել (2014 թվականից հետո այս մրցաշարը չէր կազմակերպվել: Ա.Հ.)», – ասաց դիվանագետը:

Հարցին, թե ի՞նչ են տալիս այսպիսի մրցաշարերը, պարոն Չարխչյանը պատասխանեց. «Խթանում են դիվանագետների համագործակցությունը, ստեղծում են ընկերական մթնոլորտ: Ինչո՞ւ չէ, երբեմն այսպիսի հանդիպումների ընթացքում նաեւ լուրջ հարցեր են քննարկվում անկաշկանդ պայմաններում: Եվ որ ամենակարեւորն է՝ կոփում են առողջությունը: Գիտե՞ք, դրսում աշխատելիս նկատել եմ, որ մարդիկ ինքնաբուխ են զբաղվում իրենց առողջությամբ: Հայաստանում վերջին տարիներին են սկսել ակտիվորեն առողջ ապրելակերպ քարոզել: Եվ պատկերացրեք, տեղաշարժ կա, ինչը ողջունելի է»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031